«Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան դեֆորմացված եւ այլանդակ չեն եղել». Ըստ վերլուծաբանների, Գյումրու ողբերգությունը խորը հետք կթողնի

«Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան դեֆորմացված եւ այլանդակ չեն եղել». Ըստ վերլուծաբանների, Գյումրու ողբերգությունը խորը հետք կթողնի
«Հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան դեֆորմացված եւ այլանդակ չեն եղել». Ըստ վերլուծաբանների, Գյումրու ողբերգությունը խորը հետք կթողնի

Անցած դեկտեմբերին ՌԴ նախագահին ծածանվող դրոշներով եւ մեծ հանդիսավորոսւթյամբ ընդունած Գյումրիում մեկ տարի անց հակառուսական տրամադրությունները եւ լարվածությունը կիզակետին հասան` քաղաքում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող  Վալերի Պերմյակովի գործած դաժան ոճրագործությունից հետո, որին զոհ գնաց Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքը: 

Սպանության մոտիվները եւ բազմաթիվ հարցեր դեռեւս անպատասխան են, մինչ մեղքը խոստովանած Պերմյակովը շարունակում է ռուսական կողմի մոտ մնալ` առաջ բերելով հասարակության ցասումը, որոնք պահանջում են ՀՀ Սահմանադրության համաձայն հանցագործին հայկական կողմին հանձնել եւ համարժեք արդարադատություն իրականացնել:

«Իրականում Ռուսաստանը իրեն տվել է այնքան ազատություն, որքան ստացել են Հայաստանի իշխանություններից,- «Մեդիալաբին» ասում է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանը,-Եթե Ռուսաստանը չի փորձում կոծկել հանցագործությունը, ապա սեփական ոճրագործին տեր կանգնելու, եւ իր գերակայություն ցույց տալու նպատակ է հետապնդում: Սա նշանակում է, Ռուսաստանը հարվածում է իր դաշնակցին` Հայաստանին, թիկունքից դաշույն խրելով»: 

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հավելում է` «երբեք հայ-ռուսական հարաբերությունները այսքան դեֆորմացված եւ այլանդակ չեն եղել»:

Նա նշում է, որ վեջին զարգացումները  չափազանց մեծ հարված հասցրեցին Ռուսաստանի վարկանիշին Հայաստանում:

«Այս տրոյական ձին, որ բերել կապել ենք մեր դռանը, մեզ կենաց մահու դռան է բերել հասցրել բոլոր առումներով. քաղաքական տնտեսական անվտանգության, ներքին քաղաքական համակարգային հարաբերությունների առումով,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը,-եւ այդ հարաբերությունները շուտափույթ վերանայման կարիք ունեն: Կանխագուշակումներ չեմ անի, բայց այսօր տեսնում հանրային բարձր գիտակցում»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ Ռուսաստանի կողմից պատանդված իշխանությունների անողնաշար պահվածքի հետեւանքով պայքարը արդարության համար դուրս է եկել փողոց, քանի որ իշխանությունները անգործության են մատնված:

«Գյումրիում մարդիկ շատ զգացմունքային վիճակում են,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը,- Սա պայքար է սեփական անվտանգության համար: Սա այն դեպքն է, երբ ամեն մեկը վտանգված է զգում իր իսկ տանը, իր իսկ երկրում: Երբ  չկա անվտանգությունը ապահովող իշխանութունների պահվածք, ընդվզումը ավելի է մեծանում»: 

Սաքունցը հիշեցնում է Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ  Սաֆարովի դեպքը, երբ վերջինիս էքստրադիցիան Բաքու ոչ միայն արժանացավ հայկական կողմի բողոքի նոտային, այլեւ հետ կանչվեց Բուդաբեշտում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը, խզվեցին դիվանագիտական կապերն այդ երկրի հետ: Իսկ Գյումրիում դեպքերից հետո, իշխանությունները օրեր շարունակ լռություն էին պահպանում, քանի որ ըստ Սաքունցի  գտնվում են կամակատարի կարգավիճակում:

 «ՀՀ իշխանությունները պետք է պաշտպանեին իրենց քաղաքացու շահերը, կանգնեին քաղաքացու կողքին, սակայն այսօր շատ խղճուկ, վախվորած վիճակում են հայտնվել, -նշում է նա,- եւ այս դեպքում էլ շարունակելու են ինչպես միշտ միայն ուժի եւ ճնշումների տեսանկյունից խոսել, ինչը մեծացնելու է լարվածությունը: Ողջ պատասխանատվությունը նման պահվածքի դեպքում, իշխանությունների խղճին է»:

Սակայն, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անցած հինգշաբթի կայացած  Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո հանդարտության կոչ անելով, հայտարարել է, թե «թշնամիներ փնտրել պետք չէ»:

«Կոչ եմ անում հանդարտության, հանգստության, ողբերգությունը եղել է, և դրա վրա թշնամիներ փնտրել պետք չէ մեր երկրում, այս ամենը ժողովրդի շահերից չի բխում»,- Tert.am-ի հաղորդմամբ ասել է նա` նշելով, թե հուզականության չափաքանակի ավելացումը որևէ օգուտ չի տա գործին»:

Երեւանի բնակիչ, մասնագիտությամբ ինժիներ 65 ամյա Հրանտ Համբարձումյանն ասում է, որ հանգտության ու հանդարտության մասին խոսելու ժամանակն անցել է: Նա նշում է, որ ԵՏՄ մտնելու ճանապարհին իշխանությունները բազմիցս շեշտում էին, որ այդ քայլին գնում են անվտանգության նկառատումներով:  

«Սա՞ է իշխանությունների խոստացած անվտանգությունը, երբ տանդ քնած ընտանիքդ հրի են քաշում,- «Մեդիալաբին» ասում է նա,-ռազմաբազայի զինվորին, որին մեր բյուջեից, մեր գումարներով աջակցություն ենք ցույց տալիս, նման կերպ է պատասխանում մեր վերաբերմունքի՞ ն: Ու մարդիկ պիտի սուս ու փուս, հանդրատ նստեն իրենց տա՞նը, երբ իշխանությունները ձկան նման բերանները ջուր առած նստած են»:

Գյումրու 50 հա տարածքը, որտեղ 1997-ից տեղակայված է ռուսական 102-րդ բազան, Հայաստանը Ռուսաստանին տրամադրել է անհատույց` 46 տարի ժամկետով: Հետաքրքիր է, որ առանց որեւէ ծանրակշիռ բացատրության, Հայաստանը, ուր պաշտոնապես աղքատ է համարվում բնակչության մեկ երրորդը, մասամբ  հոգում է ռուսական բազայի ծախսերը, այն դեպքում, երբ Ռուսաստանը այլ երկրներում տեղակայված  իր բազաների համար հսկայական գումարներ է վճարում:

Տարվա կտրվածքով, կառավարության որոշմամբ բազային հատկացվող օժանդակությունը ավելի քան 80 միլիոն դրամ է կազմում:

Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ այսօր Ռուսաստանը ցույց է տալիս, որ ինչ ուզում է կանի, խոսում է այն լեզվով, ինչպես գործում է աշխարհում` առանց դաշնակից լինելու փաստը հաշվի առնելու: Նա նշում է, որ ողբերգությունը շատ լուրջ բան է կոտրել մարդկանց ներսում:

«Այս ամենը խորը նստվածք է տալու, այս միջադեպը հրդեհի, պայթունի է տանելու»,-նշում է Սաֆարյանը:

© Medialab.am