«Երեկ՝ մայիսի 21-ին, Կասկադում տեղի ունեցած Բազմազանության երթը ապատեղեկատվության պատճառով վերածվեց իսկական քաոսի, և դա շատ մտահոգիչ է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը:
«Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը գեյ-շքերթ է: Այն պաստառները, գոռոցներն ու կարգախոսները, որ այնտեղ հնչում էին, ուղղակի զարհուրելի էին: Սա վտանգավոր միտում է, որը որակում եմ չափազանց մտահոգիչ»,- ասաց նա՝ ԶԼՄ-ներին հորդորելով իրենց պատրաստած նյութերից հանել «Կասկադի գեյ-շքերթը տապալվեց» վերտառությունը:
Գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանն իր հերթին հավելեց, որ երեկ տեղի ունեցած Բազմազանության երթը տապալելը հստակ դավադրություն էր՝ կազմակերպված ինչ-ինչ ուժերի կողմից:
«Ես հստակ տեսնում եմ, որ որոշ մարդիկ խաղ են կազմակերպում, և եթե խաղը հաջողվի, Հայաստանը դրանից միայն կտուժի, առաջին հերթին հետևանքները կքանդվեն իշխանությունների գլխին:
Կարծում եմ՝ սա ռուսական ԿԳԲ-ի ձեռքի գործն է: Երեկ այնպիսի տպավորություն էր, որ երթի իրական մասնակիցների թիվն ավելի քիչ էր, քան երթի հակառակորդների: Երեկվա միջադեպի նպատակն արյունահեղությունն էր, որը, փառք Աստծո, տեղի չունեցավ:
Միաժամանակ, ուզում եմ ասել, որ սեռական բազմազանությունը մշակութային բազմազանության դրսևորումներից է: Հայտնի է, որ բազմաթիվ աշխարհահռչակ արվեստագետներ սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ են եղել»,- ասաց նա:
«Երեկ Կասկադում տեղի ունեցածը իշխանությունների կազմակերպած առաջին քայլերից էր, որը Հայաստանին ի վերջո բերելու է անդունդի եզրին: Մեզ սպասում են ավելի լուրջ խնդիրներ, Հայաստանում ուժ է հավաքում զինվորաքրեական թևը»,- ասաց նա:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանն իր հերթին նշեց, որ մշակութային բազմազանությունը տվյալ երկրի հարստությունն է:
«Ցավում եմ, որ երեկ այսպիսի միջադեպ եղավ: Գուցե իրազեկությունը մեծ չէր, գուցե կառավարությունն ու ՄԱԿ-ն էին մեղավոր: Այն, ինչ կատարվեց երեկ, ցավում եմ, սակայն խիստ կարծրատիպային երևույթ էր»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարությունը միացել է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հռչակագրին»,-հաղորդում է «Առաջին լրատվականը»:
© Medialab.am



















