«Հայհոյանքը քրեականացնելու մասին օրենքի օգուտը կարող է ավելի քիչ լինել, քան վնասը». Աշոտ Մելիքյան

Յոթերորդ գումարման խորհրդարանի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գևորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած օրենքի նախագծով՝ այսուհետև հայհոյանքը քրեորեն պատժելի արարք է հանդիսանալու։

Նախագծով, որն ընդունվեց միայն խորհրդրանական մեծամասնության քվեարկությամբ, սահմանվում է՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու՝ հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում կիրառել տուգանք ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ)։

Այն դեպքում, երբ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութերը տարածվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ)։

Իսկ եթե նույն արարքը միևնույն անձի նկատմամբ կատարվի պարբերաբար, տուգանքը կկազմի մեկից երեք միլիոն դրամ կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը «Մեդիալաբին» ասում է, որ նախագծում առկա ձևակերպումները, ինչպիսին է օրինակ՝ «ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել»-ը, հստակություն չունեն ու տարընթերցումների և սուբյեկտիվ ընկալման տեղիք են տալիս։

Մելիքյանն ընդգծում է նաև օրենքի նախագծում առկա մեկ այլ խնդրահարույց հանգամանք։

««Եթե այդ արտահայտությունը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցման տեխնոլոգիաներրն օգտագործելով կամ հրապարակայն այլ եղանակներով» նախագծում առկա այս պնդումն ուղղակի վտանգ է լրատվամիջոցների գործունեության համար, որովհետև լրագրողները տասն անգամ պետք է մտածեն՝ արդյոք սուր խոսք կարելի՞ է օգտագործել տվյալ քննադատության մեջ, թե՞ դա կարող է ընկալվել՝ որպես անպարկեշտ եղանակով վիրավորանք»,-ասում է Աշոտ Մելիքյանը։

Մելիքյանին լրջորեն մտահոգում է նաև «հանրային գործունեությամբ պայմանավորված»՝ օրենքի նախագծում առկա միտքը, որը ենթադրում է, որ պաշտոնյաներին, հանրային ծառայողներին ուղղված քննադատությունը կարող է տվյալ անձի համար ընկալվել ծայրահեղ անպարկեշտ վիրավորանք։

«Ի վերջո նույն արտահայտությունը մեկին կարող է թվալ ծայրահեղ անպարկեշտ, իսկ մյուսին՝ ոչ։ Այս սուբյեկտիվ ընկալման հետևանքով՝ կարող են լրացուցիչ խնդիրներ առաջանալ»,- ասում է Մելիքյանը։

Աշոտ Մելիքյանն ընդգծում է, որ եթե այս օրենքը բացառապես հայհոյանքի դեմ պայքարին միտված լիներ՝ իրենք որևէ առարկություն չէին ունենա, բայց այս օրեննքի նախագծով, ըստ նրա, իշխանականնները փորձում են լրացուցիչ պաշտպանվածություն ապահովել հանրայն գործունեությամբ զբաղվողներին՝ մեղմել նրանց հասցեին հնչող քննադատությունները։

Որ հայհոյախոսության դեմ պետք էր պայքարել դեռ վաղուց, Մելիքյանը վստահ է, բայց, որ այս օրենքը կդառնա այդ պայքարի միջոցը՝ վստահությունը մեծ չէ, այնուամենայնիվ նա հույս ունի, որ որոշակի դրական ազդեցություն կունենա։

«Սրա արդյունավետությունը շատ ավելի քիչ է լինելու, քան ակնկալվում է հեղինակների կողմից։ Այս օրենքի օգուտը կարող է ավելի քիչ լինել, քան վնասը։ Որպեսզի այն ավելի արդյունավետ լիներ, պետք է պահանջներն ավելի հստակ լինեին և ընդգծված երևար, որ խոսքը դիտավորությամբ հայհոյանքներ հասցեագրելու, մարդուն դիտավորությամբ վիրավորելու և դրանից բացի այլ նպատակ չհետապնդելու մասին է։ Սա պետք է իրավաբանորեն հստակ ձևակերպել և ամենևին կարիք չկար լրացուցիչ պաշտպանության տակ առնել հանրային գործունեությամբ զբաղվող մարդկանց»,- ասում է Աշոտ Մելիքյանը։

Եթե այս օրենքը ավելի վաղ գործեր, հնարավո՞ր էր խուսափել Սյունիքում հայտնի միջադեպից, երբ Նիկոլ Փաշինյանին հայհոյանքներով էին դիմավորել բոողքի ակցիայի մասնակիցները հարցին, Մելիքյանը հստակ պատասխանել դժվարանում է՝ ընդգծելով՝ այդ ժամանակ մարդկանց հոգեվիճակն այնպիսին էր, որ դժվար օրենքին նայեին, ինչպես չնայեցին, երբ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ներխուժեցին խորհրդարանի ու կառավարության շենքեր և ջարդուփշուր արեցին գույքը։

Մեդիափորձագետը չի բացառում, որ օրենքի ընդունումից հետո էլ Հայաստանում, ինչպես արտասահմանում է, քաղաքական գործիչը կամ մեկ այլ անձ կհայհոյի նրան, ում ցանկանում է՝ վճարելով սահմանված տուգանքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am