Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները տեսակոնֆերանսի միջոցով քննարկել են արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման կիրառմամբ ռիսկերի վերլուծություն իրականացնելու և հարկային ստվերը բացահայտելու հնարավորությունները:
Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը ներկայացրել է ՊԵԿ-ում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգերը։ Նա տեղեկացրել է, որ կոմիտեն տնտեսվարող սուբյեկտների կողմից իրականացված գործարքների մասին տեղեկատվությունն ստանում է բացառապես էլեկտրոնային եղանակով` առանց տնտեսվարողներին լրացուցիչ ծանրաբեռնելու:
Բացի այդ գործում են այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման սխեմաներ։
Միքայել Փաշայանը ներկայացրել է հավաքագրվող տվյալների վերլուծության և մեքենայացված ուսուցման բաղադրիչների կիրառմամբ ստացված արդյունքների հստակ օրինակներ, որոնք վերաբերել են հարկ վճարողների փոխկապակցվածությանը, ստվերի բացահայտմանը և ապրանքների հետագծելիությանը։
Նա հայտնել է, որ տեղեկատվական բազաների տվյալների հիման վրա Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ մշակվել է մեքենայական ուսուցման և արհեստական բանականության տարրերով վերլուծական մոդել, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հայտնաբերել ռիսկային հարկ վճարողներին և կազմակերպել նրանց նկատմամբ թիրախավորված վերահսկողություն։
Կոնֆերանսի մասնակիցները բարձր են գնահատել նշված ուղղություններով ՊԵԿ-ում իրականացված աշխատանքները։
Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։