Շուրջ 1100 առանց ուղեկցության երեխա մնացել է Սեուտայում․ Իսպանիան փորձում է նրանց տեղափոխել

Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Սեուտա անկլավում շուրջ 1100 առանց ծնողների կամ այլ չափահաս ուղեկցի անչափահաս է մնացել՝ Մարոկկոյից միգրանտների զանգվածային ներհոսքից հետո։ Տեղական իշխանությունները դիմել են Իսպանիայի կառավարությանը՝ խնդրելով երեխաներին տեղափոխել երկրի մայրցամաքային շրջաններ, հայտնում է Reuters-ը։

Վերջին օրերին շուրջ 72 հազար մարդ է Մարոկկոյից անցել Սեուտա։ Նրանց մեծ մասը հետագայում վերադարձել է Մարոկկո, սակայն անչափահասներին նույն ընթացակարգով վերադարձնել հնարավոր չէ։ Նրանց մի մասը Սեուտա է հասել վերջին զանգվածային անցումների ժամանակ, մյուսներն այնտեղ էին դեռ ավելի վաղ։

Սեուտայի ընդունման կենտրոնները գերբեռնված են։ Reuters-ի փոխանցմամբ՝ երեխաներից մի քանիսը ստիպված են գիշերել ժամանակավորապես հարմարեցված պահեստներում կամ նույնիսկ փողոցում, իսկ տեղացիներն ու բարեգործական կազմակերպությունները նրանց սնունդ, հագուստ և ժամանակավոր կացարան են տրամադրում։

Իսպանիայում 2025 թվականին ընդունված փոփոխություններով նախատեսվում է առանց ուղեկցության անչափահասներին ծանրաբեռնված շրջաններից վերաբաշխել երկրի այլ հատվածներ։ Սակայն գործընթացը դանդաղում է փաստաթղթավորման, երեխաների ինքնության հաստատման, ինչպես նաև որոշ շրջանների քաղաքական դիմադրության պատճառով։

Մարոկկոն օգոստոսի 6-ին հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել Իսպանիայի և եվրոպական մյուս երկրների հետ երեխաների ինքնությունը պարզելու և նրանց հնարավոր վերադարձը կազմակերպելու հարցում։