Հունգարական և կոլումբիական «տաբատավոր» հավերի արկածները Սյունիքում․ ձեռներեցն ասում է՝ «մանկուց սիրել է թռչուններ, հատկապես հավեր»

Տպավորիչ արտաքինով՝ «շալվարով» հավերը Արծվանիկում իրենց լավ են զգում։

27-ամյա կապանցի Ալեն Հակոբյանը արդեն 7 տարի է՝ զբաղվում է թռչնարտադրությամբ։ Տարածաշրջանին ոչ բնորոշ հավի տեսակներ է բազմացնում՝ հունգարական «Տետրա» և կոլումբիական «Բռամա»։ Տպավորիչ ու հայաստանցիներիս համար արտասովոր արտաքինով հավերը Կապանի բնությանը հարմարվել, տնավորվել են, հասցրել մեծ հետաքրքրություն առաջացնել ֆերմերի շրջապատում։ Պահանջարկն էլ գնալով մեծանում էր, սակայն վրա հասած պատերազմը այստեղ էլ է իր դերը խաղացել։

«Սահմանային դրությունից ելնելով՝ մարդիկ հիմա վախենում են հավ, ճուտ գնեն։ Վերապահում կա՝ շատերը գալիս, տեսնում են, ցանկանում են իրենք էլ պահեն, բայց մտածում են՝ առնեն, տանեն, գոմ սարքեն, բա որ իրադրությունը լարվի՞, ի՞նչ են անելու։ Համեմատության համար թվերով է ներկայացնեմ․ մինչև պատերազմը սեզոնին 5-10 հազար հատ ճուտ էի վաճառում, հիմա այդ թիվը հասնում է 3-4- հազարի։ Մյուս խնդիրն էլ կերի շուկայում դիտվող գնաճն է։ Կերը և՛ տեղում եմ պատրաստում, և՛ գնում խանութից։ Անցած տարի մեկ կգ 240-250 էր, իսկ հիմա՝ 320-330 դրամ, տարբերությունը շատ մեծ է»,- «Մեդիալաբին» ասում է նա։

Երիտասարդ ձեռներեցը ափսոսանքով է իր դիտարկումները բարձրաձայնում, միևնույն ժամանակ հաստատակամ պնդում՝ անձամբ ինքը մտավախություններ չունի, ավելին՝ մտադիր է ընդլայնել բիզնեսը՝ նոր տեսակի հավերով, արտադրության ծավալների ավելացմամբ։ 

E:\hav\IMG_1122.JPG

Ալեն Հակոբյանը տարբերակում է, թե ինչու են թռչնաբուծության առումով ձեռնտու «Բռաման» և «Տետրան»։ Նա նշում է, որ «Բռաման» առանձնանում է բարձր մսատվությամբ, «Տետրան»՝ շատ ձվատվությամբ։ Ասում է, որ այս տարիների ընթացքում հանգամանորեն ուսումնասիրել է փետրավորներին։ 

Մասնագիտացված գրականություն է կարդացել, համացանցից ինֆորմացվել։ Ասում է՝ «Բռաման» կարող է կշռել մինչև 7-8 կգ (աքլորներ), իսկ հավերի քաշը հասնում է 4-5 կգ-ի։ 

«Իմ ֆերմայում մինչ այժմ գրանցված ամենաբարձը ցուցանիշը 8 կգ 200 գրամ էր: Ի դեպ, «Բռամաները» նաև լավ ձու են ածում։ Դա արդեն կախված ա՝ ոնց ես պահում, ոնց ես խնամում։ «Տետրային» չի հասնի, աշխարհում «Տետրան» ճանաչվել ա երկրորդ ամենաուժեղ ձվատու հավը, որից տարեկան ստանում են 300-ից ավելի ձու»։ 

Ինչպես ցանկացած արտադրություն, թռչնաբուծությունն էլ ունի իր նրբությունները։ Շահավետության հետ մեկտեղ աշխատատարությունն է մեծ։ Ալենի խոսքով՝ ամեն մանրուք պետք է հաշվի առնես՝ ճիշտ օգտագործել ձուն, ճիշտ ձու դնել ինկուբացիա, ճուտը դուրս գալուց պիտի ճիշտ խնամել: Խնամք՝ սկսած ջրից մինչև կեր և պահպանման պայմաններ։ Ալենն ասում է, որ ամբողջը մենակ է անում։ 

«Սրանով եմ խորացել, այլ տեղ չեմ աշխատում, օրը 24 ժամ է, բայց ես 26 ժամ եմ աշխատում, թե կերակրել, թե խնամք»,- կես կատակ, կես լուրջ ասում է սկսնակ ձեռներեցը։ 

Պահանջարկը և եկամտաբերությունը

E:\hav\IMG_1139.JPG

Խանութներ, սուպերմարկետներ, անհատներ՝ ձվի պոտենցիալ գնորդներ կան, սակայն Ալենը չի շտապում պահանջարկը բավարարել։ Այս պահին ձվի վաճառքով չի զբաղվում, այլ ձվից ճուտ է ստանում և ճուտ վաճառում։ Ինկուբացիոն ձվերը ներկրում է ՌԴ Կրասնոդար քաղաքից։ 

Կախված ամսից՝ 500-ից մինչև 1500 հատ ճտի պատվեր է լինում։ Գինը՝ 1-15 օրականները՝ նվազագույնը 800 դրամով, 15-ից մինչև 1 ամսական ճտերը՝ մինչև 2500 դրամով է վաճառում։ Այս պահին թռչունների քանակը հասնում է մոտ 700-ի, սակայն թիվը ավելանալու միտում ունի։ «20 օրը մեկ ես 1000 հատ ձու եմ դնում ինկուբատոր»։ 

«Գնորդները մարզի բնակիչներն են, ինչպես նաև Վարդենիսից, Աբովյանից, Երևանից են գալիս ու գնում։ Հարկ եղած դեպքում առաքում էլ եմ կազմակերպում, քանի որ համացանցի միջոցով եմ շատ գնորդների գտնում»,- ասում է Ալենը։ Խոսելով բիզնեսի ռիսկային գործոններից՝ ընդգծում է՝ հիվանդությունները, որոնք տարածված են ամբողջ Հայաստանում։ Այս հարցում հնարավորինս չձախողելու համար Ալենը չափից շատ բծախնդրորեն է վերաբերվում․

«Ամեն օրը ջուրը պիտի փոխվի, ջրամանները պիտի պարտադիր լվացվեն, մաքրվեն, գոմում պետք ա օդափոխություն լինի, նաև անասնաբուժական օգնությունը ժամանակին կատարվի»,- ասում է նա։

E:\hav\IMG_1120.JPG

Բիզնեսի սկիզբը և մոտիվացիան

Պատմում է, որ «մանկուց սիրել է թռչուններ, հատկապես հավեր»։ Պատմում է, որ բանակում ծառայելուց հետո առավել խորացված է սկսել հետաքրքրվել հոբբին բիզնես դարձելու շուրջ։ 3 տարի աշխատելուց ու գումար տնտեսելուց հետո գնել է առաջին ինկուբատորն ու սկսել ձվից ճուտ արտադրել։ Ոգևորությամբ նշում է, որ առաջին իսկ փորձը հաջողությամբ է պսակվել։ 

E:\hav\IMG_1144.JPG
E:\hav\IMG_1141.JPG

«Առանց հիասթափությունների կայանալ հնարավոր չէ,- «Մեդիալաբին» ասում է Ալենը։ Ժամանակ առ ժամանակ եղել են ճտերի գլխաքանակի կորուստներ, պահ է եղել, որ պատվեր չեմ ունեցել, չեմ կարողացել վաճառք ապահովել, բայց չեմ հուսահատվել»։ 

Անկումներից հետո մոտիվացնող հանգամանք է դարձել ինքնուրույն, փոքրիկ քայլերով սեփական գործը գլուխ բերելու ձգտումը։

«Ամենակարևորը՝ սիրում եմ իմ գործը։ Հաջողության երաշխիքը սիրել, նվիրվել և չարչարվելն է»,- ասում է։ 

Շատերից է լսել՝ «Երիտասարդ տղա ես, ի՞նչ ես գլուխ դնում հավերի հետ, օրվա զգալի մասդ գյուղում ես անցկացնում» արտահայտությունը, բայց «օրինակելի» թռչնաբուծականի տերը չի պատրաստվում հետ կանգնել իր նպատակներից։ Միայն նեղսրտում է, որ զբաղվածության պատճառով ընտանիքին ու փոքրիկ որդուն է քիչ ժամանակ հատկացնում։ 

Հեռանկարային ծրագրերից Հայաստանում չհանդիպվող թռչնատեսակներ է ցանկանում բերել։ 

Տարածաշրջանում բացառիկ մի տեսակ արդեն ունի՝ Оpпингтон Зoлотой, որից արդեն ճուտիկներ է ստացել և ցանկանում է նոր անասնագոմ պատրաստել 1000-1200 հավի համար նախատեսված՝ գերժամանակակից, ամբողջովին ավտոմատացված։ Այս տեսակի հավի ձվի հատը 1000-1500 դրամ է, իսկ 1-5 օրական ճուտը 5000 դրամ է։

«Նպատակներ ունեմ, որ պիտի իրականացնեմ»,-«ՄեդիաԼաբին» ասում է նա։

Նելլի Միրզախանյան

MediaLab.am