Կառավարությունը փոփոխություններ է կատարել սուբվենցիայի տրամադրման կարգում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով։  Որոշմամբ  առաջարկվում է սուբվենցիոն նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման հետ ներկայացնել նաև գոյություն ունեցող շենքերի ու շինությունների վերակառուցման, նորոգման, վերականգման, ուժեղացման ծրագրերի դեպքում շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունները, քանի որ շենքերի ու շինությունների վերակառուցման նպատակահարմարության որոշման և դրա նվազագույն թույլատրելի մակարդակն ապահովող միջոցառումների (ընթացիկ և հիմնական նորոգում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում) սահմանման համար հիմք է հանդիսանում տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և նկատի ունենալով, որ տեխնիկական բնութագիրը և սուբվենցիայի ծրագրային հայտը կազմվում է ելնելով նախատեսվող միջոցառումների բնույթից։ Կարևորելով ՀՀ սահմանամերձ բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշված համայնքների ու բնակավայրերի զարգացումն ու տնտեսական ակտիվությունը՝ առաջարկվում է առանձին սահմանել սահմանամերձ բնակավայրերում պետբյուջեի համաֆինանսավորման չափերը և ըստ այդմ հստակեցնել ոլորտային առաջնահերթությունները և պետբյուջեից համաֆինանսավորման չափերը։ Ընդ որում, առաջարկվում է պետբյուջեի համաֆինասնավորման համամասնությունը պահելու նպատակով նվազեցնել աշխարհագրական դիրքով պայմանավորված մյուս համայնքների համար համաֆինասնավորման չափաբաժինները։  

Հաշվի առնելով ՀՀ  համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի թիվը և նշված բնակավայրերի տարբեր աշխարհագրական դիրքերը՝ առաջարկվում է պետբյուջեի համաֆինանսավորման չափը որոշել ըստ յուրաքանչյուր ծրագրում ընդրկված բնակավայրերի աշխարհագրական դիրքի թվի տոկոսի, բացառելով,  օրինակ՝ համայնքի 8 բնակավայրերում իրականացվող ծրագրին, որից միայն մեկ բնակավայրն է օրինակ բարձր լեռնային, մնացած 7  բնակավայրերի համար բարձր լեռնային բնակավայրերի համար չափաբաժնի կիրառումը։ Առաջարկվում է բարձրացնել մանկապարտեզների կառուցման ու նորոգման աշխատանքների համար պետբյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը՝ մինչև 80 տոկոս: Կարևորելով նաև գյուղացիական տնտեսությունների զարգացումը՝ կարգում առաջարկվում է ներառել նաև «Հեռագնա արոտների ճանապարհների բարելավում» ոււղությունը։

Առաջարկվում է նաև հիմնականում հեռավոր գյուղական բնակավայրերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում օպտիկամալուխային ինտերնետ կապի տարածման նպատակով նախագծում ներառել նաև «Oպտիկամանրաթելային ցանցի/կապուղու  կառուցում, բարելավում» ուղղությունը, ինչպես նաև հատկապես սահմանամերձ բնակավայրերում՝ քաղաքացիական պաշտպանության եթակառուցվածքների կառուցման և նորոգման ուղղությունը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ սուբվենցիայի ծրագրով որպես բացառություն դիտարկվում են բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության տարրերի վերանորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ ծրագրերը, առաջարկվում է նշված ծրագրերի իրականացման համար պարտադիր պահանջ սահամանել բազմաբնակարան շենքերի բնակիչների մասնակցությունը ծրագրի ընդհանուր արժեքի 5-10 տոկոս համաֆինանսավորման միջոցով։ Այսինքն՝ ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել պետության, համայնքի, բնակիչների և հնարավոր դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին։ Նշված մոտեցումը հնարավորություն կտա ավելի բարձրացնել բնակիչների պատասխանատվությունը բազմաբնակարան շենքերի պահպանման մասով։  Հարկ է նշել, որ 5-10 տոկոս սահմանումները հաշվի են առնվել բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության նորոգման ու էներգախնայողության միջոցառումների ծախսերի համադրման միջոցով։

Փոքր համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ապահովման նպատակով՝ առաջարկվում է մինչև 25 մլն դրամ համայնքային բյուջե ունեցող համայնքների դեպքում՝ յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի համար պետբյուջեից համաֆինանսավորման չափաբաժինն ավելացնել 10 տոկոսով, ինչպես նաև յուրաքանչյուր ծրագրի համար համայնքային բյուջեների ֆոնդային մասից համաֆինանսավորումը նվազեցնել մինչև 1,5 մլն դրամ։ Առաջարկվում է նաև սուբվենցիաների հայտի ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հստակեցնելով հիմնականում խոշորացված համայնքի ու համայնքում ընդգրկված բնակավայրերի վերաբերյալ տեղեկատվությունները, ինչպես նաև հստակեցնել կատարվող աշխատանքները, դրանց ազդեցությունները։ Առաջարկվում է նաև յուրաքանչյուր ծրագրի ավարտից հետո իրականացնել մշտադիտարկում՝  ի հայտ եկած խնդիրների ու թերությունների բացահայտման և դրանց լուծման նպատակով և ծրագրի շրջանակներում կառուցված, նորոգված և ձեռքբերված գույքի նպատակային օգտագործման համար։ 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է փոփոխությունների կարևորությունը: «Այս փոփոխությունների առիթը մեր ծրագիրն է՝ հանրապետությունում առաջիկա 5 տարվա ընթացքում 500 մանկապարտեզ կառուցելու։ Մենք հիմա ծրագրի մեջ փոփոխություն ենք իրականացնում հետևյալ տրամաբանությամբ, որ համայնքներում մանկապարտեզների շինարարությունը կառավարությունը կհամաֆինանսավորի 70-80 տոկոսով։ Այսինքն՝ սահմանամերձում 80 տոկոս, մյուս համայնքներում՝ 70 տոկոս։ Բայց համայնքն այլ պատավորություն էլ պետք է վերցնի՝ շահագործման պահից հետո մանկապարտեզի կարիքները պետք է հոգա»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս բանաձևն իրատեսական է դարձնում կառավարության  սահմանած նշաձողերին հասնելը: 

Վարչապետը նշել է նաև, որ այսօր Հայաստանում կան ավելի քան 1 մլն հեկտար արոտավայրեր, որոնց 80 տոկոսը չի օգտագործվում: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը ճանապարհների  կամ նորմալ ճանապարհների բացակայությունն է։ Եվ հիմա նաև խրախուսում ենք այս ծրագիրը, որի արդյունքում ճանապարհային ցանց կձևավորվի դեպի արոտավայրեր, որպեսզի գնալ-գալն ինքնարժեքի մեջ մեծ արժեք չկազմի, և ներդրումային հետաքրքրություն առաջացնենք»,– ասել է կառավարության ղեկավարը: 

Կարգով նախատեսվող հաջորդ նորամուծության՝ ինտերնետի մալուխներ անցկացնելու ծրագրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է պայմանն այնպես խմբագրել, որ սուբվենցիան եռակողմ լինի։ «Եռակողմ սուբվենցիա պետք է լինի: Նախկինում մենք մասնավոր հատվածի հետ նման պրակտիկա ունեցել ենք այլ ոլորտներում, բայց այստեղ կարծում եմ, որ անպայման, պարտադիր պայման պետք է լինի, որ մասնակցում են համայնքը, կառավարությունը և մասնավոր ոլորտի՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է, որ  ճանապարհների կառուցման գործընթացում որպես կարևոր բաղադրիչ պետք է հաշվի առնվի մալուխների ենթակառուցվածքը: 

«Թեման կարևոր է տարածքային համաչափ զարգացման և ընդհանրապես՝ տնտեսության զարգացման տրամաբանության առումով: Այսօր ՏՏ ոլորտը Հայաստանում տնտեսության ամենազարգացող ճյուղերից է: Եվ Երևանում մենք ունենք արդեն իսկ նշանավոր ընկերություններ: Բայց մարզերում կարող ենք ասել,  որ չկան նման ընկերություններ: Մինչդեռ մարզերից հազարավոր մարդիկ տեղափոխվում են Երևան՝ այդ ոլորտում աշխատելու համար: Դրա պատճառը պատշաճ մակարդակով որակի ինտերնետի բացակայությունն է մարզերում: Ինտերնետի հասանելիությունն ապահովելով՝ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ մարզում նույնպես բարձր վճարվող աշխատանքի առաջարկ ձևավորվի»,-ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սա նախագիծը շատ կարևոր է և  պետք է այն  հետևողական իրականացնել: 

Վարչապետը կարևորել է նաև ծրագրերի մոնիթորինգը՝ հասկանալու համար, թե ներդրումները որքանով են արդյունավետ իրականացվել: «Մենք հույս ունենք, որ այս համատեքստում մեր մյուս խնդիրն էլ կլուծենք. սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս արագ սկսենք քննարկել և հնարավորինս շուտ այդ թեմաներով  որոշումներ կայացնենք, որպեսզի շինարարության սեզոնի մեկնարկին կարողանանք այդ ծրագրերի իրականացման փուլը սկսել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:   

Օրենսդրական նախաձեռնություններ. կպարզեցվի ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։ Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև  փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը որդեգրել է արտահանմանը միտված տնտեսություն զարգացնելու քաղաքականություն: Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է, որ  խոշոր տնտեսավարողներին ևս պետք է խրախուսել: «Հիմա սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն եմ տալիս. նայեք էլ որտեղ կա, պարտադիր չէ փոքրին խրախուսենք, կարող է տեղ կա, խոշորին էլ ասենք՝ արտահանման տուրքից ազատում ենք, որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատետեղեր կստեղծվեն և այլն»,- ասել է կառավարության ղեկավարը: Ըստ վարչապետի՝ եթե արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում ստեղծել, ապա  ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի։

Հավանություն է տրվել նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության (կրթական՝ նախադպրոցական և դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական և այլն) հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար  առաջիկա տարիներին բազմակի օգտագործման նախագծերի  կիրառման  պահանջով: Օրինագծով  նախատեսվում է օրենքով կարգավորել  կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կառուցապատողներին վերապահել իրավունք քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանցով հիմնավորված շինարարական ծրագրերի մեկնարկի, իրականացման և ֆինանսավորման համար՝ մինչև  այդ նախագծերի տեղակապման ավարտը:

Հաստատվել է զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը

Գործադիրը հաստատել է ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառումը: Նախատեսվում է տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնել։ Արդյունքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել շահառուների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի վերջիններիս` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։ 

Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, գործող կարգավորումներով զոհված զինծառայողների ծնողներին տրամադրվում է որոշակի հնարավորություն՝ օգտվելու սահմանափակ կամ արտոնյալ վերարտարդողական բուժօգնության ծառայություններից, սակայն ֆինանսավորմամբ ամբողջապես չեն ծածկվում ծախսերը: «Մասնավորապես, չեն ծածկում փոխնակ մոր, դոնորական ծառայությունների ծախսերը: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բազմաթիվ ծնողներ որոշում են կայացրել նոր զավակներ ունենալ, և քանի որ ծառայությունները թանկ են, հետևաբար չեն կարողանում իրականացնել իրենց որոշումը: Այս նախագծի ընդունմամբ վերը նշված ծառայությունների համար ծախսերն ամբողջությամբ կիրականցվեն պետության կողմից»,-ասել է նախարարը: 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հարցին, նշել է. «Այս որոշումներին մոտեցել ենք փուլ առ փուլ: Ծնողների հետ քննարկումների, տարբեր շփումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա ենք որոշում կայացրել: Դա արել ենք, երբ համոզվել ենք, որ իրենք են նախաձեռնողը, իրենք են բարձրացնում այս հարցը: Այսինքն՝ իրենք են բարձրացնում, որ այսպիսի հարցեր կան և ակնկալում են, որ կառավարությունը լուծի»: 

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ որ փուլ առ փուլ մեծացվում է այս ուղղությամբ ծառայությունների հասանելիությունը: Ըստ նախարարի, 2021 թվականին զինվոր կորցրած մայրերից 27-ի մոտ հղիություն է գրանցվել:

«Կարծում եմ՝ սա շատ խորհրդանշական և արժեքային, գաղափարական նշանակություն ունեցող փաստ է: Եվ  կրկին իմ խոնարհումը և հարգանքի տուրքն բոլոր այն ծնողներին, ովքեր նման որոշում են կայացրել», -ասել է վարչապետը :

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ  Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը.  «Մենք, ցավոք, շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք և Կառավարության ծրագրում արտահայտված է:. Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է:  Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ:  Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու»:

Արարատի և Արագածոտնի նոր մարզպետներ են նշանակվել

Կառավարությունն ընդունել է Ռազմիկ Պետրոսյանին  Արագածոտնի մարզպետի և Ռազմիկ Թևոնյանին  Արարատի մարզպետի պաշտոններից ազատելու մասին որոշումներ: Մեկ այլ որոշումներով էլ Սեդրակ Թևոնյանը նշանակվել է Արարատի, իսկ  Սերգեյ Մովսիսյանը Արագածոտնի մարզպետ: 

Նորանշանակ մարզպետները շնորհակալություն են հայտնել վստահության համար և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու են մարզերի բնակիչների սպասելիքները: 

Հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կառավարությունն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է 2022թ. հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ: 

Գործադիրն ընդունել է նաև «Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» որոշում: 

Այլ որոշումներ. Երևանում կստեղծվի Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն

Կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Երևանի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող տարածքը 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» ՀԿ-ին: Կազմակերպության նպատակն է զարգացնել ու փորձարկել գիտակրթական ծրագրեր և ուսուցման նորարարական մոդելներ, ստեղծել «Նորարարական գաղափարների գեներացման կենտրոն» շնորհալի երեխաների և երիտասարդների համար: Բացի այդ,  ՀԿ-ի ներկայացրած ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել ԱՄՆ-ից  ՀՀ շտապօգնության, հրշեջ ծառայության մեքենաների և ավտոբուսների որոշակի քանակի ներկրում։ 

Գործադիրի որոշմամբ «Էմ Դի Սի Էլ  Թեքնոլոջի Ինջինիըրնինգ» ՍՊԸ ներառվել է  «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը ազատ տնտեսական գոտում նախատեսում է գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ էլեկտրոնային սարքերի/բժշկական կոնսոլների արտադրության ոլորտում։ Ծրագրի ընթացքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ` շուրջ 150 հազ. դրամից (առաջին տարում) մինչև 400  հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ազատ տնտեսական գոտում ունենալու է մոտ 300 քմ արտադրական տարածք: