«Սաբոտաժային միտումները, որոշ բժիշկների գաղտնի հակապատվաստումային քարոզը ստեղծել են տեղեկատվական տեռորի մթնոլորտ». Նորայր Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

– Պարոն Նորիկյան, այսօր կորոնավիրուսի 1300-ից ավելի դեպք է գրանցվել, իսկ մահերը հասել են 30-ի: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հանրությանը սթափեցնելու, պատվաստումների ծավալները մեծացնելու համար:

– Այս չարիքի դեմն առնելու և նվազագույն կորուստներով մեր հանրության առողջապահական անվտանգությունը ապահովելուն միտված գործողությունները չեն տվել այն դրական արդյունքը, որովհետև միայն այն հանգամանքը, որ պատվաստման առումով մենք տեղ ենք զբաղվեցնում աշխարհում ամենանվազ պատվաստված պետությունների ցուցակում, խոսում է այն մասին, որ իրավասու մարմինները չեն կարողացել հանրության հետ տանել այնպիսի աշխատանք, որը կապահովեր առողջապահական ապահովման խնդիրը, կարանտինային որոշումների անվերապահ կատարումը:

Եթե պարզ ասեմ, գերակշիռ մասը մատների արանքով է նայել այս չարիքին, այն դեպքում, երբ այն ամեն օր մեզնից տասնյակ մարդկանց կյանք է խլում: Ես կարծում եմ, որ կառավարությանը կամ առողջապահության նախարարությանը չհաջողվեց անխոցելի կերպով հանրությանը ներկայացնել պատվաստման դրական կողմերը, չկարողացան ներկայացնել պատվաստման արդյունավետությունը հիմնավորող և վտանգավորությունը բացառող անհերքելի փաստարկներ:

Բացի այդ, սաբոտաժային միտումները, հենց որոշ բժիշկների կողմից գաղտնի կերպով քարոզվող այն մտայնությունը, որ պատվաստումն արդյունավետ չէ, հանրության շրջանում ստեղծել է տեղեկատվական տեռորի մթնոլորտ:

Մարդիկ չգիտեն՝ ո՛ւմ հավատալ՝ առողջապահական ոլորտի մասնագետների՞ն հավատան, տարբեր քաղաքական նպատակներ հետապնդող շրջանակների՞ն հավատան, տարբեր շահարկումներով զբաղվող շրջանակների՞ն հավատան, պետական ինստիտուտների՞ն հավատան: Ես կարծում եմ, որ ամբողջ գործադիր իշխանությունը և իրենց իրավասու մարմինները չկարողացան ճիշտ աշխատել հասարակության հետ, որի արդյունքն էլ սա է:

– Հենց սկզբից ապատեղեկատվական մեծ հոսքերի ականատես եղանք, թե սա սարքած բան է, պատվաստանյութը ստեղծել են մեզ ոչնչացնելու համար, չիպավորելու համար: Ի վերջո, ի՞նչ նպատակով են տարածվում այդ միֆերը: Վարչապետն այսօր հայտարարեց, որ այդ շրջանակների նպատակն այն է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողվի, հետո ասեն՝ այս կառավարության օրոք այսքան մարդ մահացավ:

– Փաշինյանը ոչ թե պետք է հայտարարություններ անի, այլ գործի՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասում: Փաշինյանի կառավարությունը պետք է քիչ խոսի, շատ աշխատի: Հռետորական առումով վարչապետը ճիշտ հարցադրում է անում, ասում է՝ եկել, կառավարությանն ուզում են խանգարե՞լ:

Այո՛, կառավարությանը չպետք է կարողանան խանգարել, կառավարությունն ունի համապատասխան գործիքակազմ, որոնք պետք է կիրառի: Փոխանակ մենք հարցնենք, թե ինչու չեն կիրառվում, ինչու չի ստեղծվում համապատասխան միջավայր, որ պետության օրենքները կատարվեն, ի՞նքն է հարց տալիս: Այստեղ է աբսուրդը:

Այդ մենք պետք է հարցնենք, թե ինչո՛ւ չեն կատարվում օրենքներն ու կառավարության որոշումները: Դրա համար եմ ասում, որ իրավասու մարմինները ձախողվեցին, տապալվեցին, ճիշտ չաշխատեցին հանրության հետ, թույլ տվեցին, որ զանազան շահարկումներ ավելի գերակայող լինեն: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդը չի կողմնորոշվում՝ բժշկի՞ն լսի, մասնագետի՞ն լսի, թե՞ ինչ-որ մեկին, որը քաղաքական շարժառիթներով է առաջնորդվում:

Օրինակ՝ ինձ համար շատ ցանկալի կլիներ, որ մեր հանրությանը հրամցվեն այնպիսի անխոցելի, անհերքելի հիմնավորումներ, որ պատվաստումը կարող է արդյունավետ լինել: Բայց մենք չենք տեսնում այդ աշխատանքը: Առողջապահության նախարարը ոչ թե պետք է մեզ վախեցնի, որ այսօր այսքան մահ ունենք, այդքան մահճակալային ֆոնդ ունենք, որից այսքանը ծանրաբեռնված է, այլ պետք է զեկուցի հանրությանը, որ կատարում ենք այս-այս աշխատանքները, որի արդյունքում այսքան նվազում ունենք: Եթե դուք լավ եք աշխատում, ինչո՞ւ է այսքան վատ արդյունքը:

– Ինչպիսի՞ իրավակիրառ մեխանիզմներ կան, որի արդյունքում պատվաստումները կդառնան համատարած: Այսինքն՝ պատժամիջոցներ պե՞տք է լինեն, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ շատերն ասում են՝ պարտադրելը մարդու իրավունքների խախտում է:

– Քրեական օրենսդրությունը նման բան նախատեսում է. կորոնավիրուսով վարակված անձի կողմից մեկուսացման պայմանները խախտելու դեպքում այլ անձին վարակելը քրեական պատասխանատվություն է ենթադրում: Նախորդ տարի շատ բուռն քննարկումների արդյունքում այդ կարգավորումներն ընդունվեցին:

Մենք իրավական ակտերի խնդիր չունենք, մենք դրա կիրառման խնդիր ունենք, մեր խնդիրը ոչ թե մարդկանց պատժելն է, այլ կրթելը: Մենք պետք է մարդուն կրթենք, բացատրենք, որ սա առաջին հերթին բխում է քո շահերից: Մենք մեր աշխատանքը լավ չենք կատարել, հիմա եկել, քննարկում ենք դրա հետևանքները, որոնք ողբերգական են:

Այո՛, ցանկացած գործընթացում լինելու են շահարկողներ, փորձելու են հարվածել, խփել, խանգարել, քննադատել կառավարությանը, ով էլ այնտեղ նստած լինի: Այն կառավարությունը, որ վախեցավ քննադատությունից, անելիք չունի: Մանդա՞տ եք ստացել՝ աշխատե՛ք, ապահովե՛ք ՀՀ հանրության առողջապահական անվտանգությունը: Մարդիկ պետք է վստահ լինեն, որ ՀՀ-ում իրականացվում է միջոցառում, որն անվտանգ է: Դուք չեք կարողացել ապահովել այդ մտայնությունը:

Ստացվում է, որ շահարկողներն ավելի մեծ ազդեցություն ունեն հանրային տրամադրությունների վրա, քան դուք: Այստեղ է խնդիրը: Փաստորեն, այդ շահարկողների ասածները մարդիկ ավելի շատ են լսում, քան կառավարության:

Նիկոլ Փաշինյանն իրեն հարց չի՞ տալիս, թե այդ ո՞նց է, որ մարդիկ ընտրությունների ժամանակ իրեն ձայն էին տալիս, բայց հիմա ինքը անգամ սեփական ընտանիքի օրինակով է ցույց տալիս, որ պատվաստվել են, ու մեր ժողովուրդը չի պատվաստվում:

Կառավարությունը պարտավոր է ներկայացնել պատվաստման արդյունավետությունը հիմնավորող և վտանգավորությունը բացառող հնարավորինս անհերքելի փաստեր: Պետք է բացատրեն, որ պատվաստումն արդյունավետ է, և վտանգը բացառված է կամ հասցված է զրոյի:

Մանե Հարությունյան

MediaLab.am