Չնայած մեծ ջանքերին, եվրատեսիլյան հույսերը կրկին հօդս ցնդեցին` թողնելով հիասթափվածների բանակին երկարատեւ քննարկումների հաճույքը: Առաջին հայացքից թվում էր, թե ամեն ինչ հրաշալի է, Ջիվան Գասպարյանը բեմում է,Եվա Ռիվասի բարեմասնությունները եւս, նույնիսկ աննախադեպ հրավառությունն ու կուժը ձեռքին թռվռացող «պատանին»:
Սակայն, մեզ չփրկեց ոչ ճոխ հրավառությունը, ոչ մեզոզեյան դարաշրջանի հսկա ծիրանի բուտաֆորական կորիզը, որը ավելի շատ դինոզավրի ձու էր հիշեցնում, ոչ ել մեծ վարպետի ներկայությունը բեմում:
Իհարկե հասկանալի էր որ «ստավկան» արված էր ամեն գնով Ջիվան Գասպարյանի, ծիրանի կորիզի եւ հայրենիքի կարոտի մասին երգով սփյուրքահայ ունկնդրին պահելու վրա այնպես, որ միաժամանակ չկորի եվրոպացի քվեարկողի քվեն՝ կանչելով նրան հրավառությամբ, Եվա Ռիվասի ձայնով ու հմայքով: Սակայն այդ ամենը չտվեց սպասելի արդյունքը:
Միգուցե պատճառը նաեւ այն էր, որ Եվան որպես յուրային չընդունվե՞ց եվրոպական սփյուռքի կողմից եւ չկարողացավ բավարար ձայներ հավաքել: Էթնիկ մշակումով երգերը` ժողովրդական գործիքների ակտիվ զուռնա-դհոլային միջամտությունով եւ կատարողից ուշադրությունը անընդհատ շեղող հիստերիկ ու անհամահունչ խորեոգրաֆիան կամ բեմական ցնորքը, կարծես դառել են մեր մշտական այցեքարտը Եվրատեսիլում:
Հրաշալի ձայնային տվյալներ ունեցող Ինգա եւ Անուշ Արշակյանների երգը խորշանք էր առաջացնում. անբնական ու կեղծ, վառ արտահայտված հայի ակցենտով անգլերենով աղջիկները կոչ են անում ինչ որ նոր պար պարել` կարեկցանք առաջացնելով: Բեմական հանդերձանքի եւ սարսափեցնող դիմահարդարման մասին ավելի լավ է չհիշել:
Հայաստանի եվրատեսիլյան ելույթներից համեմատաբար լավագույն ելույթը Սիրուշոյինն էր. առանց ավելորդ դեկոր-բեկորների, առանց դրամատիկ պաթոսի: Երգն էլ բավականին հաջող էր ընտրված, սակայն էլի ինչ որ կիսատ-պռատ բան կար. կրկին ճկուն ու խիզախ տղաները խանգարում էին երգչուհուն:
Հայկոն էլի տվայտանքների մեջ էր, էլի ծառ, անհասկանալի պատճառներով կեղտոտված վերնաշապիկ, որպես գլուխգործոցի ավարտ: Իսկ Անդրեն նման էր մի գերազանցիկ աշակերտի, որն ուզում է ամեն գնով 5 ստանալ, բայց տեսնելով որ երգիչը տառապում է բարդ խորեոգրաֆիայի ձեռքը, փոխանակ հաճույք ստանա իր կատարումից, հանդիսատեսին մնում էր միայն անհամբերությամբ ցանկանալ, որ նրա կտտանքները շուտ ավարտվեն:
Ինչու՞ ենք մենք այդքան պճնամոլ, ինչու՞ է ձեվը ու արտաքին կաղապարը գերիշխում բովանդակության ու անմիջանականության վրա, ինչու՞ են մեր մեղեդիները կամ լացակումած կամ ինչ-որ մեկից «թխած», ինչու՞ հայի ականջը չի ծակում ակնհայտ ոչ հայկական (եթե չասենք թշնամական) կլկլոցը, ինչու՞ են մեր երգիչ-երգչուհիները այդ աստիճան կեղծ ու անբնական…
Քանի դեռ չենք կարող պատասխանել նման բազմաթիվ հարցերի, եվրոպացիներին գրավելու մեր բոլոր ջանքերը դատապարտված են անհաջողության: Ոչ մեկին չի հետաքրքրում ոչ մեր մխկտոցը, ոչ հայրենիքի հանդեպ տանջալից կարոտը… իսկ Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյունները եվրատեսիլյան բեմում չէ, որ պիտի ներկայացվեն: Եվրատեսիլի հաղթողին իրականում շատ հեշտ էր կանխատեսելը. պարզ, հիշվող մեղեդի, յուրօրինակ ու համապատասխան երաժշտական ձեւավորում, քաղցր, ականջին հաճելի ու չճնշող ձայն, չեզոք հագուստ, որը ընդգծում էր հաճելի արտաքինը ու չեր շեղում երգից եւ որ ամենակարեվորն է` անմիջականություն:
Իսկ մենք հայերս ցանկացանք աշխարհը ցնցենք էկլեկտիկ հագուստով ու բոցերով, էլ չխոսենք դինոզավրի ձվի շուրջ հանդուգն տվայտվող պարողից, որն ամբողջ երգի ընթացքում փորձում եր ջրել ձուն:
Արդյունքում ձվի համբերությունը հատեց. Ճեղքվեց, բայց դինոզավրյոնոկի փոխարեն ` ծիրանի ծառ… ինչ՜ բերկրանք:
Տեսնես կգա մի ժամանակ, երբ կթողնենք ձեւն ու կմտածենք, որ եկել է անկեղծ, պարզ ու անմիջական լինելու պահը, թե մյուս տարվա Եվրատեսիլում կրկին կփորձենք ցնցել, իսկ հետո էլի ցնցվել:
Վահե Ներսեսյան
© Medialab.am