Բոլորը դեպի Սիբիր. «Որ երեխեդ սոված է, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս»

Բոլորը դեպի Սիբիր. «Որ երեխեդ սոված է, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս»
Բոլորը դեպի Սիբիր. «Որ երեխեդ սոված է, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս»

Վանաձոր քաղաքի բնակիչ 56-ամյա Լյովա Գաբրիելյանը տարիներ շարունակ հայրենի քաղաքում աշխատանք չգտնելով, որոշել է 6 հոգուց բաղկացած ընտանիքի հետ Ռուսաստան մեկնել` աշխատելու և հիմնվելու համար:
«Ես ուրիշ ճար չունեմ, տարիներ շարունակ Ռուսաստան խոպան եմ գնացել, հիմա հնարավորություն ունեմ ընտանիքով տեղափոխվելու: Ի՞նչ պիտի անեմ Հայաստանում: Ոչ մի հեռանկար չկա,- ասում է Գաբրիելյանը: – Իսկ Ռուսաստանն այդ հնարավորությունը տալիս է»:
Երկար հերթի մեջ կանգնած նա իր հայրենակիցների հետ սպասում է հանդիպելու Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության «Հայրենակիցներ» ծրագրի համակարգողի հետ` հավելյալ տվյալներ ստանալու:
Մարզերում տեղակայված «Հայրենակիցներ» ծրագրի համակարգողների խոսքով` ծրագիրն արդեն երկու տարի է` մեծ հետաքրքրություն է առաջացրել տեղացիների շրջանում:

Ծրագիրն ընտանիքներին հնարավորություն է տալիս հիմնվելու Ռուսաստանի հիմնականում ծայրամասային բնակավայրերում` ապահովելով միանվագ 4000-8000 դոլար գումարով, աշխատանքով և տնով, իսկ կես տարվա ընթացքում նաև` ՌԴ քաղաքացիություն է շնորհվում:

Պայմանագիրը կնքվում է 2 տարվա համար: Եթե դիմողը հրաժարվում է պայմանագրից՝ չցանկանալով այլևս մնալ ՌԴ-ում, վերադարձնում է նախկինում փոխհատուցված բոլոր ծախսերը:

«Ամեն շաբաթ 45-ից ոչ պակաս մարդ է գալիս Վանաձորի կենտրոն»,- նշում է ծրագրի Լոռու մարզի համակարգող Տատյանա Ռուդոմետկինան, մինչ կենտրոն դիմելու համար հավաքված մարդկանց հոսքը գնալով ավելանում է:

Ըստ ծառայության պաշտոնական տվյալների` նախորդ տարվա ընթացքում ծրագրով մոտ 2000 հոգի է մեկնել, որոնց մեծ մասը բնակեցվել է Կալինինգրադի, Տամբովի, Կալուգայի ու Լիպեցկի մարզերում:

Սակայն վերլուծաբանները նշում են, որ ծրագիրն իսկական պատուհաս է դարձել առանց այն էլ արտագաղթի մեծ տեմպեր ունեցող Հայաստանի համար, ուր վերջին տարվա սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակը մեծացրել է դժգոհության ալիքը:

«Հերիք է լցնենք ռուսական աքսորավայրերը», «Ո՛չ պլանավորված հայաթափմանը, «Կառավարությանը` Սիբիր», «Հայաստանն առանց հայերի» և այլ կարգախոսներով մարտի 18-ին կառավարության շենքի մոտ ընդդեմ ծրագրի բողոքի ակցիա էին կազմակերպել «Հիմա» երիտասարդական շարժումը, որը կառավարությանը կոչ էր անում լրացնել փաստաթղթերը և մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի` փոխարենը գործազրկությանն ու սոցիալական վիճակին նման լուծում տալու:

Սակայն իշխանությունները կարծես թե անհաղորդ են մնում հասարակական տարբեր շրջանակների և քաղաքական որոշ ուժերի արդեն իսկ հնչեցրած մտահոգություններին:

Ի պատասխան «Մեդիալաբի» հարցմանը, թե արդյոք ի՞նչ պատասխան քայլեր է ձեռնարկում կառավարությունն այս ծրագրի կապակցությամբ, այդպես էլ շաբաթներ շարունակ մնացել են անպատասխան:

Սակայն մտահոգությունները այն խոսակցություններին զուգահեռ, թե Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վարած ոչ նպաստավոր քաղաքականության և թե այն մասին, որ Ռուսաստանի ծայրամասերում արդեն հայկական համայնքներ են հիմնվում և Հայաստանը հայաթափվում է, շարունակում են թափ հավաքել:

«Երկրում տրամադրություններն իրոք մտահոգիչ են»,- «Մեդիալաբին» ասում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: – Մարդիկ հոգնել են ամեն ինչից և հնարավորության դեպքում, վատ կյանքից փախչելու համար, պատրաստ են հեռանալ նույնիսկ անորոշ ուղղությամբ, և այս դեպքում այն ծրագրերը, որոնք մարդկանց նորմալ կյանք են խոստանում, չեն կարող գրավիչ չլինել»:

Թեև ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով` անցյալ տարվա հունվարի համեմատությամբ այս տարի մասնավոր տրանսֆերտներն Հայաստան աճել են 37,7 տոկոսով, սակայն այս աճի միտումները վերլուծաբանները կապում են ոչ թե լավ կյանքի, այլ արտագաղթի տեմպերի և Հայաստանը լքողների թվի աճի հետ:

«Եթե պետությունը չի կարող հոգալ իմ աշխատանքի հարցը, չի կարող օգնել, որ ես ոտքի կանգնեմ, ես ի՞նչ երեսով նայեմ երեխաներիս աչքերին,- «Մեդիալաբին» ասում է «Հայրենակիցներ» ծրագրին դիմել պատրաստվողներից մեկը: – Պետությունը մեզ այլ ելք չի թողել, և չպետք է զարմանալ, որ մարդիկ արտագաղթում են, իրենք էլ ամեն ինչ անում են դրա համար»:

Արտագաղթի թեման, որը չափազանց արդիական է դարձել վերջին ամիսներին` քաղաքական տարբեր ուժերի կողմից որպես շահարկման, իսկ կառավարության կողմից` որպես հաղթահարելի մի երևույթ ներկայանալով, ըստ մասնագետների` լուրջ հետազոտության կարիք ունի:

Վիճակագրական տվյալների համաձայն` անկախությունից ի վեր Հայաստանը լքել է 1,1 մլն մարդ: Տարեկան Հայաստանը լքողների թիվը մոտ 60 հազար է:

Ավելի քան 75 տարի հետազոտությունների փորձ ունեցող Gallup կենտրոնի` անցյալ օգոստոսին հրապարակած ուսումնասիրության համաձայն` նախկին խորհրդային հանրապետություններում սեփական երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունն ունեն հայաստանցիները: Ըստ ուսումնասիրության` Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39%-ը, Վրաստանից` 14%-ը, իսկ Ադրբեջանից` 12%-ը:

Ադիբեկյանն ասում է, որ մարդիկ դժգոհ են սոցիալ-տնտեսական վիճակից, գնաճի տեմպերից, գործազրկությունից, կառավարության վարած քաղաքականությունից:

Վանաձորցիները ևս կառավարությանը մեղադրում են համատարած գործազրկության, գնաճի աննախադեպ տեմպի, կենսապայմանների դժվարացման և հազար ու մի խնդիրների մեջ:

«Պետությունը հեչ չի հետաքրքրվում՝ թե էս մարդիկ ինչի՞ են գնում, բարձիթողի վիճակ է,- ասում է «Հայրենակիցներ» ծրագրով ընտանիքով ՌԴ տեղափոխվել ցանկացող 52-ամյա վանաձորցի Սուսաննա Խառատյանը: – Ապրելն ա` էն ա ընդեղ կապրենք»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ևս ծրագրի նկատմամբ կառավարության վերաբերմունքն «անտարբեր» է որակում:

«Ինչը շատ մտահոգիչ է,- ասում է նա,- պետք է ծրագրեր մշակվեն, մարդկանց սոցիալական վիճակը բարելավվի»:

Փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարությունը մտահոգված է «արտագաղթ երևույթով», և որ գործողությունների ծրագիր է հաստատվել` արտագաղթը նվազեցնելու համար:

«Ավելին` ծրագիր ունենք հայրենադարձության, որի նպատակն է մեր հայրենակիցների հանդեպ ստեղծել բարենպաստ միջավայր: Ըստ վիճակագրության` արտագաղթի դինամիկան տարեցտարի նվազում է, և դա պայմանավորված է ՀՀ կենսամակարդակի բարձր դինամիկայով` ի համեմատ այն երկրների, որտեղ գնում են ապրելու մեր հայրենակիցները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը:

Սակայն, ի տարբերություն վարչապետի, վիճակագիրներն այլ բան են պնդում:

«Տարեցտարի մենք արձանագրում ենք արտագաղթի աճի միտում, ինչը մտահոգիչ է,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի ղեկավար Կարինե Կույումջյանը: – Մարդիկ դժգոհ են, սակայն իրավիճակն էլ ավելի մտահոգիչ է դառնում, երբ կա օրինական միգրացիայի հնարավորություն` գրավիչ պայմաններով»:

29-ամյա վանաձորցի Տաթևիկ Կյուրեղյանն ասում է, որ ոգևորված է Ռուսաստան մեկնելու հնարավորությամբ: Նա ասում է, որ իր 4 հոգուց բաղկացած ընտանիքով մեկնելու է Հայաստանից:

«Ամուսինս չի աշխատում, աշխատանքի տեղ չկա, չենք կարողանում ապրել: Օր օրի գները թանկանում են, ապրելու հնար չկա,- ասում է նա: – Եթե չես կարողանում երեխայիդ օրվա հացը նորմալ ապահովել, էլ հայրենիքն աչքիդ չի գալիս: Ինչի՞ մնամ էս սոված երկրում: Ուզում եմ՝ իմ երեխաները ապահով ապագա ունենան, այստեղ ապագա չեմ տեսնում»:

Անուշ Բուլղադարյան

Վահե Ներսեսյան

Medialab.am