Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հրապարակել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հերթական տարեկան զեկույցը Հայաստանի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկել ինչպես նախկին, այնպես էլ ներկա պաշտոնյաների թույլ տված չարաշահումները հետաքննելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ:
Որպես օրինակ նշվում է այն հանգամանքը, որ ամբողջ տարվա ընթացքում շարունակվել է Մարտի 1-ի գործով դատաքննությունը: Պետդեպն ընդգծում է, որ առաջադրված են մի շարք մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալում, կոռուպցիա, Մարտի 1-ի գործով ձեռք բերված ապացույցների կեղծում:
Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հրապարակած զեկույցին Հայաստանի մասին, որում նշվում է, որ «մեղավորներին պատասխանատվության ենթարկելու քայլերը պետք է արվեն զգույշ և խստորեն համապատասխանեն օրենքի գերակայությանը, դատարանների անկախությանը, թափանցիկությանը»:
«Հունիսի 4-ին խորհրդարանն ընդունել է օրենք՝ 2008 թվականի մարտին հետընտրական բռնության զոհերին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ սեպտեմբերի 5-ին կառավարությունը հատկացրեց 720 միլիոն դրամ (1,5 միլիոն դոլար)՝ զոհերին ու նրանց ընտանիքներին օգնելու համար»,- ասված է զեկույցում:
Պետդեպի զեկույցում անդրադարձ կա նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները հետաքննություններ սկսեցին` բացահայտելով համակարգային կոռուպցիան, որը ներառել է հասարակական և մասնավոր կյանքի մեծ մասը: «Կառավարությունը բազմաթիվ քրեական գործեր հարուցեց նախկին պաշտոնյաների, նրանց հարազատների, խորհրդարանականների, որոշ դեպքերում՝ դատական մարմինների ներկայացուցիչների և նրանց հարազատների մասնակցությամբ: Կառավարությունը նմանատիպ գործեր է հարուցել նաև մի խումբ ներկա պաշտոնյաների նկատմամբ»,- ասված է զեկույցում:
ԱՄՆ Պետդեպն անդրադարձել է նաև Հայաստանի դատական համակարգում առկա խնդիրներին: «Թեև օրենքը ենթադրում է անկախ դատական համակարգ, դատական համակարգը հիմնականում անկախություն չի ցուցաբերում: 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո էլ դատական համակարգի նկատմամբ հասարակության անվստահության մակարդակը բարձր է մնում»,- ասված է զեկույցում:
Անդրադարձ է կատարվում նաեւ փախստականների խնդրին և նշվում, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկել նրանց ապաստան տալու համար: Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը 1.5 միլիարդ դրամ է հատկացրել 1980-ականների վերջերին և 90-ականների սկզբներին Ադրբեջանից գաղթած 112 ընտանիքի բնակարան հատկացնելու համար: