Տիգրան Ուրիխանյանը պատասխանատուներին հորդորել է ուշադիր հետևել ձայների հաշվարկի գործընթացին

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության առաջին համար Տիգրան Ուրիխանյանը հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է Կենտրոն վարչական շրջանի 9/17 ընտրատեղամասում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրիխանյանը հատկապես կարևորել է հաշվարկի գործընթացը՝ շեշտելով, որ այն պետք է լինի օրենքի տառին համապատասխան:

«Նախազգուշացումներ ենք տարածել դեռ օրվա սկզբից, որ խստագույնս պատժվում են բոլոր նրանք, ովքեր կփորձեն խախտել օրենսդրությունը և կարգը»,-ընդգծել է Ուրիխանյանը:

Նա լրատվամիջոցների օգնությամբ այլ քաղաքական ուժերին, իշխանությանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հորդորել է հատկապես ուշադրություն դարձնել հաշվարկին: «Մենք մեր հերթին խոտագույնս հետևելու ենք դրան»,-ասել է Ուրիխանյանը:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 միլիոն 593 հազար 572 ընտրող։