Կրթությունը Covid 19-ի պայմաններում. ի՞նչ կանոնների են հետևում աշակերտներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում. Fip.am

Սեպտեմբերի 15-ից Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ՝ քննարկումների մեծ ալիք սկսվեց կիրառվող հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: 

Դասապրոցեսը հանրապետությունում իրականացվում է Առողջապահության նախարարության մշակած հակահամաճարակային կանոններով, ըստ որոնց՝ բոլոր դասարանների աշակերտների համար պարտադիր է դիմակ կրելը և այլն։  

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մի շարք երկրների՝ նոր ուսումնական տարում ուսուցումը կազմակերպելու փորձը՝ պարզելու, թե արդյո՞ք այն տարբերվում է Հայաստանում կիրառվող կանոններից:

ԱՀԿ-ի ուղեցույցը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է համավարակի ընթացքում դպրոցների վերաբացման վերաբերյալ ուղեցույց: Ըստ դրա՝ դասարանները պետք է ապահովված լինեն ախտահանիչ նյութերով, իսկ դիմակների կրումը պարտադիր լինի այն դեպքերում, երբ 1 մետր հեռավորություն պահպանել հնարավոր չէ: Ավելին՝ դպրոցները պարտավոր են ապահովել դիմակների հասանելիություն աշակերտների և անձնակազմի համար: Դասասենյակները պետք է պարբերաբար օդափոխվեն: 5 տարեկանից ցածր երեխաներից չպետք է պահանջվի դիմակ կրել: 6-11 տարեկան երեխաների դեպքում դիմակի կրելը պարտադիր դարձնելու մասին որոշումը պետք է կայացվի՝ գնահատելով ռիսկերը, այդ թվում՝ տվյալ բնակավայրում վարակի տարածվածությունը և երեխայի վրա դիմակի կրման հոգեբանական ազդեցությունը: 12 տարեկանից բարձր երեխաները պարտավոր են հետևել դիմակի կրման պետական կանոններին: 

Հակահամաճարակային կանոնները հայաստանյան դպրոցներում

Առողջապահության նախարարության հակահամաճարակային կանոնների համաձայն՝ կրթական հաստատություն մուտքն առանց դիմակի արգելվում է, այսինքն՝ դիմակ պետք է կրեն թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները: Տնօրինությունը պետք է ապահովի ջերմաչափում և ախտահանիչ միջոցներ: 

https://www.facebook.com/watch/?ref=external&v=678998399366402

Դասասենյակները պետք է օդափոխվեն օրը երեք անգամ և ախտահանվեն 2 անգամ:

Յուրաքանչյուր դասարանում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20-ը:

Դպրոցական բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է:

Դասարանները բաժանվում են խմբերի՝ ելնելով 1.5 մետր սոցիալական հեռավորություն ապահովելու հնարավորություններից:

Դասամիջոցների ընթացքում սովորողները չպետք է լքեն դասասենյակը։

Սովորողները դասին մասնակցում են տեղից, իսկ գրատախտակի մոտ կանչելն արգելվում է:

Ավելին՝ դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների իրականացումը, խմբակների գործունեությունը և այլն։

Այլ երկրների փորձը

Վրաստանում դպրոցներում դասերի անցկացումը հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը՝ վերջին օրերին կորոնավիրուսով վարակակիրների քանակի աճի հետևանքով: Սեպտեմբերի 15-ից դրանք իրականացվում են հեռավար կարգով: Դիմակների կրումը պարտադիր չի լինելու, սակայն երեխաների միջև հեռավորությունը 2 մետր պետք է լինի, իսկ եթե ուսուցիչները չկարողանան պահել այդ հեռավորությունը, պետք է դիմակ կրեն: Դպրոց մտնելուց առաջ և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները պետք է ջերմաչափվեն։

Գերմանիայում հակահամաճարակայի կանոնները տարբեր են երկրամասից երկրամաս։ Ամենուր, սակայն, պարտադիր են դիմակների կրումը, սոցիալական հեռավորության և հիգիենայի պահպանումը, ինչպես նաև սովորողների խմբերը չպետք է փոփոխության ենթարկվեն:

Մասնավորապես, ամեն դասարանում պետք է ապահովվի ախտահանիչների, մաքրող սանիտարական սարքավորումների առկայությունը և պարբերական օդափոխությունը:

Երկրամասերի մեծ մասում դիմակների կրումը պարտադիր է միջանցքներում և դասամիջոցի ժամանակ, սակայն ոչ դասապրոցեսի ընթացքում: Դիմակները պարտադիր չեն տարրական դասարանների երեխաների համար, քանի որ, ըստ պաշտոնյաների, այդ տարիքում երեխաներն ի վիճակի չեն դիմակները ճիշտ կրել, և վերջիններս կորոնավիրուսի համար ոչ ռիսկային խմբում են գտնվում:

Սակայն կան երկրամասեր, որտեղ պարտադիր են դիմակները բոլոր դպրոցներում՝ տարրական և ավագ, միջանցքներում և դասապրոցեսի ընթացքում:

Ռուսաստանում ուսուցիչների համար դիմակների կրումը պարտադիր է, իսկ աշակերտների համար՝ ոչ: Դասերը սկսվել են սեպտեմբերի 1-ից: 

Ֆրանսիայում դիմակները պարտադիր են 11 տարեկանից բարձր աշակերտների համար՝ անգամ դասապրոցեսի ժամանակ և անգամ այն դեպքերում, երբ սոցիալական հեռավորություն հնարավոր է պահել: Հատկանշական է, որ ուսուցիչների և պետական այլ աշխատողներին պետությունն է ապահովելու դիմակներով, իսկ աշակերտները պետք է իրենք հոգան իրենց դիմակների ծախսերը: 

Միացյալ Թագավորությունում դիմակները պարտադիր կլինեն այն շրջանների միջնակարգ դպրոցներում, որտեղ հայտարարված է «լոքդաուն»: Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում երեխաները դիմակ կդնեն միայն ընդհանուր տարածքներում, բայց ոչ դասարաններում:

ԱՄՆ-ում չկա որևէ միասնական կանոն դպրոցներում դիմակ կրելու վերաբերյալ: Ամեն նահանգ ինքն է որոշում անվտանգության միջոցառումների կազմակերպումը: Այսպես, Մինեսոտա նահանգում դիմակի կրումը պարտադիր է դպրոցում գտնվող բոլոր անձանց համար: Դրանք ժամանակավորապես կարող են հեռացվել միայն ուտելու ընթացքում: Նյու Յորքում նույնպես դիմակների կրումը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտն ունի առողջական խնդիրներ։

Իտալիայում գրեթե 6 ամիս տևած դադարից հետո սեպտեմբերի 14-ին վերսկսվել են դասերը գրեթե բոլոր շրջաններում: Բացման նախօրեին իսկ կրթարանները բախվել են խոչընդոտների, քանի որ 13,000 ուսուցչի թեսթի պատասխանը դրական է եղել: Ինչ վերաբերում է կանոններին, ապա կառավարությունը թույլատրել է շարունակել որոշ առարկաների անցկացումը առցանց ռեժիմով, սակայն ոչ բոլոր: 6 տարեկանից բարձր աշակերտները և ուսուցիչնե1րը պարտադիր պետք է կրեն դիմակներ, բացառությամբ՝ մարզասրահի: Սեղանների միջև պետք է լինի առնվազն 1 մետր հեռավորություն: 

Չեխիայում աշակերտների համար դիմակի կրումը պարտադիր է դպրոցում՝ միջանցքներում և ընդհանուր սենյակներում, բայց ոչ դասարաններում: 

Այսպիսով, աշխարհում գոյություն չունի միասնական փորձ՝ կորոնավիրուսի պայմաններում դասապրոցեսը կազմակերպելու վերաբերյալ։ Ամեն պետություն և անգամ նահանգ առանձին կարգավորումների է հետևում՝ համապատասխան ազգային կամ ԱՀԿ ցուցումների: Սակայն երկրների մեծ մասում 11 տարեկանից ցածր տարիքային խմբում գտնվող աշակերտների համար դպրոցում դիմակ կրելու պարտադրանք չկա:

Լուսինե Ոսկանյան

Fip.am