«Ծառայություն գրեթե չկա, հյուրերը դժգոհ են». Հայաստանի «դինամիկ» զարգացող զբոսաշրջության ոլորտը

Թեև կառավարության պաշտոնական հաղորդագրությունների մեջ պարբերաբար նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում «զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ և զարգացող ճյուղերից է»` մոտ 25 տոկոս տարեկան աճի ցուցանիշով, այնուամենայնիվ մատչելի և որակյալ հանգստի առաջարկներով Հայաստանը զգալիորեն զիջում է հարևան երկրներին` աշնանային թավշյա եղանակին, Ամանորի տոներին և ամռան տապին շատերին մղելով դեպի «օտար ափեր»:
«Հայաստանում հանգստանալու համար ես բավարար հնարավորություններ չունեմ, մեր ընտանիքի համար, դա, կարելի է ասել, փակված թեմա է,- «Մեդիալաբին» ասում է մասնագիտությամբ դեղագործ 50-ամյա Անահիտ Ալեքսանյանը: – Եթե կարող ես շատ ավելի մատչելի հանգստանալ Վրաստանում, այն էլ` ծովափին, ի՞նչ իմաստ ունեն անիմաստ փնտրտուքները»:
Չնայած ամառային տապերն արդեն զիջել են իրենց դիրքերը սեպտեմբերյան թավշյա եղանակին, սակայն բազմաթիվ հայ հովեկներ, ովքեր հնարավորություն չեն ունեցել հանգստանալու ֆինանսական սղության պատճառով, հենց սեպտեմբերն են ընտրում լավ ժամանակ անցկացնելու համար, երբ, օրինակ` հարևան Վրաստանում առաջարկվող փաթեթների գները գրեթե կիսով չափ նվազում են:
«Մատչելիի և որակյալի» հնարավորինս հարմար համադրությունն էլ Հայաստանում թելադրում է պայմանները. հեռուստատեսությամբ, ռադիոյով և փողոցի մեծադիր վահանակներով գովազդվողը մեծ մասամբ հենց արտերկրում հանգիստն է` ծովով, նորը տեսնելու գայթակղությամբ և, որ նվազ կարևոր չէ, առաջարկվող ծառայությունների ողջամիտ գներով:

«Հասկանո՞ւմ եք, եթե մարդը հնարավորություն ունի նույն կամ նույնիսկ ավելի մատչելի գնով հանգստանալու, օրինակ` եվրոպական երկրներում` Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում, Բուլղարիայում կամ, ասենք, Շրի Լանկայում, Թուրքիայում, էլ չեմ խոսում Վրաստանի մատչելի առաջարկների մասին, ինչո՞ւ պիտի Հայաստանում մնա»,-«Մեդիալաբին» ասում է տարիներ շարունակ ներգնա և արտագնա տուրիզմով զբաղվող «Թռիչք» գործակալության տուրմենեջեր Մարինե Այվազյանը:

Ըստ տուրօպերատորների, չնայած Հայաստանից դեպի արտերկիր ավիատոմսերի բարձր գներին, եթե, օրինակ` Իտալիայի լողափերում կամ Իսպանիայում հնարավոր է երկշաբաթյա հանգստի համար վճարել մոտ 1500-2000 ԱՄՆ դոլար, ապա Սևանա լճի ափին նորմալ պայմաններ առաջարկող հյուրանոցներում մեկ անձի համար մեկ օրվա միայն կեցությունն արժի մոտ 100 դոլար: Եվ սա այն դեպքում, երբ Սևանա լիճն ու ծովափնյա հանգիստն անհամեմատ տարբեր հասկացություններ են:

Չնայած վերջին տարիներին, հատկապես ամառային հանգստի թեժ սեզոնին, երբ հազարավոր հովեկներ բռնում են Վրաստանի ճանապարհը, տարբեր լրատվամիջոցներով սկսում են ակտիվանալ խոսակցությունները Սև ծովում առկա անհայտ մաշկային հիվանդությունների, վարակների, իսկ Թուրքիայում տեղացիների` զբոսաշրջիկներին կողոպտելու և բռնաբարելու մասին «սեփական աղբյուրներով» ստացված տեղեկությունները, այնուամենայնիվ, տուրօպերատորները հավատացնում են, որ աղմուկը հատուկ նպատակ է հետապնդում` ամենապահանջված ուղղությունները վարկաբեկելու և ուշադրությունը դեպի ներգնա տուրիզմ դարձնելու:

«Դրախտային հանգիստը» Հունաստանում, Բուլղարիայում, Թուրքիայում, ԱՄԷ-ում ու նույնիսկ Շրի Լանկայում և հեռավոր էկզոտիկ այլ երկրներում կարծես թե ստվերի տակ է թողնում հայկական հանգստավայրերը, որոնք մեծ մասամբ որակական չափանիշներով պարզապես հեռու են գնին համապատասխանությունից:

