«Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ». Գալյա Նովենց

«Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ». Գալյա Նովենց
«Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ». Գալյա Նովենց

Սիրված եւ ականավոր դերասանուհի Գալյա Նովենցի մահը տխրեցրեց շատերին, որոնք անկեղծորեն սիրում են նրան, հիանում նրա արվեստով:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 22-ին, 75 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից  կյանքից հեռացել է Գալյա Նովենցը:
Վերջին տարիներին, նա տարվա մեծ մասը հիմնականում ապրում էր ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելոսում, իր հանգուցյալ որդու՝ դերասան Ստեփան Ղազանչյանի ընտանիքի հետ, ժամանակ առ ժամանակ վերադառնում Երեւան:
Ինչպես գրել է «Ավանգարդը», ապրելով ԱՄՆ-ում` դերասանուհին «սրտով» Հայաստանում է եղել:
«Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ,-ըստ թերթի ասել է Նովենցը:

Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ: Հայրենիքը մնում է հայրենիք` չնայած իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին: Ես քայլում եմ Երևանի փողոցներով և զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է: Օտարությունը սոսկալի ցավ է:

Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով և բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել:

Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը: Ես ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը:

Դա մի վերաշնորհ պարգև է, որի գինն օտարության մեջ ես հասկանում…»

Ինչպես «Ավանգարդում» գրել է Լեւոն Մութաֆյանը, Գալյա Նովենցին ճշմարիտ ժողովրդականություն ու մեծ ճանաչում բերեցին ֆիլմերը.

«Նա հայկական կինոյի ամենից շատ նկարահանված դերասանուհին է, 20-րդ դարի ազգային կինեմատոգրաֆի այն մեծություններից մեկը, ով հաստատեց հայի կերպարի նոր ըմբռնումներ, փոխեց կինոյում ձևավորված պատկերացումները հայ կնոջ մասին:

«Բարև, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ուր էիր, մարդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմեր Գալյա Նովենցին հնարավորություն տվեցին լիովին բացահայտելու իր յուրահատուկ դերասանական նկարագիրը: «Մեր մանկության տանգոն» ֆիլմը Գալյա Նովենցի «աստեղային ժամը» եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով, նրան հայկական կինոյի Աննա Մանյանի կոչել»,-գրել է Մութաֆյանը:

© Medialab.am