«Հայաստանում կարծիքներ եմ լսել, որ մի օր էլ մենք նման այգի կբացենք, էդ հիմարներին բացատրեք, որ մեզ պետք չէ այգի բացել, մեզ պետք է հաղթել». Էդգար Բաղդասարյան

Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է Բաքվում բացված հակահայկական «պուրակին»։ Նա նշում է՝ այն, որ նման «պուրակ» է բացվում Ադրբեջանում, դա մեզ բացարձակ չի նսեմացնում, այլ նսեմացնում է հենց իրենց։

Ադրբեջանում մարդկային տառապանքների «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև մանկահասակ երեխաների համար: Այն բացվել է…

Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia on Thursday, April 15, 2021

«Իրենք իրենց սկսել են նսեմացնել՝ դեռևս Սաֆարովին մեծարելով, շքանշաններ տալով։ Ես շատ լավ գիտեմ՝ ով է թուրքը, թող դա իմանան այն ախմախները, ովքեր չգիտեն, թե ով է թուրքը»,- ասում է Բաղդասարյանը։

Նշենք, որ Բաքվում բացվել է «պուրակ-թանգարան», որում ցուցադրված են պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմին մնացած հայկական բանակի զինտեխնիկան։ Ցուցադրված են նաև հայ զինծառայողների մանեկեններ՝ նվաստացնող կերպարներով։

Այս «պուրակը» բաց է այցելուների համար։ Եվ զարհուրելին այն է, որ «պուրակի» այցելուները նաև մանկահասակ երեխաներ են։ 

Էդգար Բաղդասարյանն անդրադառնում է հարցին, թե ո՞րն է ադրբեջանցիների այդօրինակ արարքների արմատը, արդյոք նաև տարիներ շարունակ պարտվածի հոգեբանությո՞ւնն է այսպիսի երևույթների առիթ հանդիսանում։ 

«Մենք պետք է հասկանանք, որ դա լրիվ ուրիշ մշակույթ է։ Կներեք, բայց պիտի հիշեցնեմ՝ մենք քրիստոնյա ենք, անգամ եթե, ցավոք, չենք դարձել քրիստոնյա, բայց դեկլարատիվ քրիստոնյա ենք։ Իրենք մուսուլմաններ են։

Դա մուսուլմանական մշակույթ է՝ Սովետից մնացած չգիտեմ ինչ բարդույթներով։ Եվ դա Ալիևի խաղալիքն է։ Այնպես որ, ես ողջունում եմ իրենց կողմից նման քայլերը, որովհետև դա աշխարհին շատ լավ ցույց է տալիս, թե ով են իրենք, ինչ են ներկայացնում իրենցից»,- ասում է նա։

Կինոռեժիսորի խոսքով՝ հայ դիվանագետները պետք է օգտագործեն այս առիթը։ Սրանով աշխարհին կարող ենք ցույց տալ, թե ով է ադրբեջանցին։ «Էլ ոչինչ պետք չէ ասել, թող նայեն ու տեսնեն։ Ես հետևում եմ համաշխարհային մեդիային, այս դեպքով մարդիկ շոկի մեջ են, այսպիսի բան չէին տեսել»,- հավելում է նա։

Հայաստանում արձագանքները տարբեր են այս «պուրակի» վերաբերյալ։

«Ես Հայաստանում կարծիքներ եմ լսել, որ մի օր էլ մենք նման այգի կբացենք։ Էդ հիմարներին բացատրեք, որ մենք չենք կարող այսպիսի այգի բացել։ Մեզ պետք չէ նման այգի բացել, մեզ պետք է հաղթել։ Եվ պետք է պատրաստվել հաղթանակի։

Եվ էն ապուշներին, ովքեր իրենց պացիֆիստ են հայտարարում, պետք է բացատրել, որ ամենամեծ պացիֆիստը զինվորն է, որովհետև շատ լավ գիտի արյան ու մահվան գինը և չի ուզում ո՛չ արյուն, ո՛չ մահ։ Զինվորից ավելի պացիֆիստ չլինեք։ Դրա համար պետք է պատրաստվել։ Եվ Իսրայելը մեզ օրինակ է, թե ինչ է պետք անել։ Դա օրինակ վերցրեք ու արեք, ոչ թե վերցրեք ու բանակը կրճատեք»,- նշում է նա։

Միաժամանակ, Բաղդասարյանը նկատում է, որ քաղաքակիրթ աշխարհը համարժեք չի արձագանքում այսօր Ադրբեջանի իշխանությունների արարքներին։

«Բացի մի երկու մտահոգություն հայտնելուց, արձագանք չկա քաղաքակիրթ աշխարհում։ Սա կեղծավոր, երկերեսանի, երկստանդարտներով աշխարհ է, որտեղ մենք, ցավոք սրտի, մեր հիմար խելքից՝ ապուշների բերելով իշխանության, ընկանք սարսափելի հարվածի տակ։ Սա իդեալական ժամանակահատված էր իրենց համար՝ պատերազմ սկսելու»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am