Ինքդ քեզ գժի տեղ դնելու գինը

Մհեր Արշակյան

Սեպտեմբերի 27-ը սեփական սիրո հետ մենակ մնալու «ոչ պաշտոնական» օր է որդեկորույս բոլոր ծնողների համար։ Այս օրը դժվար է ասել՝ ինչո՞ւ հենց ի՛մ որդին։ Որովհետև սգավորներն այդքան հատուկենտ չեն։ 

Երբ սեպտեմբերի 27-ին Հայրենիքի համար դողն ուժեղացավ, արդեն ուշ էր, կռվողներին մնաց սեփական մահվան հետ ապարդյուն պահմտոցին, չկռվողներին՝ տեղի ու անտեղի պաթոսը։ 

Այս օրը քույր և մայր լինելու օրն է, որովհետև մյուսները զինվոր էին։ Բայց դա չէր նշանակում, թե այդ օրը մեր բանակը բանակ էր։ Որովհետև կռիվը կռիվ չէր, պատերազմի դաշտում սխրանքը շատ դժվար էր տրվում այն պատճառով, որ թշնամին սեփական դեմքով չէր ներկայացել, այլ՝ ԱԹՍ-ներով։ Երբ մարդիկ համարձակություն ունեցան խոսելու բանակի բացակայությունից, արդեն ուշ էր։ 

Սեպտեմբերի 27-ը մեր իրականություն մտավ մոտ 4 հազար հոգու կյանքը ճակատագիր դարձնելու պողպատե վճռականությամբ։ Այլևս ոչինչ փոխել հնարավոր չէր։ 

Բոլոր ապրողները դարձան պարտության հերոսներ։ Պարտության հերոսները նրանք են, որոնք գիտեն, թե ինչու պարտվեցինք, բայց չկորցրեցին Հայրենիքը սիրելու ու այստեղ մնալու պատճառները։

Պարտության հերոսները նրանք են, որոնք պատրաստ են վճարել այն մեկի հեղինակության համար, ով վախեցավ հանուն մյուսների ապրելու հռչակվել դավաճան։

Պարտության հերոսները նրանք են, որոնց անունից բանակը բանակ էր, Հայրենիքը՝ Հայրենիք, իշխանությունը՝ իշխանություն, կյանքը՝ կյանք, մինչդեռ այդ ամենում՝ զրո բովանդակություն։

Պարտության հերոսները նրանք են, որոնք իրենց ականջով լսեցին առաջնորդի բառերը՝ ես ինձ գժի տեղ կդնեմ, բայց Լավրովի պլանին գնացող չեմ։

Պարտության հերոսները նրանք են, որոնք հակամարտության լուծման տարբերակների փոխարեն լսում էին առաջնորդի միջակ բանաստեղծություններն ու ծափահարում։

Սեպտեմբերի 27-ը սև օր չէ։ Որովհետև դա մեկ օրում չեկավ։ Մենք սեպտեմբերի 27-ը խնամել ենք մեր բոլոր օրերով՝ ոչմիթիզականությամբ, հանուն Ղարաբաղի ընտրություններ կեղծելու հետ հաշտ լինելով։ Սեպտեմբերի 27-ը մենք խնամել ենք այն զինվորներով, որոնք երկրի հանդեպ հավատի բացակայությունից վաղուց օտար երկրներում էին։ 

Հիմա ուշ է հասկանալ, թե ինչպես է մայրը լսել իր որդու մահվան լուրը։ Բայց այն սարսափելի է դառնում այն մտքից, երբ հիշում ես, որ դու էլ որդի ունես, առավել սարսափելի է դառնում, երբ հասկանում ես, որ կարող ես ունենալ։

Ու դրանից հետո լսում ես մեր առաջնորդների խրոխտ խոսքը՝ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ։ Բայց նույն բանն ասում էին նախորդ բոլոր իշխանությունները։ Դուք հասկանո՞ւմ եք՝ դրանից հետո շարունակում են երեխաներ ծնվել։

Եթե կռիվն ուրիշներն են սկսում (Ռուսաստան, Թուրքիա, ԱՄՆ, Ադրբեջան, Ֆրանսիա, Անգոլա, Բուրկինա Ֆասո, Հյուսիսային Կորեա), ասե՛ք ժողովրդին։ Ասե՛ք, որ պատերազմը դեռ չի ավարտվել։

Թող բոլոր մայրերն իմանան որդի ունենալու գինը, թող բոլոր քույրերն իմանան եղբայր ունենալու գինը, թող ընդհանրապես երկիրն իմանա, որ իշխանությունը չի կարող կանխել պատերազմը և որ չգիտի, թե ինչ պիտի անի, որ կանխի։

Երկու ամսվա զինվորին տանել առաջին գիծ, նշանակում է էս գլխից ամրագրել, որ տղա ծնվածի կյանքի միջին տևողությունը 18-20 տարի է։ Մահվան գնալն առանձնապես սարսափելի բան չէ, սարսափելի է, երբ մահն է գալիս։

Մհեր Արշակյան

MediaLab.am