Այսօր հայ զինվորն է ամեն ինչ որոշողը եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշվարկների իրականացման խոչընդոտողը. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Հայաստանի ՊՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ զինված  ուժերի ՍՈւ-25 գրոհիչը։ Ի՞նչ է սա նշանակում, Թուրքիան արդեն գործողություննե՞ր է իրականացնում Հայաստանի տարածքում։

– Թուրքիան լկտիանում է և Հայաստանի տարածքում գործողություն է իրականացնում։ Այս պայմաններում մեր կողմից պետք է գործողություններ լինեն։

Մասնավորապես, մենք պետք է դիմենք ՀԱՊԿ-ին, որովհետև ինչի՞ համար է ՀԱՊԿ-ը։ Պետք է դիմել մեր ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանին, որովհետև դա տեղի է ունեցել Հայաստանի տարածքի վրա, Հայաստանի օդում է այդպիսի գործողություն տեղի ունեցել։ Ռուսաստանն էլ պարտավոր է մեզ պաշտպանել։ Պետք է նաև դիմել միջազգային ատյաններ։

Մասնավորապես, այսօր երեկոյան պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստը։ Չգիտեմ՝ Հայաստանը հրավիրվա՞ծ է մասնակցելու, թե՞ ոչ, բայց ամեն դեպքում Հայաստանը պետք է ներկայացնի այնտեղ այն, ինչ տեղի է ունեցել։

– Այս կռվում Թուրքիայի նպատակը ու նկրտումը ո՞րն է։

– Թուրքիան հրահրում է Ադրբեջանին և ոչ միայն հրահրում է, այլ ինքն էլ Ադրբեջանի պես մասնակցում է այս ռազմական գործողություններին։ Ո՞րն է Թուրքիայի նպատակը։

Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, Թուրքիայի նպատակը տարածաշրջանը՝ Հարավային Կովկասը, Թուրքիայի գերհսկողության տակ գտնվող տարածք դարձնելն է, Թուրքիայի գերիշխանությունն այս տարածքում հաստատելն ու համապատասխանաբար Ռուսաստանին դուրս մղելն է։

Ռուսաստանն այստեղ կորցրել է դաշնակիցներին, դաշնակիցներ չունի, բացի Հայաստանից, և հիմա հարվածն էլ հասցվում է Հայաստանին։

Բացի դրանից, Թուրքիայի նպատակն այս տարածաշրջանում ավելի մեծ է՝ տարածաշրջանն ընդհանրապես իր ուզած ձևով փոփոխության ենթարկելը։ Սա կա, և նաև ես համոզված եմ, որ Թուրքիան նպատակ ունի փոխել բանակցային գործընթացի ձևաչափը։

Եթե մինչ այդ Մինսկի խմբի համանախագահներն էին հանդես գալիս որպես միջնորդ, Թուրքիան ամեն ինչ անում էր, որ մենք զրկվենք Մինսկի խմբի համանախագահներից։

Եվ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում, Թուրքիան, Ադրբեջանը նույնպես դա չի թաքցնում, նպատակ ունեն հրաժարվել Մինսկի խմբի բանակցային գործընթացից, բանակցային նոր ձևաչափ ստեղծել, որում Թուրքիան առաջնային դիրք կունենա՝ որպես միջնորդ։ Այսինքն՝ սա էլ է խնդիր, որը Թուրքիան դրել է իր առաջ։

– Ռուսաստանի արձագանքն ինչպե՞ս եք գնահատում այս անգամ։

– Ես կարծում եմ, որ այս անգամ Ռուսաստանի դիրքորոշումը չափից ավելի պասիվ է։ Ես սա բացատրում եմ նրանով, որ Թուրքիայի կողմից այս ագրեսիան կազմակերպելու պահը լավ հաշվարկված է եղել։

Ռուսաստանն այն վիճակում է, որ գտնվում է բավական մեծ ճնշման ներքո՝ և՛ Նավալնիի գործի, և՛ Բելառուսի հետ կապված։ Բացի դրանից, Ռուսաստանը շահագրգռված է Թուրքիայի հետ ունենալ դաշնակցային հարաբերություններ։

Ռուսաստանի համար Թուրքիան կարևոր է Բոսֆորի և Դարդանելի նեղուցների առումով, որովհետև Ռուսաստանն իր զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայում է Սիրիայում, մեծ քանակությամբ նավեր է ուղարկում Բոսֆոր և Դարդանել։

Այսինքն՝ Ռոսւաստանի վրա արդեն իսկ ճնշում կա, ինչպես նշեցի։ Ռուսաստանը որոշակի կախվածություն ունի Թուրքիայից։ Եվ դրա համար Ռուսաստանն այս անգամ ավելի պասիվ է, քան մենք կարող էինք հույս ունենալ։

– Գերտերությունները միայն կարծես կոչեր են անում այս փուլում՝ դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Այս պայմաններում կա՞ բանակցային սեղանի շուրջ նստելու հնարավորություն։ 

– Այդ կոչերը կշարունակվեն, այստեղ լուրջ ակնկալիքներ չպետք է ունենալ։ Ի վերջո, եթե այդ ամենին լուրջ մոտենանք, այս հարցում որոշիչը Արցախի պաշտպանության բանակն է, Հայաստանի զինված ուժերն են, որոնք իրենք են ամեն ինչ որոշում։

Մեր զինվորն է, որ իր կյանքի գնով ոչ միայն պաշտպանում է մեր հայրենիքը, այլ նաև խոչընդոտում է Թուրքիայի այս աշխարհաքաղաքական հաշվարկների իրականացումը։ Այսօր մեր հայ զինվորն է ամեն ինչ որոշում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am