«Հայաստանում` Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան… այնպիսի թվեր են կրակում, որ նույնիսկ խելքին մոտ չէ»,- իր մտահոգություններն է կիսում Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը` նշելով, որ Հայաստանում հանգիստը պետք է մատչելի լինի ազգաբնակչության համար, ոչ թե մեկ օրվա գումարը մեկ հոգու համար կազմի 100-150 ԱՄՆ դոլար:

Ոչ մրցունակ գների և առաջարկվող ծառայությունների պայմաններում, այնուամենայնիվ, տեղական իշխանությունները չեն բողոքում զբոսաշրջության ծավալների աճից, իսկ հյուրանոցները, որոնց փոքր թիվն էլ, ըստ վարկածների, բարձր գների պատճառ է համարվում, հատկապես ամռան ամիսներին հայտարարում են, թե «լեփ-լեցուն» են:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշում է, որ ներգնա տուրիզմի գները «մատչելի» են, «բացառությամբ մեկ-երկու հյուրանոցների», և այդ գները չեն գերազանցում տարածաշրջանային հյուրանոցներին, և որ Հայաստան այցելողների «աշխարհագրությունը բավականին ընդլայնվում է», դինամիկան` դրական միտումներ արձանագրում:

Պաշտոնական տվյալներով` դինամիկան, իրոք, հստակ երևում է. 2010-ի համեմատությամբ 2011-ին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 10,3 տոկոսով: Իսկ միայն այս տարվա առաջին յոթ ամիսների կտրվածքով` 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ցուցանիշն աճել է 5,1%-ով:

Չնայած «լավ» ցուցանիշներին` զբոսաշրջության ոլորտի մասնագետները նշում են, որ Հայաստան զբոսաշրջության եկողների գերակշիռ մասը սփյուռքահայերն են, որոնց հայրենիք բերողը ոչ թե Հայաստանի տեսարժան վայրեր այցելելը կամ էլ գրավիչ մատչելի ու որակյալ փաթեթներն են, այլ հայրենիքի կարոտը:

Հայրենիքի կարոտից զատ, Հայաստանը նախընտրողների մեջ մեծ թիվ են կազմում նաև իրանցիները, որոնք վերջին տարիներին գալիս են Հայաստան մասնավորապես մարտին` նովրուզին, իսկ ամռանը Սևանի ափին բարձր գներով, սակայն «ազատ» հանգիստ վայելելու:

Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը նշում է, որ մեկշաբաթյա հանգստի համար օտարերկրացի զբոսաշրջիկները 1500 եվրո + 700-800 եվրո ավիատոմսի գումար պիտի տան, երբ դրա կես գնով կարող են մշակութային այլ երկրներ գնալ:

«Ծառայություն գրեթե չկա, հյուրերը դժգոհ են,- վերջերս կայացած մամուլի ասուլիսում ասել է Ադամյանը` նշելով, որ Հայաստանում զբոսաշրջիկների հոսքերը մեծանում են այս կամ այն պատճառներով: – Օրինակ` այն մարդիկ, որոնք նախատեսել էին Սիրիա կամ Իրան մեկնել, քաղաքական իրավիճակից ելնելով` ուղղությունը փոխեցին ու Հայաստան եկան»:

Հայաստանի ոչ այնքան նպաստավոր դիրքերի մասին նշվում է նաև միջազգային զեկույցներում: Համաշխարհային տնտեսական ֆորումի «Ճամփորդություն և զբոսաշրջություն. մրցունակություն-2011» զեկույցում 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում է` Բոտսվանայի և Հոնդուրասի հետ մեկտեղ:

ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2011-ի տվյալներով` արտերկրից ժամանած զբոսաշրջիկների թվով Հայաստանը զիջում է հարևաններին. եթե անցյալ տարի Հայաստանն ընդունել է 758 հազար զբոսաշրջիկ, Ադրբեջանում այդ թիվը շուրջ 1 միլիոն 500 հազար էր, իսկ առաջատար Վրաստանն ընդունել է 2 միլիոն 800 հազար զբոսաշրջիկ:

Չնայած սրան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի պնդմամբ` «Հայաստանը ռեալ հնարավորություններ և նպատակ ունի միջազգային շուկայում զբոսաշրջային կենտրոն դառնալու»:

«Դրա բոլոր նախադրյալները կան, և մեր զարգացման դինամիկան դա ցույց է տալիս»,-«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Ապրեսյանը` հավելելով, որ Հայաստանում ոլորտի զարգացման համար «ենթակառուցվածքների զարգացման պահանջ» այնուամենայնիվ կա:

© Medialab.am