Բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի հայտարարությունը․

Խորը մտահոգությամբ տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին: Անվանի բժշկին առաջադրված մեղադրանքները մեծապես տարակուսելի են, և կալանավորման կայացված որոշումը՝ խիստ անհամաչափ, ինչի մասին փաստում են բազմաթիվ հեղինակավոր իրավագետներ։ Ստեղծված իրավիճակում բժշկի նկատմամբ իրականացված գործողությունները առերևույթ դժվար է բնութագրել այլ կերպ, քան հալածանք և անհիմն հետապնդում, ինչը միանշանակորեն դատապարտելի է։ 

Պատկան կառույցներին հորդորում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ նկատի ունենալով նրա առողջական ոչ բարվոք վիճակը և նրա խնամքի տակ գտնվող անչափահաս երեխայի հանգամանքը։

Վաստակաշատ բժիշկ Արմեն Չարչյանը ամենածանր և դժվարին իրավիճակներում փրկել է հազարավոր կյանքեր և այսօր էլ, գլխավորելով Մայր Աթոռի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը, շարունակում է իր անմնացորդ ծառայությունը բերել մեր ժողովրդին և հայրենիքին։ Այժմ, կալանքի ծայրահեղ միջոցի կիրառմամբ, վտանգված է նրա  առողջությունը, ինչպես նաև բացառվել է նրա օժանդակությունը մարդկանց կյանքի և առողջության պաշտպանության հարցերում։ 

Վստահ ենք, որ քրեական գործով նախաքննությունը կարելի է անցկացնել առանց բժիշկ Արմեն Չարչյանին հասարակությունից մեկուսացնելու: