22-ամյա Անուշ Մնացականյանը կարոտով է հիշում՝ ինչպես էին երեկոյան եղբոր հետ թեյում։ Ասում է՝ եղբայրը քաղցրակեր էր ու ամեն երեկո իրեն խնդրում էր «Նուտելա»-ի հետ թեյ պատրաստել։ «Հիմա ոչ մի բան կուլ չի գնում, «Նուտելան» էլ ոնց առնում ենք, էդպես էլ սեղանին մնում ա»,- պատմում է քույրը։
Անուշը եղբորը՝ Էդմոնին, կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։
Քույրն ասում է՝ առանց եղբոր կյանքը դատարկ է։ «Ամեն ինչ դատարկ ա, իրա պահարանը գալիս-բացում ենք, ուշագնաց ենք լինում, չենք դիմանում»։
Էդմոն Մնացականյանը տանկիստ-մեխանիկ էր։ Սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելուն պես Էդմոնը զինակից ընկերների հետ առաջնագծում է եղել, քույրն ասում է՝ ամեն օր եղբայրը զանգում էր։ Հոկտեմբերի 2-ին՝ զոհվելու օրը, ժամեր առաջ նույնպես խոսել է ընտանիքի անդամների հետ։
«Էդ օրը որ զանգեց, արդեն լարված էր խոսում, բայց ասում էր՝ լավ եմ, ամեն ինչ նորմալ ա»,- պատմում է Անուշը:
Հոկտեմբերի 2-ին՝ կեսօրին, տեղի է ունեցել դեպքը։
«Հրամանատարն ասել ա՝ գնում եմ օգնության, ո՞վ կգա հետս, ինքը ահավոր սրտաբաց, օգնության անուն լսեր, վռազ կվազեր։ Հետո ընկերներից մեկն էլ ա միանում, երեքով գնում են օգնության: Ինքն իրանցից մի քիչ հեռու ա լինում, ԱԹՍ-ն խփում ա, տեղում զոհվում է, մյուս երկուսը ասկոլկաներից վիրավորվում են»,- հուզմունքով ասում է քույրը։
Անուշը պատմում է, որ սրտատրոփ սպասում էին եղբոր զանգին, բայց հոկտեմբերի 2-ի վաղ առավոտվա զանգից հետո այդպես էլ եղբայրը կապ չի հաստատել։
Եղբոր զոհվելու մասին առաջինն իմացել է քույրը՝ զոհված տղաների ցուցակում նրա անունը տեսնելով։
«Ամսի 6-ին ցուցակում գրել էին իրա անունը, երկրորդը Էդիս անունն էր գրված… Բարեկամներից մի քանի հոգի հավաքվել էին, ես մորաքրոջս աղջկա հետ իմ սենյակում էի: Իրան բռնել, թափ էի տալիս ու չէի կարողանում ձայն հանել, որովհետև եթե գոռայի, մաման չգիտեմ ինչ կլիներ, առանց այն էլ որ Էդմոնը մի քանի օր չէր զանգել, մաման արդեն շատ վատ վիճակում էր: Պապայիս էլ չէի կարող զանգեմ, ինքն էդ ժամանակ դրսում էր։
Զանգեցի հորեղբորս, ասեցի՝ Էդուլիս անունը գրել են, արագ ասեցի՝ սուտ ա, չէ՞, շփոթվել են, զանգեք-ճշտեք, ու թող արագ ջնջեն ախպորս անունը էդ ցուցակից»,- կսկիծով հիշում է Անուշը։
Մնացականյանները Էդմոնի անունը ցուցակում տեսնելուց 6 ամիս հետո են միայն նրա մարմինը գտել։ Ապրիլի 5-ին զանգել են, որ ԴՆԹ համընկնում կա։
«Էդ պահին չես զգում՝ ապրում ես, թե չէ։ Լրիվ անզգայացել էի։ Ահավոր դատարկություն էր, ասում էի՝ գոնե տեսնեի, կհավատայի»,- ասում է քույրն ու հուզվում։
Անուշը պատմում է, որ եղբոր հետ շատ կապված էին, իրար շատ էին սիրում ու հարգում: «Միշտ գնահատել ենք իրար, Աստծուց շնորհակալ ենք եղել, որ իրար ունենք, մարդիկ կան՝ չեն գնահատում, բայց մենք միշտ շատ սիրով ենք եղել»,- պատմում է քույրը։
Էդմոնը ծնվել է Աբովյանում, փոքր տարիքից զբաղվել է սպորտով, երկար տարիներ հաճախել է ֆուտբոլի, կարատեի և լողի։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ագրարային համալսարան:
Անուշն ասում է՝ եղբայրը շատ նպատակներ ուներ, շատ էր ցանկանում իր սեփական մեծ ջերմոցն ունենալ, լոլիկ, սունկ աճեցնել։ Արդեն սկսել էր փորձարկումները։
«Ինքը հենց հիմա դարակում դրված լիքը սերմեր ունի, որ չի հասցրել ցանի, տնկի։ Մեր բալկոնում նույնիսկ տնկած չիլի բիբար ունի, արդեն աճել են, նույնիսկ օգտագործել ենք, ասում էր՝ տարբեր բաներ պիտի ցանեմ։
Խոսք ենք տվել, որ իր նպատակներն անպայման իրագործելու ենք»,- ասում է քույրն ու կրկին հուզվում։
Արփինե Արզումանյան
MediaLab.am