Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցու պատարագը կմատուցի Կ. Պոլսի Հայոց պատրիարքը

Ermenihaber.am-ը գրում է․

Վանա լճի Աղթամար կղզու վրա գտնվող Սբ․ Խաչ հայկական եկեղեցում մատուցվող Խաչվերացի պատարագն այս տարի լինելու է դռնփակ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վանի նահանգապետարանը

Նշվում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագի համար կիրառվելու են հակահամաճարակային կանոնները:  

Պատարագը մատուցվելու է սեպտեմբերի 6-ին, առավոտյան ժամը 09:00-ին: Եկեղեցու ներսում կարող են գտնվել միայն պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի գլխավորությամբ արարողությանը մասնակից հոգևոր հայրերը, Սբ․ Սեղանի սպասավորները և դպրաց խումբը։ Նրանք մինչ կղզի գնալը համապատասխան ստուգում են անցնելու:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սբ․ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921թթ․ Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու հրամանով։ Եկեղեցին կառուցել է հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելը (Մանուել)։ 1113-1895թթ այնտեղ գործել է Աղթամարի առանձին կաթողիկոսարանը, որի վերացումից հետո նրան պատկանող վանքերն ու եկեղեցիներն անցել էին Պոլսի հայոց պատրիարքարանին։ Կղզին ու եկեղեցին լքվել է 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո։