Ի՞նչ երաշխիք, որ եթե սահմանը բացվի,  Թուրքիան օրերից մի օր չի ասի փակեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը. Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

– Պարո՛ն Իսպիրյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Lider Haber TV-ի եթերում անդրադարձել է «Նեմեսիս» գործողությանը նվիրված աղբյուր-հուշակոթողի տեղադրմանը Երևանում՝ նշելով, որ իրենք դա չեն ընդունում ու կարևոր քայլեր են անելու, որպեսզի Հայաստանը, ըստ էության, ապամոնտաժի այն։ Այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, սա ինչի՞ մասին է խոսում։

– Այդ հուշարձանի տեղադրումից հետո՝ ընդամենը օրեր առաջ, առանց որևէ պաշտոնական հայտարարության, իմացանք, որ Թուրքիան փակել է օդային տարածքը, հետո դա մեկնաբանեց Թուրքիայի արտգործնախարարը, որ իրենք են փակել բոլոր օդանավերի, այդ թվում՝ վարչապետին սպասարկողի համար, բացառություն եղավ միայն Ալեն Սիմոնյանի օդանավը, որը պետք է մասնակցեր Սևծովյան տնտեսական համագործակցության  խորհրդարանական վեհաժողովին։ 

Այդ ժամանակ դեռ Չավուշօղլուն ասաց, որ կատարվածն անպատասխան չեն թողնելու, և առաջին քայլը օդային սահմանը փակելն էր։ Երեկ՝ հերթական հարցազրույցի ժամանակ, Չավուշօղլուն, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է հետևյալը․ «Այդպես չի կարող շարունակվել, որ մեր ադրբեջանցի եղբայրներին, սպաներին 1920-ականներին սպանողների պատվին հուշարձան տեղադրվի, դրա մասին մենք թե՛ բանագնացի, թե՛ այլ խողովակներով փոխանցել ենք հայկական կողմին ու հետքայլ չենք անելու։ Մենք նախագահ Էրդողանի հետ քննարկում ենք Հայաստանի դեմ կիրառվելիք քայլերը»։ 

Այս ամենը նշանակում է, որ մենք մեր երկիրը հասցրել ենք այնպիսի վիճակի, որ թույլ ենք տալիս Թուրքիային խառնվել մեր ներքին կյանքին։ Եթե այսպես շարունակվի, վաղը գուցե Թուրքիան պահանջի նաև չնշել ապրիլի 24-ը՝ որպես սգո օր և այլն։ Երկար տարիներ նման հուշարձաններ տեղադրվել են Հայաստանի տարբեր վայրերում, բայց Թուրքիան երբեք նման հայտարարություն չի արել, իսկ հիմա ուղիղ խառնվում է մեր ներքին գործերին, ավելին՝ երեխայական քմահաճույքով փակում է օդային տարածքը։ 

Ի՞նչ երաշխիք, որ եթե սահմանը բացվի, օրերից մի օր չի ասի, օրինակ՝ փակեք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, թե չէ սահմանը փակում եմ։ Թուրքիայից ամեն բան սպասելի է, նա վստահելի գործընկեր չէ։

– Այսինքն՝ Թուրքիայի նման վարքագիծը հետևանք է ՀՀ իշխանության թերացումների՞։

– Սա հետևանք է նրա, որ ՀՀ իշխանությունը շատ մեղմ է վերաբերվում Թուրքիային, այսինքն՝ իրենք մտածում են, թե Թուրքիան այնքան լավն է, որ իրենց զիջումները Թուրքիան կգնահատի, ու ամեն ինչ շատ լավ կլինի, բայց Թուրքիան այդ երկիրը չէ։ Որքան Թուրքիային ու Ադրբեջանին զիջես, այնքան իրենք ընդարձակվելու են։ Ցավոք, մեր համապատասխան մարմիններն այդ ամենը լավ չեն հաշվարկել։ Ես միշտ եմ ասել՝ ինչքան զիջեք, այնքան առաջ են գալու։

 – Նմանատիպ հայտարարության համար որքանո՞վ հիմք հանդիսացավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե դա եղել է տեղական ինքնակառավարման մարմնի որոշում, որից իրենք տեղյակ չեն, ու, ըստ էության, սխալ է համարում այդ քայլը։

– Չավուշօղլուն նաև դրան անդրադարձավ՝ նշելով, որ դա իրենց համար պատասխան չէ։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ ՀՀ իշխանությունը պետք է հաշվետվություն ներկայացնի Թուրքիային՝ ի՛նչ անել, ի՛նչ չանել։ Սա շատ ծիծաղելի ու նվաստացուցիչ վիճակ է․ մեր դեմ պատժամիջոց է կիրառում մեզ ցեղասպանած, 30 տարի շրջափակման ենթարկած, մեր դեմ տարբեր հարթակներում պայքարած երկիրը։ 

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ հայկական կողմը որոշի ապամոնտաժել այս հուշարձանը, պարո՛ն Իսպիրյան։

– Անկեղծ ասած, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ամեն ինչ անկանխատեսելի է։

– Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում։

– Քանի որ այդ պատվիրակությունը Թուրքիայում էր ոչ թե հարաբերությունների կարգավորման շրջանակներում, այլ կոնկրետ նպատակով, պետք չէ այդ այցը կապել հարաբերությունների կարգավորման հետ, բայց քանի որ զուգահեռ ընթանում է հարաբերությունների կարգավորման գործընթաց, բնականաբար Ալեն Սիմոնյանը չէր կարող անմասն մնալ դրանից։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ու ընդհանրապես տեղի ունեցողը մեր իշխանությունների որդեգրած քաղաքական գծի մեջ են տեղավորվում։

– Պարո՛ն Իսպիրյան, թեև մասնագետները, այդ թվում՝ դուք, հարաբերությունների կարգավորման գործընթացի հենց սկզբում հայտարարել են, որ Թուրքիան այս գործընթացը չի վարում առանց նախապայմանների, սակայն կողմերը հակառակն էին պնդում։ Արդյոք Չավուշօղլուի այս հայտարարությունը չի՞ հերքում կողմերի այդ հայտարարությունները։

– Բայց Թուրքիան երբեք չի թաքցրել, որ նախապայմաններ ունի, դրանցից գլխավորը, ինչպես ասացիք, ի սկզբանե ասել ենք՝ Արցախի հարցն է։ Մինչև հիմա չկա այդ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց, որովհետև Թուրքիան սպասում է արցախյան հարցի հանգուցալուծմանը՝ հօգուտ Ադրբեջանի։ Ընթացիկ նախապայմանների պակաս էլ, ինչպես տեսնում ենք, չի զգացվում։ Ես միշտ եմ ասել, որ ՀՀ գործող իշխանությունը անհիմն լավատես է Թուրքիայի նկատմամբ, անհիմն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am