Եթե Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը, հետեւանքները անշրջելի եւ անխուսափելի կլինեն. Որոշումների սպասելիս

Եթե Հայաստանը չճանաչի  ԼՂՀ անկախությունը, հետեւանքները անշրջելի եւ անխուսափելի կլինեն. Որոշումների սպասելիս
Եթե Հայաստանը չճանաչի ԼՂՀ անկախությունը, հետեւանքները անշրջելի եւ անխուսափելի կլինեն. Որոշումների սպասելիս

Թե որքանո՞վ է հնարավոր ներկա պահին ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, քննարկումների առիթ դարձավ վերջին զարգացումների ֆոնին, երբ Ադրբեջանը Բաքվում ազատություն պարգեւեց եւ հերոսացրեց 2004-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած եւ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին:
Տեղի ունեցածը կրկին անգամ ալեկոծեց հասարակությանը, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը նույնը օրը հայտարարեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին:
Թեեւ «Ժառանգության» կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը նախկինում երկու անգամ ներկայացվել է ԱԺ քննարկմանը, սակայն պատգամավորների մեծամասնությունը պատճառաբենելով «ոչ պատեհությունը» դեմ է քվեարկել:
Իշխող տրամադրությունների ֆոնին, արդեն մի քանի օր տարբեր ամբիոներից սկսեցին հնչել անհապաղ Հայաստանի` ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

«Այս անգամ Սաֆարովի դեպքը, որը ապտակ էր հայ դիվանագիտությանը, դաս կլինի, քանի որ հայ ժողովրդի գլխին կանգնած պատերազմի սպառնալիքը` Արցախի անկախություն չճանաչման հետեւանք է, եւ եթե այս անգամ էլ չճանաչեն, դա կարող է ոչ միայն անխուսափելի այլեւ անշրջելի հետեւանքներ ունենալ»,-«Մեդիալաբին» ասում է «Ժառանգություն» կուսակցության անդամ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ստեղծված իրավիճակում դժվար է ասել, այնուամենայնիվ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը կճանաչվի՞, թե՞ ոչ:

«Դժվար է ասել կճանաչեն ԼՂՀ անկախությունը, թե՞ ոչ: Բայց հասարակության մեջ այսօր հարց է առաջացել, թե ինչպես կարելի է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել, երբ նրանք մարդասպանին հերոսի կոչում են տալիս: Հայաստանը կարծում եմ պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, շարունակելով բանակցությունները Ադրբեջանի հետ, եթե իհարկե Ադրբեջանը համաձայնվի այդ տարբերակին»,-«Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Սակայն, ի տարբերություն քաղաքագետներին՝ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ նման քայլից հետո «շատ դժվար կլինի վերսկսել բանակցությունները եւ փորձել ադրբեջանական կողմի հետ ինչ-որ հարցեր քննարկել»:

Նա կարծում է, որ ԼՂՀ անկախացման սկիզբը պետք է դնի ինքը` Հունգարիան:

«Որովհետեւ Հունգարիան կատարել է շատ անվայել մի քայլ, սարսափելի գործարք է կնքել, որը հարվածում է ժողովրդավարական նորմերին, բարոյականությանը եւ, ընդհանրապես, որեւէ բացատրություն չի կարելի տալ նման գործարքին, հետեւաբար որպեսզի իր մեղքը քավի, Հունգարիան պետք է ճանաչի Արցախի անկախությունը: Այնուհետ այդ շքերթը կսկսվի: Կարծում եմ, որ Հայաստանը չպետք է լինի առաջին պետությունը, որը այն կճանաչի, որովհետեւ սա արդեն իսկ կնշանակի բանակցային գործընթացի դադարեցում»,-ասել է Բաբայանը:

Նմանատիպ մի միտք արտահայտել էր երեկ` ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` իր գրասենյակի կողմից տարածած հաղորդագրությամբ:

«Եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին եւ հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարա¬բա¬ղի Հանրապետության ճանաչումը»,-ըստ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրության ասել է նա:

© Medialab.am