«էդ ու՞մ էիր ուղարկել մեր տուն, Տարոն Մարգարյան»

«էդ ու՞մ էիր ուղարկել մեր տուն, Տարոն Մարգարյան»
«էդ ու՞մ էիր ուղարկել մեր տուն, Տարոն Մարգարյան»

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Տարոն Մարգարյանին

Թեև գրագրության էպիստոլյար ժանրը ինձ համար երբեք նախընտրելի չի եղել և միշտ գերադասել եմ ժանրի հանդեպ լինել ընթերցողի դերում, բայցևայնպես, հանգամանքների բերումով որոշեցի հաղորդակցվել Ձեզ հետ հենց այդ միջոցով։ Նշված «հանգամանքները», ի դեպ, ոչ տեխնածին են, ոչ էլ բնածին։ Դրանք Ձեր կողմից իրականացվող սցենարա–ռեժիսորական գործունեության դրսևորումներն են։

Տողերիս հեղինակը ՀՀ ԳԱԱ–ի  Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Սեյրան Մինասյանն է։ Մասնագիտությամբ քիմիկոս եմ, 1985-ին ավարտել եմ Երևանի Պետական hամալսարանի քիմիական ֆակուլտետը, ընդունվել եմ Մոսկվայի Ն.Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, որտեղից հեռացվել եմ 1988-ին Ղարաբաղյան Շարժմանը մասնակցելու պատճառով։ Նույն թվականի ամռանը վերադարձել եմ Հայաստան, աշխատանքի եմ անցել ՀՀ ԳԱԱ վերոնշված ինստիտուտում: Դրանից հետո հիմնականում զբաղվել եմ գիտական գործունեությամբ, հեղինակ եմ մոտ ութսուն գիտական հրապարակումների։ 1991 և 1994 թթ. Արցախում մասնակցել եմ մարտական գործողությունների: 1994 –ի մայիսի 3 –ին վիրավորվել եմ մարտի ժամանակ` Արցախի Թալիշ գյուղից արևելք գտնվող բլուրների վրա։

Քաղաքական և հասարակական շարժումներին չեմ մասնակցում (նույնիսկ քաղաքային տրանսպորտի թանկացման Ձեր տխրահռչակ որոշման դեմ չեմ բողոքել): Բացառություն է միայն Մաշտոցի պուրակի քաղաքացիական ակցիան` եղել եմ դեղին սաղավարտավորների կազմում։

Այս ամենը, սակայն, կարծում եմ  Ձեզ ոչինչ չի ասում, քանի որ չեմ կարող թվարկել Ձեզ համար ավելի ճանաչելի հասկացություններ, ինչպես օրինակ՝ «գիծ» կամ «բուտիկ», այն պարզ պատճառով, որ դրանցից չեմ ունեցել, չունեմ և հաստատ չեմ ունենա։

Որպեսզի, համենայնդեպս, Ձեզ համար ընկալելի լինի իմ ով լինելը, ասեմ. ես պատիվ ունեմ լինել Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի նստացույցի նստած, քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանի հայրը։

Իսկ հիմա՝ սույն նամակը գրելու բուն դրդապատճառների մասին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից մեկը՝ Վահագն Սեյրանի Մինասյանը, համաձայն չլինելով քաղաքային տրանսպորտի թանկացմանը վերաբերող Ձեր կողմից կայացրած անհիմն որոշմանը, իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իր օրինական իրավունքների շրջանակներում։

Ելնելով տարրական տրամաբանության կանոններից, սպասելի էր, որ բողոքի այդ ակցիայի արձագանքը պատկան մարմինների և անձամբ Ձեր կողմից, նույնպես պետք է լիներ օրենքի շրջանակներում։ Բայց ի՞նչ կատարվեց և շարունակում է կատարվել իրականում. ինչ–ինչ կասկածելի անձանց կողմից սկսվեցին տենդագին փնտրտուքներ՝ ճշտելու  Վահագնի և մյուս ակտիվիստ երիտասարդների հեռախոսահամարներն ու ավտոմեքենայի պետհամարանիշները…:

Վահագնը և իր ընկերները նստացույց են անում քաղաքապետարանի մոտ: Վահագնի մեքենան կայանված է քաղաքապետարանի մոտ: Այդ փնտրողները այդպես էլ չհայտնվեցին և իրենց ասելիքը այդպես էլ չասեցին` չհաշված ոստիկանության աչքի առաջ իրականացրած մի քանի ողորմելի խուլիգանական դրսևորումները։ Փոխարենը սկսվեցին Ձեր կողմից հրահանգված բացահայտ ճնշումները Վահագնի և մյուս ակտիվիստների հարազատների նկատմամբ։

Մասնավորապես, Վահագնի 77-ամյա պապին, տատին, հարազատներին են այցելում տարբեր պաշտոնյաներ,  ոստիկանության ու նույնիսկ քննչական վարչության ներկայացուցիչներ՝ պատճառաբանելով, թե «այս հասցեով գազի արտահոսքի ահազանգ է եղել» կամ Սիբիրում կատարվել է ինչ–որ հանցագործություն և այնտեղ «նշվել է Գյումրիի այս հասցեն» կամ էլ «բնակիչների հաշվառում են անցկացնում», իսկ ընթացքում հարց ու փորձ անում Վահագնից, Վահագնի եղբայրներից, հորեղբորից, հորից. որտեղ են աշխատում, ինչով են զբաղվում, խոպան գնում են թե չէ, և այլն, ընթացքում քարտեր են լրացնում:

Ծնողներս էլ միամիտ-միամիտ, երևի նաև վախեցած (երկուսն էլ ստալինյան ճամբարներում բռնադատված մարդկանց զավակներ են), տվել են բոլոր տվյալները: Տարոն Մարգարյան, այդ ի՞նչ հաշվառում-քարտավորում  է: Թե՞ ձեզ թվում է, թե սա գեբելսյան Գերմանիան է, դրսում 1935 թվականի ամառն է, դուք արիացիներն եք, մենք էլ…:

Սխալվում եք, Գյումրին և Երևանը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, դրսում 2013 թվականի ամառն է, մենք էլ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ ենք: Պատասխանիր, Տարոն Մարգարյան, ո՞վ է քարտավորել, ինչու՞, որտե՞ղ են քարտերը, ու՞մ մոտ, ի՞նչ նպատակով։ Կարդալ ավելին