«Իշխանությունը վրեժ է լուծում «Հաց բերողից» իր քաղաքական հայացքների ու կարծիքների համար». Արթուր Սաքունց

«Իշխանությունը վրեժ է լուծում «Հաց բերողից» իր քաղաքական հայացքների ու կարծիքների համար». Արթուր Սաքունց
«Իշխանությունը վրեժ է լուծում «Հաց բերողից» իր քաղաքական հայացքների ու կարծիքների համար». Արթուր Սաքունց

«Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը փաստում է, որ նրա նկատմամբ կալանքը քաղաքական հետապնդում է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հավելելով, որ Արթուր Սարգսյանի՝ մեկ ժամ ավելի կալանքի տակ գտվելը հանդիսանում է խոշտանգում:

Կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանն արդեն 20 օր է ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանները, նրան այցելած պատգամավորներն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում են, որ Սարգսյանի վիճակը վատ է, նա հյուծվում է, արյուն է  փսխում: Եվ չնայած այս ահազանգերին ու նրա մոտ մի շարք հիվանդությունների առկայությանը, «Հաց բերողը» շարունակում է կալանավորված մնալ:

«Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: 

Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ Արթուր Սարքունցը հիշեցնում է, որ «Հաց բերողի» նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց փոխվել էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմքերը բավարար էին, որ նրա նկատմամբ կիրառվեր ստորագրություն չհեռանալու մասին:

«Ելնելով դրանից՝ հարցը հետևյալն է՝ ի՞նչ փոխվեց անցած ժամանակահատվածում, որ նորից միջնորդությամբ հանդես եկան ու խափանման միջոց ընտրեցին կալանավորումը: Եթե դիտարկենք առողջական վիճակի հիմնավորմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը, ապա նրա առողջական վիճակը չի փոխվել և չէր էլ կարող փոխվել այս կարճ ժամանակահատվածում: Նա ունի այնպիսի հիվանդություններ, որոնք ըստ էության բուժման ենթակա չեն: Եթե կան այլ պատճառներ, որոնք ի հայտ են եկել, ապա դրանց մասին մենք տեղյակ չենք, գոնե առնվազն փաստաբանը չի հայտարարել, որ ինչ-որ նոր հանգմանանքներ ու լուրջ հիմքեր կան, որոնց հիման վրա անխուսափելի էր կալանքի կիրառումը»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ կալանքի համար նոր հիմքեր պետք է լինեին «Հաց բերողի» կողմից նախաքննության մարմնի վրա ադեցության գործոնը կամ փախուստը, թաքնվելը նախաքննության մարմնից, որը տեղի չի ունեցել, կամ ինչ-որ նոր հանգմանանքներ պետք է ի հայտ եկած լինեին, որոնց մասին մենք տեղյակ չենք: Հետևաբար, իրավապաշտպանի խոսքով, կալանավորման համար միակ հանգամանք են հանդիսանում «Հաց բերողի» կարծիքները կամ գնահատականները, որոնք նա տարբեր առիթներով արտահայտել ու ներկայացրել է իր հարցազրույցներում:

«Այսինքն՝ տրամաբանորեն ձևակերվում է այն միակ հիմնավորումը, որ նրան ազատազրկել են իր քաղաքական հայացքների ու դիրքրոշումների համար»,- ասում է Սաքունցը;

Արթուր Սաքունցի խոսքով՝ «Հաց բերողը» կատարեց մի քայլ, որն ըստ էության լուրջ խնդիր է առաջացնում թե իրավապահ մարմինների, թե հանրության համար: Արդեն 20 օր տևող հացադուլը ըստ էության վտանգել է նրա առողջական վիճակը և սպառնում է կյանքին: 

«Ստացվում է, որ իշխանությունը վրեժ է լուծում «Հաց բերողից» իր քաղաքական հայացքների ու կարծիքների համար, որոնք չի կիսում:Կամ վտանգ է տեսնում դրանցում, կամ գտնում է, որ գործ ունի մի մարդու հետ, որը չի փոխել իր կարծիքը՝ ունենալով նման առողջական խնդիրներ: Տվյալ դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է առաջին հերթին քաղաքական իշխանությունը, առանց որի հրահանգի նման քայլի իրավապահ մարմիները չէին գնա: Երկրորդ պատասխանատուն հենց Գլխավոր դատախազն է անձամբ, ում ուղղված է պատգամավորների նամակ-միջնորդությունը: Գլխավոր դատախազը կարող է միջնորդությամբ հանդես գալ դատարանում և Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխել: Այսինքն՝ եթե նույնիսկ դատախազությունը քաղաքական իշխանությանը ենթարկվում է ինչ-որ գործողություն կատարելու համար, բայց կա առնվազն թույլատրելիության մի սահման, որից այն կողմ արդեն այդ պահանջի կամ քաղաքական հրահանգի կատարումը արդեն իսկ այնպիսի անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որի պատասխանատվությունը դատախազն անձամբ է կրելու»,- ասում է Սաքունցը:

Հացադուլ հայտարարելը, նրա խոսքով, Արթուր Սարգսյանի իրավունքն է, դրանով նա բողոքում է ապօրինության դեմ, որը կատարվում է իր նկատմամբ: Եվ այն վիճակում,  որում հայտնվել է նա, դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը, որովհետև իր ապօրինի գործողություններով մարդուն դրդել  է որպես բողոքի վերջին միջոցի՝ գնալ սեփական կյանքը վտանգելու ճանապարհով՝ ցույց տալու համար, որ ինքը չի հաշտվելու ապօրինության հետ:

Մյուս կարևոր հանգամանքն, ըստ իրվապաշտպանի, այն է, որ հանրային լայն աջակցություն ունեցող անձի նկատմամբ այս հետապնդումով ձեռնոց է նետվում նաև ամբողջ հանրությանը:

«Այսինքն՝ բարձարձակապես գործ ունենք հանրության առջև անպատասխանատու վերաբերմունքի հետ: Դատարանը ՀՀ անունից է հանդես գալիս, ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Արթուր Դավթյանի անունից, հետևաբար, որոշումների կայացման ժամանակ պետք է ելնի նաև հանրային կարծիքից: Բոլոր այն առաջարկները, որոնք ուղղում են Արթուր Սարգսյանին՝ դադարեցնելու հացադուլը, ուղղակի աջակցություն են իշխանության ապօրինությանը և ճնշում է Արթուր Սարգսյանի ընտրության վրա: Նա կատարել է իր ընտրությունը, չի ուզում հաշտվել ապօրինության հետ, և հանրությունն էլ գտնում է, որ իրապես ապօրինություն է կատարվել: Հիմա իշխանության այս ձգձգումը կամ բացարձակապես անպատասխանատու վերաբերմունքը արհամարանք է և հանրության կարծիքին, և պատգամավորների, և օրենքի ու Սահմանադրության, և միջազգային պարտավորությունների նկատմամբ»,- ասում է Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am