Կապանի թռիչքներն իրականացնելիս Հայաստանը պետք է չափազանց բծախնդիր լինի՝ անվտանգության խնդիրների առումով. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, այսօր առաջին անգամ, ըստ հաստատված չվացուցակի, կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները: Հաշվի առնելով այն, որ մինչ այս ադրբեջանական կողմը կրակել էր օդանավակայանի ուղղությամբ, իսկ այսօրվա թռիչքը, բարեբախտաբար, առանց միջադեպերի է անցել, կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմն Ադրբեջանի հետ ձեռք է բերել որոշակի պայմանավորվածություն, ու որ այս թռիչքների անվտանգությունն երաշխավորված է:

– Իհարկե մենք չունենք հիմք եզրակացնելու, որ ձեռք է բերվել որևէ պայմանավորվածություն, որովհետև դրա մասին, համենայնդեպս, կհայտարարվեր կամ կակնարկվեր: Այս տեսանկյունից, իհարկե, դեռ պետք է տեսնել, թե ինչպես կզարգանա հետագա իրավիճակը: 

Ադրբեջանը հիմա հազիվ թե գնա անմիջականորեն թռիչքները թիրախավորելուն և թռիչքների անվտանգությանը սպառնալուն, որովհետև դա փաստացի կլինի այնպիսի մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, մեղմ ասած, չի կարող իր գործողություններին որևէ արդարացում տալ: 

Այս տեսանկյունից Բաքուն ընտրել է հենց օդանավակայանը թիրախավորելու տարբերակը, երբ առերևույթ որևէ սպառնալիք անմիջականորեն թռիչքների անվտանգությանը չի լինում, բայց լինում են սպառնալիք օդանավակայանին ու անընդհատ լարվածություն, հետևաբար նաև թռիչքների անվտանգության հանդեպ որոշակի անվստահության տրամադրվածություն: 

Սա է, կարծես թե, փորձում ստեղծել Ադրբեջանը ու, իհարկե, ավելի լայն իմաստով փորձում է ստեղծել Հայաստանի համար խնդիր առաջացնելու, ինչ-որ «պահանջներ» ներկայացնելու հերթական մի առիթ՝ այս դեպքում օգտագործելով օդանավակայանը: 

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ քաղաքական գիծը փորձում է շարունակել՝ ցանկացած առիթ օգտագործել Հայաստանի նկատմամբ մատնագրության, «պահանջներ» ներկայացնելու առիթներ ստեղծելու համար: Տեսնում ենք՝ հանքարդյունաբերությունն է թիրախավորում, այսինքն՝ սա Բաքվի համար լայնորեն կիրառվող հետևողական գիծ է, որի հերթական դրսևորումը մենք տեսնում ենք Կապանի օդանավակայանի ուղղությամբ: 

– Իսկ ձեր գնահատմամբ՝ Ադրբեջանը կշարունակի՞ այդ քաղաքականությունը:

– Համենայնդեպս, օդանավակայանի պարբերաբար թիրախավորման ռիսկը պահպանվում է, այսինքն՝ էլի կլինեն կրակոցներ, ու փորձ կարվի անվստահության մթնոլորտը խորացնել՝ խնդիր ստեղծելու համար, հետո այդ խնդիրների վրա սկսել քաղաքական խաղ կառուցել ու քաղաքական պայմաններ թելադրելու փորձ անել: 

Տեսնենք, թե ինչպիսին կլինի նրանց հետագա վարքագիծը, համենայնդեպս, մինչև հիմա դրսևորած վարքագիծը թույլ է տալիս ենթադրել, որ օդանավակայանի ուղղությամբ էլի կրակոցներ կլինեն, որովհետև չեմ կարծում, թե Բաքուն կգնա թռիչքների անվտանգությանն անմիջականորեն սպառնացող գործողությունների, թեպետ Ադրբեջանի դեպքում գործնականում ոչինչ բացառելի չէ: Մենք տեսնում ենք, որ Բաքուն չի ընկրկում նույնիսկ 120 հազար մարդու սովի սպառնալիքի մատնելու քայլի առաջ: Հետևաբար թռիչքներն իրականացնելիս Հայաստանը պետք է չափազանց բծախնդիր լինի՝ անվտանգության խնդիրների առումով: 

– Պարո՛ն Բադալյան, որ ասում եք, թե Ադրբեջանն անմիջականորեն չի թիրախավորի թռիչքները, որովհետև անգամ մտացածին հիմնավորում չի կարող ներկայացնել, իսկ օդանավակայանը թիրախավորելու «հիմնավորում» ունի՞:

– Դե սա մի իրավիճակ է, երբ մեծ հաշվով հիմնավորումների խնդիր չունեն էլ, այսինքն՝ քանի որ այստեղ ռիսկը, սպառնալիքն անմիջականորեն մարդկային կյանքերին չեն վերաբերում, Ադրբեջանը նույնիսկ բացատրություններ ներկայացնելու այդ պարտավորվածությունը չունի, հետևաբար այդ իմաստով իր համար գործունեության ավելի հարմար տարածություն է թիրախավորման այդ տարբերակը, ինչպես, օրինակ՝ սահմանային միջադեպերի: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ընտրել է հենց այդ տարբերակը: 

Մենք պետք է առաջնորդվենք որևէ բան չբացառելու սկզբունքով, հետևաբար թռիչքների բացարձակ անվտանգությունը պետք է լինի գերակա խնդիր, որովհետև, մեծ հաշվով, որքան էլ Ադրբեջանը խնդիր ունենա այս դաշտում, եթե քաղաքացիների կյանքի ու անվտանգության համար անմիջականորեն սպառնալիք ստեղծվի, միևնույն է, մենք չպետք է այդ դեպքում մտածենք, թե Ադրբեջանը չի մարսի այդպիսի հանդուգն ու ահաբեկչական գործողությունը: 

Այսօր Ադրբեջանը շատ բաներ է մարսել, ու միևնույն ժամանակ այսօրվա աշխարհում գործնականում փլուզված է միջազգային անվտանգության իրավունքի այդ համակարգը, գործում են ուժի իրավունքն ու քաղաքական, աշխարհաքաղաքական նպատակահարմարությունները բացարձակ իմաստով, ու այստեղ Ադրբեջանը կարող է շատ բան մարսել: Հետևաբար այդ հարցում պետք է լինենք չափազանց բծախնդիր ու չբացառենք ոչինչ և այդ տրամաբանությամբ մոտենանք թռիչքների անվտանգությունն ապահովելուն: 

Սա ենթադրում է նաև, որ Հայաստանը, արդեն իսկ օդանավակայանի այդ թիրախավորումներից հետո, խնդիրն այդ շեշտադրումներով պետք է դներ, որ սա ահաբեկչական գործողություն է, անմիջականորեն թիրախավորվում են քաղաքացիական նշանակության օբյեկտ և ռազմավարական ենթակառուցվածք, սա այլ բան չէ, քան ահաբեկչություն: 

Հայաստանն արդեն իսկ պետք է հարցը այդ շեշտադրումով դնի, եթե ինչ-որ պայմանավորվածություններ այդուհանդերձ եղել են, նման բան ասելու որևէ հիմք չունենք, բայց առավելևս, եթե եղել են ոչ հրապարակային ինչ-որ պայմանավորվածություններ, քննարկումներ, ու անվտանգության հարցը դուրս է եկել օրակարգից, ապա այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե այդ ամենն ինչի՞ դիմաց է տեղի ունեցել, որովհետև Ադրբեջանը, ինչպես նշեցի, խնդիր ստեղծելու այս մարտավարությունը կիրառում է նաև հենց քաղաքական սակարկությունների դաշտ բացելու համար: Այս տեսանկյունից, անշուշտ, անթույլատրելի կլինի, եթե տեղի ունենա քաղաքական առևտուր Կապանի օդանավակայանի ու թռիչքների անվտանգության դիմաց, սա կարող է լինել նախադեպային, իսկ Ադրբեջանին չպետք է տալ այդ: 

– Իսկ, ըստ ձեզ՝ ինչո՞ւ հայկական կողմն այդ դեպքին չտվեց ահաբեկչություն բնորոշումը:

– Ես իհարկե չեմ կարող ասել, մարդիկ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցերով, ավելի իրազեկված են, ու գուցե նրանց հայտնի են շատ ավելի մանրամասներ, որ թույլ են տալիս այլ մոտեցում ցուցաբերել ու արձագանքի այլ տարբերակներ ընտրել: Բայց, անշուշտ, որոշակիորեն տարակուսելի է, երբ հակառակորդի տարածքից թիրախավորվում է ռազմավարական նշանակության օբյեկտ, այն էլ՝ վարչապետի՝ այնտեղ վայրէջք կատարելուց մի քանի ժամ անց, և դրան արձագանք լինում է գրեթե ոստիկանական ամփոփագրերին հավասարազոր հաղորդագրություն: 

Գուցե Երևանը նման տակտիկայով փորձեց չսրել իրավիճակն ու այս կերպ ակնկալել, որ Ադրբեջանը կդադարի խաղարկել այդ խաղաքարտը՝ օդանավակայանի թիրախավորումը, բայց մենք տեսանք, որ հաջորդիվ դարձյալ եղան կրակոցներ, ու հիմա նաև պարզ չէ, թե ինչ կլինի հետո: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am