660 մլն. դրամ՝ Քարերի սիմֆոնիայի տարածքի բարեկարգման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացնում է Հայաստանի խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկի արդիականացումը:

Հիմնովին վերակառուցվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մետր հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը:

Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը:

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում Է սանհանգույց և պահակակետ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 660 մլն. ՀՀ դրամ` 80 տոկոս Համաշխարհային բանկ, 20 տոկոս կառավարություն հարաբերակցությամբ: «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհը կառուցումից հետո երբեք չէր հիմնանորոգվել: