«Դա ծրագրված է, քաղաքականություն է, քանի որ իշխել կարելի է միայն անազատ մարդկանց, ստրուկներին». Տիգրան Խզմալյան

«Դա ծրագրված է, քաղաքականություն է, քանի որ իշխել կարելի է միայն անազատ մարդկանց, ստրուկներին». Տիգրան Խզմալյան
«Դա ծրագրված է, քաղաքականություն է, քանի որ իշխել կարելի է միայն անազատ մարդկանց, ստրուկներին». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

-Պարոն Խզմալյան, օրերս տեղեկացանք, որ Գիտությունների Ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին նվիրված գիտական հոդված է գրել, որը ձոն է՝ նվիրված քաղաքապետին: Սա միակ դեպքը չէ, երբ գովք ենք լսում պաշտոնյաների հասցեին: Ինչի՞ հետևանք է այս քծնանքը: 

-Սա մեր ընդհանուր ազգային ու պետական դեգրադացիայի հետևանք է: Նման բաներն ավելի շատ բնորոշ են Հյուսիսային Կորեայի նման դեգեներատ պետություններին, որոնք հանդիսանում են բռնապետական: Մարդ, ով հավակնում է լինել գիտնական, որևէ նորմալ երկրում իրեն թույլ չէր տա նման հոդված գրել: Այստեղ ոչ թե խնդիրը Տարոն Մարգարյանն է, ոչ թե այդ կինն է, այլ այն իրականությունը, որ դա հնարավոր դարձավ: Այսինքն՝ մեղավորը մթնոլորտն է՝ անտարբերության, քծնանքի, կաշառակերության մթնոլորտը, որը թույլ է տալիս նման ծիծաղելի դեպքեր: Ես սա կհամեմատեմ այն դեպքի հետ, երբ Ֆրոնտիկ անունով ոմն գյուղապետ իր անունով գյուղի փողոցն ու դպրոցն է անվանակոչել, առաջարկում է գյուղը վերանվանել իր անունով: Ես կարծում եմ, որ դրանք նույն հարթության վրա գտնվող դեպքեր են: Բոլոր ժամանակներում մարդիկ նման բաներ անում են, սակայն տարբերությունն այն է, որ արժեքներն են տարբեր: Հայոց պատմությունը Մովսես Խորենացին նվիրել էն Սմբատ Բագրատունուն, բայց մենք դա չենք դիտում որպես քծնանք: Նա ոչ թե Սմբատի գործի մասին է գիրք գրել, այլ գրել է գիրք պետության մասին: Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ 16 դար առաջ՝ 5-րդ դարում մեր ազգն ավելի հասուն էր, իսկ պետականությունն՝ ավելի ամուր, մենք ավելի լուրջ էինք ինքներս մեզ վերաբերում, քան հիմա:
Տարոն Մարգարյանն այսօր բազմաթիվ շքանշաններ է ստանում, թեև ոչ մի վայրկյան չի ծառայել բանակում, չի եղել ճակատում: Այդ ընթացքում իրական հերոսները բանտարկված են: Ահա և մեր երկրի իրավիճակը:

-Միաժամանակ, մենք ականատես ենք լինում դեպքերի, երբ պարգևատրվում ու վաստակավոր գործչի կոչումներ են ստանում մարդիկ, որոնց գործունեությունը որևէ օգուտ չի տալիս հանրությանը: Սա պետք է դիտարկել այս ընդհանուր մթնոլորտի համատեքստո՞ւմ:

