Ի՞նչ է այս գործընթացի անվանումը՝ դելիմիտացիա, դեմարկացիա՞, թե՞ «պետական սահմանի վերարտադրություն». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, 

– Պարո՛ն Նորիկյան, արդարադատության նախարարությունը, անդրադառնալով Կիրանց բնակավայրի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ տրամադրելու հանգամանքին, նշել է հետևյալը. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։ Ի՞նչ է սա նշանակում, որ Կադաստրի կոմիտեի տված վկայականները անօրինակա՞ն են։

– Տեսականորեն, ես չեմ բացառում, որ իրավունքի գրանցման ժամանակ կադաստրային ոչ ճշգրիտ ինչ-որ գրանցումներ արված լինեն, բայց ես չեմ կարծում, որ այս գործընթացում առանցքայինն այդ խնդիրն է, այստեղ բոլորովին այլ շեշտադրումներ կան։ Ես ուզում եմ հասկանալ, թե ի՛նչ է այս գործընթացի անունը. երեկ տարածած այդ հայտարարության մեջ իրենք նշում են, որ իրականացնում են «պետական սահմանի վերարտադրության, այլ ոչ թե նոր սահմանի գծման գործընթաց»։ Նորից եմ կրկնում, թող իրենք ցույց տան իրենց հանձնաժողովների կանոնագիրքը ու այն իրավական հիմքը, որով առաջնորդվում են։ 

Այդ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570 Ա որոշմամբ, այդ հանձնաժողովի գործունեությունը ո՞ր իրավական ակտերով է կարգավորվում, Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը ո՞ր իրավական ակտով է առաջնորդվում Ադրբեջանի Հանրապետության նույնանուն հանձնաժողովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջպետական սահմանների հստակեցման գործընթացում։

Սույն թվականի մայիսի 16-ին՝ կառավարության նիստում, Փաշինյանի կողմից արվել է հետևյալ պնդումը, որ ինքը ոգևորությամբ կարող է տեղեկացնել հանրությանը, որ առաջին անգամ Ադրբեջանի հետ կա դելիմիտացված սահման, այսինքն՝ Փաշինյանն ընդունում է, որ Ադրբեջանի հետ տեղի է ունեցել դելիմիտացիա, այսինքն՝ սահմանազատում: Ընդ որում, ասեմ, որ այսօր փաստաբանական հարցում եմ ուղարկել Կառավարություն, խնդրելով, տրամադրել այդ հանձնաժողովի գործունեության իրավական հիմքերը, որոնցով առաջնորդվում է: Խնդրել եմ նաև պատասխանել, թե դելիմիտացիան, եթե պնդում է արվում, որ արդեն ունենք դելիմիտացված սահման, ո՞ր իրավական կարգավորումների հիման վրա է արվել և ո՞ւմ կողմից։ 

Եթե կառավարությունն ընդունում է, որ Մհեր Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովն է իրականացրել դելիմիտացիա, իրենք ընդունում են, որ այս պահին տեղի է ունենում ոչ թե սահմանների վերարտադրություն, այլ դելիմիտացիա, իսկ դա արդեն լրիվ ուրիշ իրավական ռեժիմ է, որի մասին մենք խոսել ենք, որ իրենք գերազանցում են ՀՀ Սահմանադրությամբ իրենց տրված լիազորությունները։ 

Եթե իրենք ընդունում են, որ այդ հանձնաժողովի կանոնագիրքը պետք է մինչև հուլիսի 1-ը հաստատվի, ընդ որում՝ վավերացվի ԱԺ-ի կողմից, նշանակում է, որ հիմա գործ ունենք խորհրդարանի կողմից չվավերացված, միջազգային պայմանագիր չհանդիսացող, որևէ կանոնակարգում չունեցող փաստացի հանձնաժողովի արդյունքի հետ, որի լեգիտիմությունը, իրավական հիմնավորվածությունը խիստ կասկածելի են։

– Փաստորեն, շարունակում եք պնդել, որ այս գործընթացը հակաօրինակա՞ն է։

– Այո՛, պնդում եմ, որ այն, ինչ արվում է, չունի իրավական հիմնավորում։

– Պարո՛ն Նորիկյան, նախարարության հայտարարությունից իմ մեջբերած հատվածից ի՞նչ է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է օրերից մի օր կանգնել այնպիսի փաստի առաջ, ինչպես այսօր Կիրանցի բնակիչներից ոմա՞նք, այսինքն՝ պարզվի, որ սեփականության վկայականը, որը տրվել է, անօրինական է։

– Ստացվում է այդպես, որ սահմանների հստակեցման գործընթացում Հայաստանի անունից տրված սեփականության իրավունքի գրանցման վկայականը կարող է դրվել կասկածի տակ այն հիմնավորմամբ, որ իրավունքի պետական գրանցման ընթացքում տեղի են ունեցել ոչ ճշգրիտ չափումներ կամ գործողություններ։ 

Ասեմ ձեզ, որ այս խմորը դեռ երկար է ջուր քաշելու, որովհետև տարբեր ժամանակաշրջաններում «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում կատարվել են լրացումներ ու փոփոխություններ: 2009 թվականի օրենքում կատարված լրացումների ու փոփոխությունների համաձայն՝ Բարխուդարլու ու Ներքին Ասկիպարա գյուղերը ներառված են եղել Հայաստանի տարածքի մեջ, ընդ որում՝ այդ ժամանակ Հայաստանի վարչատարածքային կազմի մեջ է ներառվել Տիգրանաշենը: Հետագայում՝ 2016-ին՝ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ, Ներքին Ասկիպարան դուրս է թողնվել, իսկ 2020-ի հունվար-փետրվար ամիսներին Բարխուդարլուն արդեն հանվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքից։ 

– Եթե Հայաստանում իշխանություն փոխվի,  իրավական ու քաղաքական առումով այս բոլոր պայմանավորվածությունները, փաստաթղթերը հնարավո՞ր է անվավեր ճանաչել։

– Շատ բարդ է միանշանակ պատասխանել, բայց ոչինչ չբացառելով, կրկնում եմ, որ մենք գործ ունենք ուժերի այնպիսի հավասարակշռության հետ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը ես բացառապես տեսնում եմ Հայաստանի խախտված հաշվեկշռի վերականգնման ու անհրաժեշտ դիմադրողականության պարագայում։ Քանի դեռ այդ իմունիտետը վերականգնված չէ, ես չեմ կարծում, որ հաջորդ իշխանությունը կարող է հանդես գալ այնպիսի դիրքերից, որ Ադրբեջանին թելադրելու հնարավորություն կունենա։ Եթե վերականգնվի ռեսուրսը, բնականաբար, այլ բնույթի ու տոնայնության խոսակցություն տեղի կունենա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am