Արտգործնախարարների ժնևյան հանդիպում. ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը

Հունվարի վերջին Ժնևում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ, տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ այս տարվա առաջին հանդիպումը։ Քննարկումները շարունակվեցին երկու օր և յուրաքանչյուր հանդիպումը տևեց մի քանի ժամ։ Ինչո՞ւ են քննարկումները տևել այդքան երկար, և ի՞նչ են քննարկել ԱԳ նախարարները։

Ինչպես երևում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հանդիպման արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությունից՝ Ժնևում անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի։

Նախ, կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սա 2020թ․ առաջին հանդիպումն էր, ուստի անհրաժեշտ էր ամփոփել և գնահատել 2019թ․ հանդիպումների և իրականացված քայլերի արդյունքները, ինչպես՝ լրագրողների փոխադարձ այցի ծրագիրը, հումանիտար միջոցառումները՝ ի դեմս ձերբակալվածների ազատ արձակման, օպերատիվ կապի կիրառումը և այլն։ Սա կարևոր էր նաև, եթե հաշվի առնենք Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած բարդ հանդիպումը և դրանից հետո առաջացած լարվածության թուլացման անհրաժեշտությունը:

Ժնևյան հանդիպման օրակարգը, ինչպես երևում է հայտարարությունից, եղել է բավական լայն՝ ներառելով հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մեկնաբանությունների խնդրից մինչև փոխվստահության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացում, նախկին պայմանավորվածությունների իրականացման խնդրից մինչև 2020թ. հնարավոր քայլերի պլանավորում։

Մասնավորապես, հայտնի է, որ Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումները և անգամ համանախագահների մեկնաբանությունները շատ դեպքերում իրարից տարբերվում են։ Դիտարկենք նման տարբերության մի օրինակ: Ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ կապված՝ Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակ արձանագրեց, որ  Ադրբեջանը պետք է ճանաչի ազատ կամարտահայտման միջոցով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների, այդ թվում՝ «Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս»։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա Բաքվում Արցախի ինքնորոշումը պատկերացնում են միայն Ադրբեջանի կազմում՝ ինքնավարության տեսքով։ Այս օրինակը փաստում է, որ հիմնարար սկզբունքների հստակեցման խնդիրն առավել քան արդիական է: Ուստի բանակցային գործընթացի այս փուլում հայկական կողմը առաջնային է համարում այդ սկզբունքների նույնական մեկնաբանության խնդիրը. եթե անգամ կարգավորման հիմնարար սկզբունքների հարցում կա մոտեցումների նման խիստ տարբերություն, ավելի բովանդակային հարցերում հնարավոր չէ ակնկալել զգալի առաջընթաց։

Ժնևյան հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև բանակցային գործընթացի համար նպաստավոր միջավայրի ձևավորման խնդիրը: Այս համատեքստում կարևորվում են մարդասիրական բնույթի հարցերը, օրինակ՝ «գերիների» ազատ արձակման խնդիրը։ Օրակարգային են նաև մարդկային շփումներ  (P2P) նախատեսող նախաձեռնությունների հարցը՝ հաշվի առնելով 2019թ. կայացած՝ լրագրողների փոխանակման ծրագիրը, որը եռակողմ էր և ներառում էր լրագրողներ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: