Սպասում ենք 9 թեստի պատասխանի. Փաշինյանն ամփոփեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովում սպասում են 9 թեստի պատասխանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց ՀՀ վարչապետը՝ ամփոփելով հանձնաժողովի նիստի արդյունքները: «Այդ թեստերի պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: «Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք:  Բայց, եթե հաստատվեն, դա որևէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետև պետք է արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է»,- ասաց վարչապետը:

Վարչապետն արձանագրեց, որ մարտի 1-ից հետո իրադրության նեգատիվ որևէ փոփոխություն չկա, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չկա. «Այս ընթացքում կասկածելի մի քանի դեպքեր ախտորոշվել են, և պատասխանը բացասական է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձի ինքնազգացողությունը լավ է.

«Նա ջերմություն է ունեցել, հետո ջերմությունը ինքն իրեն իջել է, հիմա ուղղակի մարդը բժշկական կենտրոնի սենյակում հեռուստացույց է նայում: «Գոլդեն փելես» հյուրանոցում գտնվող անձանց մոտ նույնպես որևէ ախտանշան ի հայտ չի եկել, ջերմություն չունեն, ինքնազգացողության հետ կապված խնդիրներ չունեն: Երեկվա ընթացքում մենք երեք-չորս կասկածելի դեպք ենք ախտորոշել, բոլորը բացասական են եղել»,- նշեց վարչապետը: