Սեուտայի դասերը․ միգրացիան՝ որպես հիբրիդային պատերազմի և շանտաժի զենք

Միգրացիոն հոսքերը գնալով ավելի հաճախ են օգտագործվում որպես այլ երկրների վրա քաղաքական ճնշման և շանտաժի գործիք։ Դրա օրինակներից մեկը Իսպանիային պատկանող Սեուտայի շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ Մարոկկոյից հազարավոր մարդիկ փորձել են հատել ԵՄ արտաքին սահմանը։

Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ Սեուտայի դեպքերը Եվրոպայում նորից ակտիվացրել են «միգրացիոն զենքի» կիրառման վերաբերյալ քննարկումները։

Սեուտան Իսպանիայի ինքնավար քաղաք է Հյուսիսային Աֆրիկայում՝ Մարոկկոյի սահմանին։ Իսպանացի փորձագետների գնահատմամբ՝ մարդկանց զանգվածային շարժը դեպի սահման կարող է օգտագործվել Մադրիդի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Մարոկկոյի իրավապահները, որոնք սովորաբար խիստ վերահսկում են սահմանային գոտին, որոշ դեպքերում չեն կանխում միգրանտների զանգվածային շարժը դեպի Սեուտա։ Մարոկկոյի իշխանությունները հերքում են նման մեղադրանքները։

DW-ն հիշեցնում է, որ միգրացիոն հոսքերի օգտագործումը որպես քաղաքական ճնշման միջոց նոր երևույթ չէ։ Նման իրավիճակ էր ստեղծվել նաև 2021 թվականին Բելառուսի և Լեհաստանի, Լիտվայի ու Լատվիայի սահմաններին։ Եվրամիությունն այն ժամանակ Մինսկին մեղադրում էր Մերձավոր Արևելքից միգրանտներին Բելառուս տեղափոխելու և նրանց ԵՄ սահմաններ ուղղորդելու մեջ։

Նյութում հիշատակվում է նաև Լիբիայի օրինակը։ Երկրի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին Եվրոպայի հետ հարաբերություններում բազմիցս օգտագործել է դեպի ԵՄ միգրացիոն հոսքերը զսպելու թեման՝ դրա դիմաց ֆինանսական աջակցություն պահանջելով։

Փորձագետների գնահատմամբ՝ նման մեխանիզմը կարող է հատկապես արդյունավետ լինել եվրոպական երկրների նկատմամբ, քանի որ զանգվածային միգրացիան ոչ միայն սահմանային և հումանիտար խնդիրներ է ստեղծում, այլև ներքաղաքական լարվածություն ու հասարակական դժգոհություն առաջացնում։