Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ կորոնավիրուսի օրական արձանագրվող դեպքերի թիվը 50-100-ով ավելի ցածր է․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կա ռեալ հնարավորություն՝ կորոնավիրուսով հիվանդացության թվերն իջեցնելու։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Երկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք։ Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրվող դեպքերի թիվը մոտավորապես 50-100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրերը արձանագրված դեպքերը»,- ասաց նա։

Դրանից բխող թեթև վիճակ է հիվանդանոցային համակարգում՝ թե սովորական և թե վերակենդանացման մահճակալների մասով։ Նախարարն ասաց, որ նաև նվազել են ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թվերը, որոնք տատանվում են մոտ 300-ի շրջանակներում։

«Կարող եմ ասել, որ հաղթահարման փուլը շարունակվում է, մեր ջանքերը մեր դրած կանոններին հետևելու իմաստով իրենց արդյունքները տալիս են։ Եվ հույս ունենք, որ տեմպը կշարունակվի։ Իհարկե, ես չեմ կարծում, որ մենք պետք նպատակ դնենք մեր առաջ զրո թվին մոտենալ։ Հավանաբանար ինչ-որ թվի՝ 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար պետք է ընդունելի լինի, քանի որ շատ դժվար է լինելու հասնել այդ զրոյին»,- հավելեց նա։