Կորոնավիրուսի արագ տարածման տեմպը կանգնեցնելու միակ միջոցն այսօր պատվաստումն է, որը վատ է իրականացվում. Արման Բադալյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն օրեցօր աճում են. օրական գրանցվում է 600-650 նոր դեպք: Իսկ կորոնավիրուսից մահվան դեպքերը օրական հասնում են 20-ի: Հայաստանի տարբեր մարզկենտրոններում ծավալվում են քովիդ բուժման կենտրոններ: Դեպքերի աճին զուգընթաց օրերս Գյումրիում էր վերաբացվել համավարակի սկզբնական փուլում ձևավորված քովիդ կենտրոնը: 

Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի բնորոշմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է ձևավորվել, որը, ի տարբերություն նախորդ երեք ալիքների, փոքր է: 

«Այո՛, կորոնավիրուսի գրանցվող օրական դեպքերի քանակը շատ է, և թեպետ երեկ հայտարարվեց, որ Հայաստանը «կարմիր» գոտում է, բայց մենք վաղուց էինք «կարմիր» գոտում, այն ժամանակ, երբ դեպքերի օրական թիվը հատեց 150-ի սահմանը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում համաճարակաբանական վիճակը ներկայացնում է Բադալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում համաճարակային իրավիճակը, անկախ կորագծերի պատկերից, բավական մտահոգիչ է նույնքան, որքան օրական մահերի թիվը:

Կորոնավիրուսի արագ տարածման տեմպը կանգնեցնելու միակ միջոցն այսօր, ըստ Բադալյանի, պատվաստումն է: 

«Բոլոր հակահամաճարակային միջոցառումները ժամանակավոր բնույթ են կրում: Կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական գործիքը պատվաստումային մեթոդն է, որը սպասվածից վատ է իրականացվում Հայաստանում»,- ասում է նա:

Դիտարկմանը, թե առողջապահության նախարարն ասում է՝ պատվաստումային գործընթացը չի ձախողվել, Բադալյանը արձագանքում է.

«Կարծում եմ՝ նախարարը համեմատում է ապրիլին գրանցված ցուցանիշների հետ, ինչի համեմատ հիմա, բնականաբար, ունենք բարելավում: Բայց, իհարկե, այն չէ, ինչ պետք է լիներ»:

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում առհասարակ պատվաստումային գործընթացը ձախողվել է դեռևս 2017 թվականից, որի հիմքում հոգեբանական, սոցիալական ու տարբեր խորքային խնդիրներն են: 

«Մենք այսօր ունենք վարակի հանրային փոխանցման ակտիվ պրոցես, իսկ այդ պարագայում մեկուսացում, ինքնամեկուսացում, կոնտակտավորների հայտնաբերում և այլ նման գործողությունները արդեն սահմանափակվում են, որովհետև հանրային տարածման պարագայում այդ գործողություններն արդյունավետ չեն: Բայց էնպես չէ, որ պետք է իսպառ դադարեցնել այդ պաշտպանական գործողությունները»,- նշում է համաճարակաբանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում պատվաստումային գործընթացի դեմ խոսակցությունները քաղաքական ենթատեքստ ունեն:

«Իմ անձնական կարծիքով՝ պատվաստումների դեմ արշավն ամբողջությամբ քաղաքականացված է: Թողե՛ք այս ոլորտը հանգիստ, սա բավական բարդ ոլորտ է: Բոլորի համար այս օրերին կարևորը պետք է լինի հանրային առողջության պահպանումը: Կարողանո՞ւմ եք՝ օգնե՛ք, չէ՞՝ մի՛ խանգարեք»,- ասում է Արման Բադալյանը:

Անդրադառնալով երիտասարդների շրջանում վարակի տարածմանը՝ Բադալյանն ասում է, որ դրա բացատրությանը գիտականություն դեռ չկա, բայց ինքը դրա վերաբերյալ իր կարծիքն ունի.

«Կարծում եմ՝ վիրուսը բավական ագրեսիվ է, ավելի շատ մարդ է ախտահարում, ինչն էլ կարող է ընդգրկել երիտասարդ մարդկանց: Օրինակ՝ հանրային տրանսպորտի հետ կապված իրավիճակը խայտառակություն է: Իմ կարծիքով՝ այսօր վարակը տարածող օղակներից մեկը տրանսպորտն է»:

Վարակի տարածմանը զուգահեռ, համաճարակաբանը լոքդաունի կարիք չի տեսնում. «Կարծում եմ՝ բոլորս ուղղակի պետք է գիտակից լինենք և պահպանենք պահանջվող հակահամաճարակային կանոնները: Ինչո՞ւ լոքդաուն, եթե կարելի էր վաղուց տրանսպորտի խնդիրը լուծել»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am