Առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը. ՀՀ վարչապետն արտահերթ ընտրությունների մասին

Իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում:

«Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի: Եվ, ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Ի վերջո, ինչի՞ մեջ է բանավեճը: Բանավեճը հետևյալի մեջ է՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչ-որ կարևորագույն բաներ փոխվելու են մինչև ընտրություններ՝ Ընտրական օրենսգիրք, Սահմանադրություն, կայուն մեծամասնություն, տոկոսներ, վարչապետ Փաշինյանը նշեց, որ նաև դա պետք է դառնա քննարկման թեմա: Նրա խոսքով, այսօր կա խորհրդարանական մեծամասնություն, որով կարող են այդ հարցերը լուծել, քննարկել, «Իմ քայլը» խմբակցության ներսում գալ համաձայնության և լուծել։

«Բայց մենք ուզում ենք, որ նաև այդ թեմաներով լինի քննարկում, և մենք լսենք տեսակետներ: Բովանդակային քննարկում ունենանք ամեն ինչի մասին: Այսքան ժամանակ ես ո՜չ լրագրողների, ո՜չ որևէ մեկի հետ զրույցում չեմ խուսափել որևէ հարցից, որևէ հարցի պատասխանելուց: Մարդիկ պնդում են, որ դավաճան է, վանկարկում են և ինձ մեղադրում են դավաճանության մեջ, ես ասում եմ՝ շատ լավ, պատրաստ եմ առերեսվել այդ մեղադրանքի հետ։ Թող մարդիկ որոշեն, ժողովուրդը որոշի՝ դավաճա՞ն եմ, թե՞ դավաճան չեմ: Ի՞նչ է, ես խուսափո՞ւմ եմ որևէ մեղադրանքից: Ընտրական օրենսգի՞րք՝ շատ լավ, ես իմ պատկերացումներն ունեմ, թե ինչպիսին դա պետք է լինի, թող մյուսներն էլ ասեն՝ ինչ պատկերացումներ ունեն։ Առաջին հերթին խորհրդարանական ուժերը, իհարկե, բայց նաև մյուս ուժերն էլ թող ասեն՝ ի՞նչ պատկերացում ունեն»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը: