Հիվանդանոց է տեղափոխվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը

Հիվանդանոց է տեղափոխվել ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը: Հարավային Կալիֆոռնիայի հիվանդանոցից հայտնում են, որ ինչ որ վարակով վարակված նախիկին նախագահն այժմ ապաքինման փուլում է, հայտնում է Ամերիկայի ձայնը:

75-ամյա Քլինթոնը երեքշաբթի երեկոյան է ընդունվել Կալիֆոռնիայի համալսարանի Ըրվայնի բժշկական կենտրոն: Նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Քլինթոնի խոսնակի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, «Նա առողջանում է, լավ տրամադրություն ունի եւ անչափ շնորհակալ է բժիշկներին, բուժքույրերին և անձնակազմին, ովքեր իրեն ցուցաբերում են գերազանց խնամք»:

Ըստ հայտարարության, նախկին նախագահին «հակաբիոտիկներ են տվել և հեղուկներ ներարկել»:

«Երկու օր բուժումից հետո նրա լեյկոցիտների թիվը նվազում է, և նա լավ է արձագանքում հակաբիոտիկներին»,-ասում են բժիշկները: Նրանք հույս ունեն, որ Բիլ Քլինթոնը շուտով տուն կվերադառնա:

Քլինթոնը, 2001 թվականին Սպիտակ տնից հեռանալուց հետո, առողջական մի շարք խնդիրներ է ունեցել:

2004 թվականին, կրծքավանդակում երկարատև ցավեր ու շնչահեղձություն զգալուց հետո, ենթարկվել էր քառակի շրջանցման վիրահատության:

Նա հիվանդանոց է վերադարձել 2005 թվականին թոքի մասնակի կանգառի պատճառով վիրահատության ենթարկվելու համար: 2010 թվականին զույգ ստենտներ են տեղադրվել սրտանոթային զարկերակի մեջ: