Երեկ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կատարված հանցագործությունը բացահայտվեց:
Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության որսագողը 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության մի քանի անդամներ, ոստիկանության կողմից հաղորդագրության տարածումից անմիջապես հետո՝ սեպտեմբերի 30-ի երեկոյան, կասկածներ ունենալով, որ բացահայտվել է ոչ իրական մեղավորը մեկնել ենք Գառնի և այցելել Նորիկ Սարգսյանի ընտանիքին։
Նախաձեռնության անդամների հետ զրույցում Նորայր Սարգսյանը և Նորայր Սարգսյանի ընտանիքի անդամներն ու հարազատները փաստել են, որ վերջինս ոչ մի առնչություն չունի կատարված որսագողության հետ։
«Ով ուտի, ով պատասխան տա»,-վրդովված ասում էին Սարգսյանի մայրն ու զոքանչը:
Ինչպես տեղեկացնում է «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը, նկատի ունենալով, որ Նորիկ Սարգսյանը գտնվում էր բարոյահոգեբանական ծանր վիճակը եւ ընկճվածությունը, հրաժարվել է տեսախցիկի առաջ հարցազրույց տալ, փոխարենը խոսել են նրա մայրն ու զոքանչը:
«Նրանք ներկայացրեցին այն իրականությունը, որը մնացել է այս պատերի ներսում: Նորիկի մայրը փաստեց, որ իր տղային տարել են քնչական բաժին և նա չի ունեցել փաստաբան, այսօր առավոտյան ժամը 9.00-ին Նորիկ Սարգսյանը պետք է նորից ներկայանա քնչական բաժանմունք, բայց նա չունի փաստաբան:
Այդ իսկ պատճառով նրա հարազատները պահանջում են փաստաբանի պարտադիր ներկայություն հարցաքննության ժամանակ, հակառակ դեպքում դա կդիտվի իրավապահ մարմինների կողմից որպես օրենքի կոպիտ խախտում: Հաշվի առնելով երեկ Նորիկի ծանր բարոյահոգեբանական վիճակը, ոչ մի երաշխիք չկա, որ նրա նկատմամբ չի կիրառվի ճնշման մեթոդներ՝ կորզելով իրենց համար ցանկալի ցուցմունքներ»,-տեղեկացնում է նախաձեռնության հաղորդագրությունը:
Ըստ հաղորդագրության, այս պահի դրությամբ Նորիկ Սարգսյանը գտնվում է Արարատի մարզի քնչական բաժանմունքում և իրավապահ մարմիններից պահանջում է փաստաբանի պարտադիր առկայություն:
«Պարզից էլ պարզ էր, որ սարքել են էս տղու գլխին: Տիրապետում ենք բազմաթիվ մանրամասների,-Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում գրել է բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Սուխուդյանը, ով արգելոցում ստեղծված խայտառակ վիճակի մասին բարձրաձայնողերից մեկն էր, նշել է, որ Նորիկին տարել են ոստիկանություն առանց ծանուցագրի:
«Ո’չ մի փաստաբան չի եղել նրա կողքին ու հիմա նա պահանջում է փաստաբան իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար: Հակառակ դեպքում սա կդիտվի իրավապահ մարմինների կողմից մեղմ ասած որպես օրենքի կոպիտ խախտում,-գրել է Սուխուդյանը:
Սրիկանե’ր Ձեր ճնշումներն ու գործի թերի կարկատանը հասնելու է Եվրոդատարան: Բացահայտվելու եք թե’ դուք, խղճուկներ, եվ թե Ձեր հետևում կանգնած «բարձր պաշտոնյաները»: Հիշե’ք ձեր քռչոտ մեթոդները անցան, էլ վախի մթնոլորտում պահելով չեք կարող ՃԻՇՏԸ կոծկել: Հանրությունը կանգնելու է արդարության կողքին, պայքարելու է մինչեւ վերջ, հետամուտ է լինելու ճշմարտության բացահայտմանը: Պատժվելու են իրական մեղավորները»:
© Medialab.am
http://www.youtube.com/watch?v=Q4uirZzLxTI