«Ծառայությունից խուսափածները չպետք է կարողանան դառնալ պատգամավոր, նախարար, անգամ պետծառայող». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը

– Պարոն Բադասյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է, որ երիտասարդը վճարի 10 մլն դրամ և երկու տարի պարտադիր զինծառայության փոխարեն ծառայի ընդամենը մեկ ամիս։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախաձեռնությունը և արդյոք այստեղ վտանգներ տեսնո՞ւմ եք։

– Պատգամավորները, մասնավորապես «Իմ քայլի» պատգամավորները, երբեմն այնպիսի մտքեր են արտահայտում, որ մի պահ հիշում ես հանրապետականներին։ Նույն մակարդակն է, նույն խորթ մտածելակերպը։ Սա հերթական այդպիսի արտահայտություններից մեկն է, որը խորթ է, ազգային արժեհամակարգից դուրս է։ Համոզված եմ, որ նման նախագիծը պարզապես կլինի միայն անհեթեթ արտահայտություն և օրենքի ուժ չի ստանա։ Ես ցավ եմ ապրում, որ Հայաստանի խորհրդարանում նման պատգամավոր կա, որի մտածելակերպը այդքան խղճուկ է, այդքան մանր է։ 

– Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափածները այլևս հնարավորություն չեն ունենա գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից։ Օրենքն արդեն ուժի մեջ է մտել։ Նախկինում կարող էին 27 տարին լրանալուց հետո երիտասարդները վերադառնալ, գումար վճարել ու ազատվել պատասխանատվությունից։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Ես դրան շատ նորմալ եմ վերաբերվում։ 

– Արդյոք սա չի հեռացնի՞ այն անձանց, որոնք դրսում են, 27 տարին լրացել է, բայց չեն կարողանալու վերադառնալ հայրենիք։

– Դրա համար պետք է կամավոր ներկայանան և իրենց ծառայությունն անցնեն սահմանված կարգով։

– Նախկինում շատ պաշտոնյաներ տարբեր զարտուղի ճանապարհներով ազատում էին իրենց զավակներին զինծառայությունից։ Այս առումով ի՞նչ է փոխվել, ի՞նչ վիճակ ունենք այսօր։

– Պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն՝ հոգեբանական, նաև իրական, որ չծառայելը լինի ամոթ և անպատվաբեր՝ լինի շարքային թե պաշտոնյա։ 

Հատկապես պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն բանակում, և դա պետք է լինի ռեալ ծառայություն։ Արցախում միշտ էլ բոլոր պաշտոնյաների երեխաները գնում էին ծառայության, այլ հարց է, թե ինչ ծառայություն էին տանում։ 

Հայաստանում վիճակը մի փոքր այլ է եղել, որովհետև Հայաստանում կային զորամասեր, որոնք, այսպես ասած, բարձր սորտի համար էին։ Այդտեղ զինծառայողներն ամբողջ օրը տանն էին, անունը դնում ծառայություն։ 

Սա պետք է կարգավորվի, որից հետո պետք է այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծվի, որ չծառայած անձանց ամոթանք տրվի։ Օրենքն էլ պետք է շատ խիստ լինի։ Օրինակ՝ կարելի է այնպես անել, որ ԱԺ-ում չհայտնվեն ծառայությունից խուսափածները։ Նրանք չպետք է կարողանան դառնալ պատգամավոր, նախարար, անգամ պետծառայող։ Այդ օրենքը հիմա էլ կա, պարզապես պետք է ամբողջ ծավալով կիրառել։ 

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ փոփոխություններ եք նկատում բանակում վերջին ամիսներին։

– Իհարկե, կան դրական փոփոխություններ, բայց դրանք այնքան չեն, որքան ես կցանկանայի։ Կարելի էր ավելին անել։

– Քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունը քննարկելիս շատերը նշում էին, որ դա ամենից շատ պետք է բանակում կիրառվի, քանի որ բանակում մեծ տեղ է զբաղեցնում այդ ենթամշակույթը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ նախագիծը, նոր օրենքը կկարողանա՞ արմատախիլ անել քրեական ենթամշակույթը բանակից։ 

– Քրեական ենթամշակույթը գոյություն ունի հենց այն զորամասերում, որոնք ռեալ զորամասեր չեն, դրանք ժամանակին սարքել են, որ այնտեղ փող աշխատեն։ Որպեսզի նրանց, ովքեր ուզում են ծառայությունից խուսափել, հավաքեն այդ զորամասերում, անունը դնեն ծառայություն, բայց չծառայեն։ 

Ահա այդպիսի զորամասերում կան նման բաներ, բայց ռեալ ծառայություն անցնող զորամասերում և առաջնագծում չկան նման երևույթներ։ Չեղած բանի դեմ պայքարելը սխալ է։ 

Ես կառաջարկեի, որ նախագիծ մշակողները մոտ լինեին կամ իրազեկված լինեին իրերի իրական դրության մասին։ Օրինակ՝ միջանձնային հարաբերությունները ճշտող ուժային կառույցները պետք է բանակում կրճատել։ Մասնավորապես, կա հրամանատարական հետաքննություն, կա ռազմական ոստիկանություն, կա քննչական համակարգ, կա զինդատախազություն, կա քրեական հետախուզություն, քրեական հակահետախուզություն և այլն։ 

Աշխարհի նորմալ բանակներում կան միայն հրամանատարական հետաքննություն, զինդատախազություն և դատարան։ 

