Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ժամանեց Հունգարիայի նախագահի նստավայր՝ Շանդոր պալատ, որտեղ հանդիպեց նախագահ Կատալին Նովակի հետ։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` երկու նախագահներն առանձնազրույց ունեցան, որին հաջորդեց լայն կազմով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի մասնակցությամբ։
Հանդիպումից հետո ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հունգարիայի մշակույթի և նորարարության պետքարտուղար Բալաշ Հանկոն կստորագրեն համագործակցության հուշագիր։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Բուդապեշտում է։ Պաշտոնական այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի հետ։
ՀՀ նախագահը կհանդիպի նաև Հունգարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։