Համապետական ծառատունկին նախապես հայտարարված 300․000 ծառի փոխարեն կտնկվի ավելի քան 360․000-ը

«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ի համապետական ծառատունկին ընդառաջ՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այցելել է Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին։

«Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնկարանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող միակ ջերմոցային տնտեսությունն է։

Նախարարին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր տնկարաններից այս պահին տասնյակ հազարավոր տնկիներ տեղափոխվում են մարզպետարաններ և «Հայանտառ»-ի մարզային անտառտնտեսությունների տնկարկներ։

Նախարարը շրջել է տարածքում, հետևել տնկանյութի բաշխման գործընթացին։

Թեև նախապես հայտարարված էր համապետական ծառատունկին 300․000 ծառ տնկելու մասին, բայց պետական գերատեսչությունների և հասարակական տարբեր նախաձեռնությունների կողմից  մասնակցության աննախադեպ ակտիվություն է դրսևորվել, ուստի տնկիների թիվը արդեն այսօրվա դրությամբ կանցնի 360․000-ը։

Այս փուլում նախապատրաստական աշխատանքները գրեթե 90 տոկոսով ավարտված են։

Նախարար Պետրոսյանը ևս մեկ անգամ հորդորել է պատասխանատուներին առավելագույն հետևողականություն ցուցաբերել՝ կառավարելու և կանխելու հնարավոր լոգիստիկ խնդիրները։

«Իր մասշտաբներով աննախադեպ այս ծառատունկը պետք է հավուր պատշաճի իրականացնել»,-նշել է նախարարը։