Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը փոխադարձ կոմպրոմատների միջոցով փորձում են ինչ-որ կարմիր գծեր պահել. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցն ինչո՞վ էր բացառիկ, ինչպես ինքն էր հայտարարել:

– Հարցազրույցը բացառիկ էր այն իմաստով, որ ոչ մի բանի մասին էր. Արայիկ Հարությունյանը, ըստ էության, խոսեց ամեն ինչի մասին, բայց երևի Նիկոլ Փաշինյանից է սովորել՝ ստեղծված իրավիճակը վերլուծել, ներկայացնել՝ առանց լուծումներ առաջարկելու: 

Հարությունյանը երկչոտ փորձեր արեց Նիկոլ Փաշինյանին հակադրվելու, երբ խոսում էր Լաչինի միջանցքի նոր երթուղու համաձայնեցման մասին: Նա ակնհայտորեն հասկացրեց, որ դա Հայաստանի իշխանության գիտությամբ է տեղի ունեցել, և երկրորդը՝ ըստ էության պատասխանեց Նիկոլ Փաշինյանի հայտնի շահարկումներին Ղարաբաղին տրամադրվող օգնության մասին: Եթե այս երկու դրվագը հանենք, մնացածը միջին կարգի, բավականին թույլ վերլուծական էր, որը ստեղծվել է Ղարաբաղի շուրջ: 

– Իսկ ինչո՞ւ է Հարությունյանը հասկացնում՝ ինչպես ասում եք, այլ ոչ թե ուղիղ ասում, որ Լաչինի ճանապարհի փոփոխությունը համաձայնեցված է եղել:

– Արայիկ Հարությունյանը գտնվում է թերևս ամենաբարդ վիճակում. մի կողմից հասկանում է, որ Արցախի ժողովուրդն այն վիճակում է, որ կարող է շատերին շատ բան չներել, ցասում ու դժգոհություն կա, մյուս կողմից՝ վախենում է, որովհետև, ամենայն հավանականությամբ, Փաշինյանը նրա բիզնեսների մասին ինչ-որ ինֆորմացիա-կոմպրոմատներ ունի, որոնք, կասկած չունենք, չէ՞, որ եթե Փաշինյանը շատ նեղն ընկնի՝ կհրապարակի: Այսինքն՝ կարելի է ասել, որ Փաշինյանն ու Հարությունյանը փոխադարձ կոմպրոմատների միջոցով փորձում են ինչ-որ կարմիր գծեր պահել: 

– Ու այդ արանքում պետության շահը որտե՞ղ է մնում, որովհետև, ինչպես դուք էլ նշեցիք, լուծումներ չեն առաջարկվում:

– Արայիկ Հարությունյանը, այնուամենայնիվ, հարկադրված է ավելի շատ ընդառաջ քայլեր անել իր հասարակությանը, որովհետև մանևրի դաշտ էլ չունի, գնալու տեղ էլ չունի, ու ստիպված է, ըստ էության, առաջնորդվել հանրային պատվերով: 

Նրա կերպարի հակասականությունը հենց այստեղ է. մի կողմից նա ցանկանում է ազատվել պատասխանատվությունից, մյուս կողմից՝ հասկանում է, որ չի կարող հանրային հոսանքին դեմ գնալ: Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան ամբողջ ընթացքում՝ շուրջ երեք տարի, պետական, քաղաքական բոլոր օրակարգերը մոռացել է: Նա մտածում է երկու բանի մասին. անել ամեն ինչ, որպեսզի խուսափի պատերազմի ու դրա պարտության պատասխանատվությունից, ու անել ամեն ինչ՝ իշխանությունը հնարավորինս երկարաձգելու համար: Սա արդեն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ ՔՊ-ի ամենամոլի երկրպագուները սկսել են չհերքել դա:

– Պարո՛ն Սուրենյանց, այդ ամենի համատեքստում Արցախն այս վիճակով ո՞ւր է հասնելու, ըստ էության, Արցախի քաղաքական էլիտան՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, հստակ ճանապարհային քարտեզ չի առաջարկում, նույնը կարելի է ասել Հայաստանի քաղաքական էլիտայի մասին:

– Եթե խոսում ենք Արցախի էլիտայի մասին, հանուն արդարության պետք է նկատի ունենանք, որ նրանցից շատ քիչ բան է կախված. նրանք ընդամենը պետք է սահմանեն մի օրակարգ, որով պատրաստ կլինեն Բաքվի հետ հնարավոր երկխոսության, այն էլ՝ միջնորդների ներկայությամբ: Սա է այն քիչ բանը, որ նրանք կարող են անել: Նրանք բանակցային կողմ չեն ու չեն էլ կարող միջազգային դերակատարների վրա ազդեցություն ունենալ: 

Գանք Հայաստանին. Ղարաբաղի հարցում Հայաստանն իր ճակատագրական ընտրությունը կատարել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Ադրբեջանից փաստաթղթային երաշխիքներ պահանջելու ԼՂ-ի ու նրա ժողովրդի անվտանգության համար: 

Սրանից հետո Նիկոլ Փաշինյանը որդեգրել է մի շատ պարզ քաղաքականություն, ինչը վերից վար ապիկար ու չհիմնավորված քաղաքականություն է: Դրա հիմքում այն է, որ եթե փուռը տանք Արցախը, հնարավոր կլինի փրկել Հայաստանը: Հիմա տեսնում ենք, որ ասում է՝ մանդատ չունեմ Ղարաբաղի անունից խոսելու, ինչը անբարո մոտեցում է, որովհետև երբ խոսքը զիջումների մասին է, նա լիարժեք մանդատով Արցախի անունից ու Արցախի հաշվին զիջումներ անում է, իսկ երբ հարցը հասնում է իրավունքների ու անվտանգության ապահովմանը, ամեն ինչ փորձում է կա՛մ ռուսների գրպանում տեղավորել, կա՛մ վերագրել միջազգային հանրության անզորությանը, կամ էլ ասել՝ մանդատ չունեմ: 

Արցախի շուրջ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, երկընտրանքի առաջ ենք կանգնած. կա՛մ հայկական դիվանագիտությունը մաքսիմում ջանքեր պետք է գործադրի նոյեմբերի 9-ի ռեժիմը վերականգնելու համար, որովհետև դա ինչքան էլ անբարենպաստ լինի Հայաստանի ու ԼՂ-ի համար, միևնույն է, որոշակի սուբյեկտության ու անվտանգային երաշխիքներ ապահովում էր ԼՂ-ի համար, կա՛մ, ցավոք սրտի, Արցախի գլխին կախվելու է հայաթափության հեռանկարը, ու այդ պարագայում ճիշտ կլինի մտածել արցախահայության անվտանգության մասին, որովհետև մենք տեսնում ենք, որ միջազգային դերակատարները հայտարարություններից անդին հասցեագրված որոշակի գործողությունների չեն դիմելու, ու կարծես թե կա լռելյայն կոնսենսուս Արցախն ինտեգրելու Բաքվի «օրակարգի» շուրջ: 

– Իսկ պաշտոնական Մոսկվան համաձա՞յն է, որ նոյեմբերի 9-ի ռեժիմը վերականգնվի:

– Այդ հարցի պատասխանը որևէ ընդդիմադիր գործիչ ունենալ չի կարող, որովհետև կան բանակցային նրբություններ փակ դռների հետևում, որոնց մենք չենք տիրապետում: Այսինքն՝ քանի դեռ մենք չունենք արդյունավետ իշխանություն, չենք կարող իմանալ, թե այս վիճակի համար մեր իշխանության մեղքի բաժինն ինչքա՛ն է, ու որտե՛ղ է ռուսականինը: 

Քանի որ մենք չունենք բարեխիղճ իշխանություն, չենք կարող ասել՝ ռուսներն այսպես են անում, որովհետև դա իրենց շահերի՞ց է բխում, թե՞ այսպես են անում, որովհետև նաև Հայաստանի իշխանությանը պատժելու խնդիր ունեն: Կան բանակցային նրբություններ, որոնց մենք չենք տիրապետում, հետևաբար շատ դժվար է հիմա ձեր շատ օբյեկտիվ ու լեգիտիմ հարցին միանշանակ պատասխանել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am