«Իրանը ցանկացած գնով փորձելու է ներգրավվել Հարավային Կովկասում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տնտեսական գործընթացների շրջանակներում»․ իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

-Պարո՛ն Միսակյան, դատելով Իրանի նորընտիր նախագահի ուղերձից՝ ուղղված Հայաստանի հանրապետության վարչապետին, հայ-իրանական ինչպիսի՞ հարաբերություններ է ցանկանում կառուցել Ռայիսին:

-Ռայիսին նախագահ ընտրվելու հաջորդ օրը՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր առաջնահերթություններն արտաքին քաղաքականության մեջ լինելու է հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը: Հայկական կողմից ևս եղան հայտարարություններ, որ Իրանի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե սրան գումարենք նաև Ռայիսիի նամակում հնչեցված հայտարարությունները, ապա կարելի է փաստել, որ երկու կողմից էլ կա ցանկություն հայ-իրանական հարաբերությունների խորացման:

Հայաստանի ու Իրանի համար շատ կարևոր է հայ-իրանական ցամաքային ճանապարհը, հաշվի առնելով Զանգեզուրի միջանցքի լինել-չլինելու հարցը և Իրանի անհամաձայնությունն այդ հարցին, պետք է նշենք, որ կարևորվում է հարաբերությունների զարգացումը:

Ցանկալի կլինի նաև Իրանին ներգրավել Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության ոլորտում: Հայաստանը սեփական աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար պետք է փորձի Իրանին որևէ կերպ ներգրավել Հայաստանում: Դատելով Իրանի արձագանքներից՝ ցանկություն ունի ներգրավվելու Հարավային Կովկասում՝ այդ թվում Հայաստանում:

-Այսինքն՝ Սյունիքի այդ հավանական միջանցքին Իրանն, այնուամենայնիվ, շարունակում է դե՞մ լինել

-Իրանը իր հայտարարություններում նշում է, որ դեմ չէ ցանկացած ճանապարհի կամ կոմունիկացիաների ապաշրջափակմանը, որոնք չեն խախտում միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Սա կարող ենք մեկնաբանել, որ Իրանը դեմ չէ հաղորդակցության ուղիների բացմանը, սակայն դեմ է, որ Մեղրիով անցնող միջանցքը գտնվի երրորդ պետության հսկողության տակ: Այսինքն՝ եթե դա լինի Հայաստանի հսկողության տակ, Իրանը գործնականում դեմ չէ, քանի որ իրանական կողմում նաև կարևորում են երկաթուղու բացումը՝ Նախիջևանով դեպի Իրան, ինչպես նաև Հյուսիս-Հարավ ճանապարհը, այսինքն՝ Իրանը փորձում է մի քանի ուղղությամբ դուրս գալ Հարավային Կովկաս և Սև ծով:

-Իսկ Ադրբեջանի հետ ինչպիսի՞ հարաբերություններ է ցանկանում ունենալ Իրանի նորընտիր նախագահը, պարո՛ն Միսակյան:

-Իրանից հնչող գրեթե բոլոր հայտարարություններում մշտապես շեշտվում է բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը: Այսինքն՝ Իրանը փորձելու է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ ընդլայնել իր հարաբերությունները:

Իրանը մեծ ցանկություն ունի ներգրավվել Ալիևի կողմից հայտարարված՝ Արցախի բռնազավթած տարածքների շինարարական աշխատանքներում, իր քաղաքական նպատակներից ելնելով: Նույն նպատակներով նաև Հայաստանի հետ է ցանկանում հարաբերությունները զարգացնել: Այսինքն՝ իրենք բոլոր ուղղություններով փորձելու են ներգրավվել Հարավային Կովկասում, իրենց նվազած ազդեցությունը վերականգնելու կամ գոնե մի քիչ մրցակցել Ռուսաստանի ու Թուրքիայի հետ տարածաշրջանում:

ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը Իրանի նախագահի շնորհավորանքն ուղղված Ալիևին՝ «Ադրբեջանի տարածքները հաջողությամբ ազատագրելու առթիվ», որակել է ապտակ՝ Հայաստանին ուղղված: Համակարծի՞ք եք պատգամավորի հետ:

-Եկեք քաղաքական գնահատականներ չտամ և չպատասխանեմ այս հարցին: Նմանատիպ հայտարարություններ մինչ այս էլ եղել են, բայց ես քաղաքական գնահատականներ չտամ, իրենք պատգամավոր են՝ կարող են:

-Այնուամենայնիվ,  ի՞նչ հասկանալ Իրանի նախագահի այդ շնորհավորանքից, պարո՛ն Միսակյան:

-Իրանն ընդհանրապես  խուսափում է հայտարարություններից, որոնք ներկա իրավիճակին հակասում են, այսինքն՝ իրանական կողմը հայտարարություններ է անում՝ ելնելով ներկա իրավիճակից: Օրինակ՝ եթե փոփոխություններ լինեն Արցախի ստատուսի հետ կապված, Հայաստանի կողմից լինի ճանաչում կամ այլ գործընթացներ, կարծում եմ, Իրանը իր հռետորաբանությունը կփոխի, այսինքն՝ Իրանը երկու պետությունների հետ հարաբերություններում էլ, կարծես թե, որոշակի ականջահաճո հայտարարություններ է անում, որպեսզի ներգրավվի գործընթացներում: Իրանը բոլոր գործիքակազմն օգտագործում է ներգրավվելու Հարավային Կովկասում:

Նշեմ, որ Ռայիսին օգոստոսից է ստանձնելու նախագահի պաշտոնը, ձևավորելու է կառավարություն, դրանից հետո միայն կարող ենք լիարժեք խոսել նրա պաշտոնական հայտարարությունների վերաբերյալ:

Ակնհայտ է, որ Իրանը ցանկացած գնով փորձելու է ներգրավվել Հարավային Կովկասում՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տնտեսական գործընթացների շրջանակներում և այդ ընթացքում անելու է երկու կողմի համար էլ ականջահաճո հայտարարություններ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am