«Մարդկանց խուճապային տրամադրությունները, անորոշությունը նպաստում են, որ դոլարի գինը բարձրանա, դրամը արժեզրկվի». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը

– Պարո՛ն Սարգսյան, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով երկու օր Հայաստանի սահմանին ռազմական ակտիվ գործողություններ էին ընթանում, և արդեն երկրորդ օրն է՝ հրադադար է: Խնդրում եմ ներկայացրեք՝ այս իրավիճակը ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի տնտեսության վրա:

– Եթե թշնամին վերադառնա ելման դիրքեր, և հրադադարը չխախտվի, ապա տնտեսական հետևանքները ծանր չեն լինի, իհարկե չպետք է մոռանալ մարդկային ծանր կորուստների մասին: Նաև՝ որոշ ավերածությունները հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ Հայաստանի տնտեսության վրա էական ազդեցություն չի լինի:

Եթե անորոշությունը երկարաժամկետ կտրվածքով պահպանվի, ապա դա կարող է իրական մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա: Նախ՝ զբոսաշրջային հոսքը կավարտվի, հետո՝ ռուս միգրանտների հոսքը կպակասի, ինչը կնպաստի ֆինանսական հոսքերի կրճատմանը: Բնականաբար, մարդիկ հաշվի են առնում այն, որ երկիրը պատերազմի մեջ է, սահմաններին հանգիստ չէ: Բայց սա այն դեպքում, երբ լուծում չգտնվի, ու միջդիրքային մարտերը վերսկսվեն: Ամեն դեպքում իրավիճակը շատ անորոշ է, և հայտնի չէ՝ ինչպես կընթանան զարգացումները:

– Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանի երեք մարզերում, որոնց ուղղություններով այդ երկիրը հարձակում է գործել, շուրջ 200 տուն, շենք-շինություն է վնասվել, սպանվել են ընտանի կենդանիներ: Ճիշտ է, Կառավարությունից ասում են՝ դեռ չեն հաշվառել հասցված վնասը, բայց, ձեր կարծիքով՝ ինչքանո՞վ մեծ ծախս կարող է լինել բյուջեի վրա:

– Բյուջեում յուրաքանչյուր տարի նախատեսվում է պահուստային ֆոնդ հենց չծրագրված ծախսերի համար, որոնք նախօրոք չէին կարող պլանավորել: Այսպիսի օրինակ կարող է լինել քամու հետևանքով բնակչությանը հասցված վնասը: Այդպես է նաև ռազմական գործողությունների դեպքում:

Այո՛, այս անգամ խնդիրը, վնասները կարող են շատ լինել, բայց չմոռանանք, որ մեր բյուջեն նաև լրացուցիչ հարկային եկամուտներ է ստացել: Այսինքն՝ կան միջոցներ: Կարծում եմ՝ մեծ խնդիրներ չի առաջացնի այդ վնասի փոխհատուցումը:

– Շատ լավ, պարո՛ն Սարգսյան, այս օրերին նաև դրամն է արժեզրկվում, դոլարի, եվրոյի փոխարժեքը սկսել է աճել: Ինչո՞վ կարող եք սա բացատրել:

– Ցանկացած խուճապային իրավիճակում մարդիկ ձգտում են արտարժույթ գնել: Կարող է ռազմական գործողություններով պայմանավորված ֆինանսական շուկաներում խառնաշփոթ առաջանալ: Եթե կենցաղային տեսանկյունից նայենք, կարծում եմ՝ դրամի արժեզրկման վրա մարդկանց շրջանում խուճապն է ազդել, այսինքն՝ մարդիկ, ենթադրենք՝ անվտանգության խնդիրներից ելնելով ուզում են Հայաստանից գնալ ու իրենց ունեցած դրամը փոխում են՝ դարձնելով արտարժույթ: Դա, իհարկե, վատ է, տհաճ երևույթ է, բայց հենց այդ խուճապային տրամադրություններն են ազդել դրամի արժեզրկման վրա:

– Այսինքն՝ ձեր դիտարկումները ցույց են տալիս, որ դրամի արժեզրկման վրա ազդում են միայն խուճապային տրամադրություննե՞րը:

– Այո՛, տեսեք՝ այս օրերի ընթացքում միջազգային շուկայում ոչ ԱՄՆ դոլարն է արժևորվել, ոչ էլ այլ խնդիր կա: Ավելի շատ քաղաքացիների կողմից դոլարի նկատմամբ պահանջարկ է ներկայացվել: Ավելի վաղ ինչո՞ւ էր դոլարի գինը նվազել, որովհետև պահանջարկ չուներ, քանի որ մեծ քանակի դոլար էր մտնում Հայաստան: Հիմա, երբ ռազմական սպառնալիք կա, անորոշությունը մեծ է, մարդիկ փորձում են ունեցած դրամով դոլար գնել: Դե, մարդիկ արտերկիր ինչո՞վ են գնում՝ դոլարով կամ եվրոյով: Միակ խնդիրը սա է՝ մարդկանց խուճապային տրամադրությունները:

Կարծում եմ՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, դոլարի փոխարժեքը կնվազի:

– Սահմանային էսկալացիան կարո՞ղ է արտահանման-ներմուծման վրա ազդել:

– Ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման վրա կարող է մասնակի ազդել, այն էլ՝ դեպի Իրան ու Իրանից Հայաստան ուղղությամբ բեռնափոխադրումների վրա: Դեպի Իրան արտահանումը և Իրանից ներմուծումը վտանգված է, որովհետև այդ ճանապարհը թիրախի տակ է, և վարորդները, հնարավոր է՝ անվտանգությունից ելնելով բեռնափոխադրում չիրականացնեն:

Բայց դեպի հյուսիս ճանապարհների հետ կապված խնդիր չկա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am