-Դա ծրագրված է, քաղաքականություն է, ծրագիր, որն ուղղված է երկիրը փոխելուն, արժեքային փոփոխություն կատարելուն: Իշխել կարելի է միայն անազատ մարդկանց, ստրուկներին: Մարդիկ կարող են միայն ազատ լինել այն դեպքում, եթե կրթված են, գիտակից են, եթե արժանապատվություն ունեն: Եթե մարդկանցից ուզում ես խլել ազատությունը, սկզբում նրանցից խլում ես կրթվածությունը, արժեքային համակարգը, նրանց այլ առ քայլ ստրկացնում ես: Այսինքն՝ 25 տարի շարունակ մարդիկ, որոնք շարունակում են ճորտատիրական քաղաքականությունը և երկրի ներսում՝ հասարակության նկատմամբ, և երկրից դուրս՝ Ռուսաստանի մոտ իրենք հանդիսանալով ճորտ, նրանք ձգտում են երկիրը, մթնոլորտը, ազգային արժեքները, աշխարհընկալումը հարմարեցնել իրենց պատկերացումներին ու ճաշակին: Պաշտոնյաները, պատգամավորները բացեիբաց հայտարարում են, որ՝ մենք միշտ ինչ-որ մեկի լծի տակ ենք եղել, սովոր ենք, որ մեզ իշխեն: Եթե նա սովոր է, որ իրեն իշխեն, և իմ երեխաների անունից է հանդես գալիս, որոնք սովոր չեն, որ իրենց իշխեն, որովհետև իրենք ծնվել են ազատ ու անկախ Հայաստանում, եթե մեր փոխարեն որոշում են, որ մեզ պետք է իշխեն, ուրեմն խուսափելու համար ապստամբությունից, հեղափոխությունից ու իշխանափոխությունից, պետք է հասարակությանը դարձնեն ճորտեր: Պետք է դարձնեն այնպիսին, ինչպիսին  իրենք են, ահա և ամբողջ բացատրությունը:

-Այդ ծրագրի մի մաս է կազմում նաև հասարակությանը  ծացրաճաշակ հաղորդումներ ու սերիալներ մատուցե՞լը: Օրինակ՝ հեռուստատեսությամբ հնդկական սերիալների ցուցադրությունն է ակտիվ այս շրջանում:

-Ես համարում եմ, որ սա հատուկ ծրագիր է: Ես կարծում եմ՝ սա մեր մեղքն է: Օրինակ՝ ԽՍՀՄ ժամանակահատվածում իմ սերնդի մարդիկ, ովքեր հայտնվում էին Մերձբալթյան երկրներում, նրանց նախ և առաջ ապշեցնում էր մարդկանց ընդգծված ազգային արժանապատվությունը: Օրինակ՝ նրանք չէին դիտում ռուսական  հեռուստատեսություն, գրեթե չէին խոսում ռուսերեն, գիտեին, բայց չէին խոսում: Նրանք ընդգծված կարևորում էին իրենց լեզուն, ազգային մշակույթը, հնարավորության դեպքում չէին գնում սովետական ապրանքներ: Դա այն ժամանակ դիտվում էր տարօրինակ: Հետո որոշ ժամանակ անց մենք նույնը տեսանք Վրաստանում: Եվ հիմա կարելի է համեմատել, թե որտեղ են Մերձբալթյան երկրներն ու մեր հարևան Վրաստանը և որտեղ ենք մենք: Հայաստանում խմում են ռուսական օղի, դիտում ռուսական հաղորդումներ, անգամ խաշ ուտելը, որը հայկական ծես է, դառնում է ռուս-հայկական «բարեկամության» ցուցադրություն, քանի որ սեղանին հայտնվում է ռուսական օղի: Հայաստանում նույն իրավիճակն է, որը առկա է Ռուսաստանում, այնտեղ են նման բաներ անում, երդվում են Պուտինի անունով, ուզում են Պուտինից հղիանալ: Այսինքն՝ մարդու պաշտանմունքը դառնում է պետական քաղաքակություն: Եվ ահա այստեղ կապիկների պես կրկնում են դա, և դա արտացոլվում է նաև մանր մակարդակներում, գյուղապետից սկսած մինչև ավելի բարձր պաշտոնյաներ: Դա նույն  մոդելն է, որը Ռուսաստանն է դնում իրի տարածքներում, մենք դրանով ռուսականացվում ենք, որովհետև դա հայերին խորթ ու օտար է: Ես կրկնում եմ՝ մենք ունենք չափանիշ, հիշենք Մովսես Խորենացու գիրքը, որը նվիրված էր Սմբատ Բագրատունուն: Դրանով ամեն ինչ ասված է, 5-րդ  դարում մենք ավելի արժանապատիվ ազգ էինք ու ավելի հասուն պետականություն ունեինք, քան 21-րդ դարում:

Էմմա Մանուկյան

MediaLab.am