Սևանա լիճը կրկին «կանաչելու» վտանգի առաջ է

Սևանա լճում արդեն նկատվում է «կանաչելու» միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիսի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե բնապահպաններն ահազանգում են, որ այս տարի ևս Սևանա լիճը կարող է  կանաչել:

«Ցավոք, այո, իրականությունը դա է: Արդեն նկատվում են որոշակի նման տենդենցներ, և կունենանք կանաչելու երևույթը, թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի և ինչքան կտևի, այս պահին կդժվարանամ ասել: Մասնագետները կգնահատեն»,-ասաց Սանոսյանը:

Նա նշեց՝ ցավոք, տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել գործընթաց, որի արդյունքներն ենք քաղում:

«Կապտականաչ ջրիմուռների աճը իսկապես լրջագույն խնդիր է: Եվ, ցավոք, այնպիսի վիճակում է, որ մենք չենք կարող ասել, որ խնդիրը, ենթադրենք, 2020-ին կլուծենք և 2021-ին չենք ունենա: Դա տարբեր պատճառներ ունի՝ օբյեկտիվ, սուբյեկտիվ, մարդածին, բնածին: Դրա համար ամենագլխավոր քայլը ափամերձ անտառաշերտը մաքրելն է, որը հայտնվել է կամ հայտնվելու է լճի մեջ»,-ասաց մարզպետը:

Անդրադառնալով աղբահանությանը՝ մարզապետն ասաց, որ երբ նշանակվել է մարզպետ, մարզի 26 համայնքում է ընդամենը կենտրոնացված աղբահանություն է եղել, հիմա 41 համայնքում կա կենտրոնացված աղբահանություն։ «Այսինքն՝ մենք հստակ աշխատանք ենք տարել այդ ուղղությամբ, քանի որ համարել ենք, որ մարզի մի շարք համայնքներից գետերի միջոցով կարող է որոշակի աղբ հասնել Սևանա լիճ: Համայքներ կան, որտեղ մասնակի է իրականացվում կենտրոնացված աղբահանությունը: Մարզում այս պահին միայն 6 փոքր լեռնային համայնքներ կան, որտեղ չկա աղբահանությունը»,-ասաց նա ու նշեց՝ ափամերձ օբյեկտներ կան, որոնք մաքրման կայաններ չունեն:

Անդրադառնալով ձկան որսին՝ Սանոսյանը կարծիք հայտնեց, որ ոչ թե ընդհանրապես պետք է արգելել ձկան որսը, այլ այդ որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին: