«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «+374» քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեգին Միսկարյանը
-Պարո՛ն Միսկարյան, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ։ Դրանով առաջարկվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։
Պարզ ասած՝ պետությունը կունենա համակարգ, որտեղ կկուտակվեն տվյալներ հեռախոսների եզակի կոդերի, դրանց օգտագործողների, SIM/eSIM քարտերի և հեռախոսների շրջանառության մասին։
Ոլորտի մասնագետները զգուշացնում են, որ սա կարող է դառնալ մարդկանց նկատմամբ լայն վերահսկողության գործիք։ Հատկապես մտահոգիչ է՝ ով, ինչ հիմքով և ինչ վերահսկողության մեխանիզմներով է հասանելիություն ունենալու այդ տվյալներին։
Դուք ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը․ հիմնավորումները համոզի՞չ են, թե՞ այստեղ իսկապես կան անձնական տվյալների պաշտպանության, գաղտնիության և մարդու իրավունքների լուրջ ռիսկեր։
– Նախագծի հիմնավորումը, թե սա կօգնի զսպելու գողությունը, բացարձակ բավարար չէ, ես մի քանի դեպք գիտեմ, որ հեռախոսի գողությունից հետո մարդիկ IMEI կոդով ներկայացել են ոստիկանություն, բայց այդ հեռախոսները մինչև հիմա չեն գտել: Իհարկե սա ինչ-որ չափով կարող է զսպել գողերին, բայց այս օրենքը եթե ընդունվի, հուսով եմ, որ չի ընդունվի, դրա վնասներն ավելի շատ են լինելու, քան օգուտը:
Նախ՝ այնտեղ գողության հետ կապված ինչ-որ սահմանաչափ կա, այսինքն՝ օրենքը պարտադրելու է բոլոր գնային կատեգորիաների հեռախոսները գրանցել, ու կա ինչ-որ սահմանաչափ, որի դեպքում մարդկանց բռնում ու բաց են թողնում, այսինքն՝ եթե բռնեն էլ, միևնույն է, բաց են թողնելու: Հետևաբար ասել, թե սա արվում է հեռախոսների գողությունը կանխելու համար, առհասարակ համամիտ չեմ: Սա ավելի շատ արվում է քաղաքացիներին նույնականացնելու ու մարդու կոորդինատներին հետևելու նպատակով: Ես համարում եմ, որ սա հակաժողովրդավարական քայլ է, ավտորիտար համակարգին մոտեցնելու հերթական փորձ:
Նախագիծն՝ այստեղ
– Ո՞րն է նպատակը:
– Նպատակը ամեն ինչը կառավարելի պահելն է: Հիմա է, որ ընդդիմություն կոչվածը, այն մասը, որ ռեսուրս ու ազդեցություն ունի, կարող ենք ասել ծառայում է ռուսական շահին, բայց հետագայում, երբ առողջ գաղափարական ուժեր ձևավորվեն, այս նույն մեթոդները ու զսպման միջոցները օգտագործվելու են այդ մարդկանց նկատմամբ:
Խնդիրն այն է, որ այսօրվա խնդիրները լուծելու համար չպետք է ստեղծել նախադրյալներ, որ Հայաստանում այդպես էլ այդ քաղաքական դաշտը չկայանա: Գիտենք, թե մինչ այժմ ինչպես է Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցել, ու ես չէի ուզի, որ մենք բաց թողնենք այն հնարավորությունը, որը ձեռք ենք բերել 2018-ին՝ ձևավորելու իրապես բազմակարծիք խորհրդարան ու գաղափարական բանավեճ և արժեքներ կրող խորհրդարան, որ մենք նորից վերադառնանք «հին ու բարի ժամանակները», երբ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը նույն տեղից էին կառավարվում:
– Եթե այս օրենքը սկսի գործել, կարո՞ղ ենք ասել, որ այն մարդու իրավունքների խախտում է:
– Չէի ասի, թե ուղիղ խախտում է, որովհետև մարդու տեղաշարժը ֆիքսելը հիմա տեսախցիկներով էլ են անում, հատուկ ծրագրեր կան, որ մեր կառավարությունը գնել էր, ու օգտագործում էին տարբեր պաշտոնյաներին գաղտնալսելու համար: Ենթադրում եմ, որ գցել-բռնել են ու հասկացել, որ այդ ծրագիրն ավելի թանկ է, քան այս ճանապարհով մարդկանց հետևելը, ու որոշել են խնայել: Որ ասենք, թե ինչ-որ կոնկրետ կոնվենցիա է խախտվում, չէ, բայց մեր ազատությունները սահմանափակվում են պետության կողմից, ինչը շատ վատ է:
-Պարո՛ն Միսկարյան, այստեղ անվտանգային ռիսկ չե՞ք տեսնում։ Եթե հեռախոսների, դրանց օգտագործողների և SIM/eSIM քարտերի մասին տվյալները հավաքվում են մեկ միասնական շտեմարանում, դա ինքնին կարող է դառնալ խոցելի թիրախ։
Մեր օրերում կիբեռհանցագործությունները շատացել են, իսկ պետական կամ մասնավոր համակարգերի կոտրման դեպքերը հազվադեպ չեն։ Ի՞նչ երաշխիք կա, որ նման շտեմարանը չի կոտրվի, տվյալները չեն արտահոսի կամ չեն օգտագործվի մարդկանց դեմ։
– Ես չգիտեմ, թե այդ տվյալներն ով է հավաքելու, եթե դրանք հեռախոսային օպերատորներն են անելու, մի բան է, եթե վաճառող ընկերություններն են անելու՝ այլ բան է, եթե Կենտրոնական բանկն է անելու, լրիվ ուրիշ բան է: Գոնե ինձ հայտնի չէ, թե որտեղից է այս գաղափարն առաջ եկել, ու որտեղ են հավաքվելու այդ տվյալները: Այո՛, եթե դրանք հավաքվելու են մի տեղ, ապա դա շատ վատ է ու վտանգավոր: Մյուս կողմից՝ նրանք սա կարող են արդարացնել տեռորիզմի դեմ պայքարով և այլն: Սովորաբար ավտորիտար պետությունները նման սահմանափակումներ մտցնելու ժամանակ նման հիմնավորումներ են բերում, Հայաստանը սակայն այն երկիրը չէ, որտեղ ահաբեկչական խմբավորումներ են գործում, որոնց բացահայտելու համար պետք է հանրապետության ժողովրդի շարժը վերահսկողությա տակ պահել:
– Ի՞նչը կարող է Կառավարությանը ստիպել, որ այս նախագիծը չհաստատի:
– Հույս ունեմ, որ հանրային ճնշումը, որը դեռ այդքան ուժգին չէ, քանի որ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է իրենց սպասում, բայց հանրային իրազեկումը թույլ կտա մարդկանց հասցնել, թե ինչ է պատրաստվում անել Կառավարությունը: Կա՛մ իրենք կհասկանան, որ այն, ինչ իրենք պատրաստվում էին անել, իրականում իրենց էլ պետք չէ, կա՛մ էլ հանրությունը կփորձի ճնշում գործադրել, այդ թվում նաև՝ եվրոպական համայնքը, որովհետև դա շատ հակաժողովրդավարական քայլ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