Այսինքն՝ կառույցները երեքն են, իսկ մեզ մոտ 7-8 կառույց է գործում։ Դրանք են փչացնում մեր բանակի բարոյահոգեբանական մթնոլորտը։ Քրեական ենթամշակույթը կա բանտերում, բայց բանակում խնդիրը դա չէ։

Մեր բանակում առկա խնդիրների դիագնոզը պետք է ճիշտ տրվի, որ բուժումն էլ ճիշտ իրականացվի։ Ես նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին էլ եմ առաջարկներ արել։ Գոնե մի օր կլինի՞ մեկը, որ ինձ հրավիրի որպես փորձ ունեցող, բանակը ներսից իմացող մարդու, որ ես հիմնավորեմ, թե որոնք են բանակում արատավոր երևույթները։ 

Ես մեկն եմ այն մարդկանցից, որ ծնել է այս բանակը, որը փորձ ունի։ Մեր ստեղծած բանակից գրեթե ոչինչ չի մնացել։ Մենք հիմա ունենք սովետական բանակի մոդելը, որը զարգացել է դեպի վատը։ 

Ո՞րն է պատճառը, որ մեր ռազմական ուսումնարանները կիսադատարկ են։ Պատճառը նաև այն է, որ երիտասարդները, սպայի կյանքին նայելով, չեն ուզում ունենալ նույն կյանքը։ Բանակի ամուր հիմքը սպան է, նրա պատրաստվածությունը։ Այն ժամանակ մենք փողոցից ենք եկել բանակ, բայց այն ժամանակ բանակ են եկել գաղափարական և նվիրյալ մարդիկ։ Իսկ հիմա փողոցից բռնում են անճարներին և բերում են բանակ, ասում են՝ դու սպա ես։ Այսպես ո՞ւր ենք գնալու։ 

Միայն աշխատավարձ բարձրացնելը քիչ է, այսօր բոլոր սպաները մազից են կախված, որ չդատվեն, իսկ մեծ մասը պայմանական դատված է։ Իսկ ովքե՞ր են դատում, դատում է ռազմական ոստիկանությունը, որը մեր բանակի կույրաղին է։

Ռազմական ոստիկանության լեյտենանտից վախենում, անգամ սարսափում է գնդի հրամանատար գնդապետը։ Ես 2016-ին Լելե Թեփեի անկման համար հատուկ զեկուցագիր եմ պատրաստել և ուղարկել թե՛ նախագահին, թե՛ հրամանատարությանը, թե ինչ դեր է խաղացել ռազմական ոստիկանությունը նախօրեին, որից հետո ընկել է Լելե Թեփեն։ 

Ես ուզում եմ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի ուշադրությունը հրավիրել դրա վրա, որ ինձ հրավիրի և հարցաքննի, թե ի՛նչ է տեղի ունեցել այդ ժամանակ։ 

Ինձ չեն հրավիրել։ Ռազմական ոստիկանության կանոնադրական գործողություններն անգամ կատաստրոֆա են մեր բանակի համար։ Ռազմական ոստիկանությունը բանակի համար սպազմատիկ ցավերի մեջ գտնվող կույրաղի է։ Ես ժամանակին սրա մասին խոսել եմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, բայց նա չի ցանկացել լսել։ Նա երկու ձեռքով փակել է ականջները և չի ցանկացել լսել։ Այսօր սպան ունի բազմաթիվ պարտականություններ և ոչ մի իրավունք։ 

Բայց առանց իրավունքների նա չի կարող պարտականություններ կատարել, դրանով ընկած է սպայի դերը։ Իսկ եթե սպայի դերն ընկած է, կարգուկանոն չի կարող լինել բանակում։ Հիմա սպային սաստելու համար ասում են՝ ռազմական ոստիկանությանը կասենք։ Դա նման է նրան, որ փոքր երեխային ասում են՝ բոբոյին կասեմ։ Բանակում հնից եկած բացասական երևույթները մնում են, ինչն անթույլատրելի է։ 

Բոլորը դա գիտակցում են։ Սպաներին անգամ արգելված է առաջարկություն ներկայացնել վերադասին, չկա մեկը, որ զրուցի երիտասարդների հետ, հարցնի՝ տղա ջան, ի՞նչ է պետք, որ դու գնաս ծառայես։ 

Երբ կապիտանը հիասթափված հեռանում է բանակից, սուսուփուս ստորագրում են նրա թղթերը, մեկը չկա հարցնի՝ պարոն կապիտան, ինչո՞ւ եք ուզում հեռանալ, ո՞րն է պատճառը։ Հարցը միայն ցածր աշխատավարձը չէ, սոցիալական վիճակը չէ, արատավոր երևույթներն են, որոնք մնացել են բանակում։ Խոսքը բանակի սպառազինության մասին չէ, այլ միջանձնային հարաբերությունների, կազմակերպվածության, բարոյահոգեբանական մթնոլորտի։ Այն ժամանակ, երբ մենք պատերազմում ազերիներին հաղթել ենք, մենք ունեցել ենք այս առավելությունները։

Զենքի առավելություն չենք ունեցել, բայց բարոյահոգեբանական առումով առավելություններ ունեցել ենք։ Այդ խնդրի լուծումը մեր ձեռքում է, դա հրթիռ չէ, ժամանակակից տանկ ու այլ սպառազինություն չէ, որ չունենանք։ Այդ մթնոլորտը մենք կարող ենք ստեղծել։ Դրա համար պետք են իրազեկ, բանիմաց մարդիկ։ Ես հիմա էլ պատրաստ եմ ձեռք մեկնելու, խորհուրդներ տալու, նաև դրանց իրականացմանն օգնելու, եթե պետք լինի։

Մանե Հարությունյան

MediaLab.am