Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությանը. տեսանյութ

Այսօր Վանաձորում նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության թեկնածու Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի երեկ հրապարակած ձայնագրությանը.

«Հանրությունը մի փոքր տարակուսած է, նրանք հարց են տալիս՝ հիմա այս ձայնագրությունով Սերժ Սարգսյանը ուզում էր վնաս տալ Փաշինյանի՞ն, թե՞ օգուտ: Հարցը շատ լեգիտիմ է: Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին և ամբողջությամբ հիմնավորում է մեր այն դիրքորոշումները, որ վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներից արել ենք:

2018-ի մայիսին Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը ես ժառանգել եմ դեֆորմացված վիճակում: Ո՞րն է եղել ամենակարևոր պրոբլեմը այդ պահի դրությամբ, եղել է այն, որ միջնորդները ըստ էության հետագա զարգացումների ու կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը:

Բայց կարևոր է արձանագրել, որ դա 2018-ին տեղի չի ունեցել, այլ՝ շատ ավելի վաղ:

2016-2018 թվականին ձևակերպվեց տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը, և մենք 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել ենք մի իրավիճակում, երբ սեղանի վրա է դրված եղել տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը: Միջազգային հանրությունը մեր առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց»:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում