Եթե Արցախում Սահմանադրությունը չի գործում, թող հայտարարեն, որ ստեղծվում է գեներալ նահանգապետություն․ Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է արցախցի քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը

– Պարո՛ն Աթանեսյան, երեկ Արցախի երկու կուսակցություն՝ Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարությունը» և ՀՅԴ-ն, հայտարարություն տարածեցին, որում նշել էին, թե Արցախի նախագահը խախտում է պայմանավորվածությունները։ Դուք հետևում եք արցախյան քաղաքական կյանքին, ի՞նչ իրավիճակ է այնտեղ։

– Գիտեք՝ ես տեղյակ չեմ, թե երկրի նախագահն ինչ պայմանավորվածություն ունի կուսակցությունների հետ։ Ես մանրամասներին ծանոթ չեմ։ 

– Հայտարարության մեջ խոսվում էր, որ խոստացված համաձայնության կառավարությունը չի ձևավորվում․․․

– Ես ընդհանրապես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում համաձայնության կառավարություն, ինչ է նշանակում կոալիցիա Արցախում։ Եթե Արցախում Սահմանադրությունը գործում է, ապա դրա հիման վրա կառավարության կառուցվածքը հաստատում է նախագահը և կառավարության անդամներին նշանակում է նախագահը։

Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ինչ-որ հավելված կամ բանավոր պայմանավորվածություն կա, որ Արցախում Սահմանադրություն չպետք է գործի, թող այդ մասին բաց հայտարարեն։

Պետության ղեկավարը Արցախի Սահմանադրությամբ Արցախի նախագահն է, անձի մասին չէ խոսքը, ճիշտ հասկացեք, այլ՝ ինստիտուտի։ Վաղը կարող է գործող նախագահը հրաժարական տալ։

Նոր նախագահի՞ն էլ են ասելու՝ եթե ինձ չես նշանակում, ենթադրենք՝ կրթության, գիտության նախարար, ես համարում եմ, որ պայմանավորվածությունը խախտվել է։ Դա ի՞նչ վերաբերմունք է։ 

– Աթոռակռվի նման բա՞ն է ստացվում։

– Ուղղակի այդ կուսակցությունների վարքը ինձ համար անհասկանալի է։ Այսինքն՝ այն, ինչին չեն հասել ընտրությունների միջոցով, հիմա ուզում են դրան հասնել պատերազմում պարտությա՞ն միջոցով։

Այդ կուսակցությունները պետք է վայր դնեն իրենց մանդատները, որովհետև այդ կուսակցությունները քարոզարշավի մեջ էին մտել ազատ, անկախ, միացալ հայրենիք ունենալու կարգախոսով։

Ոչ միայն փաստացի չի պահպանվել եղած հայրենիքը, այլև սարսափելի կորուստներ ենք կրել։ Այդ կուսակցությունները իրենց պատասխանատու չե՞ն համարում կատարվածի համար։

Հաղթանակի, հաջողության, Շուշիում ինաուգուրացիայի խնջույքի ժամին նախագահի հետ քեֆ-ուրախություն անեն, իսկ պարտությունից հետո պատասխանատվությունը բարդեն մի մարդու վրա՞։ Այն էլ նման տգեղ ձևով, պաշտոնակռվի միջոցով։

– Պարո՛ն Աթանեսյան, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մի քանի հարցեր է առաջացրել, մասնավորապես՝ փորձագիտական շրջանակները կարծիք են հայտնել, որ փորձ է արվում ռազմական դիկտատուրա ստեղծել Արցախում։ Դուք նման տպավորություն ունե՞ք։

– Ես արդեն ասացի՝ եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ կա հավելված, որով Արցախում սահմանադրական իշխանությունը լուծարվի և ստեղծվի գեներալ նահանգապետություն, թող այդ մասին պաշտոնապես հայտարարեն, որ մարդիկ իրենց անելիքն իմանան։

Ով կհամաձայնի ռազմաոստիկանական դիկտատուրայի պայմաններում ապրել Արցախում՝ կապրի, ով չի համաձայնի՝ կարտագաղթի ցիվիլ, քաղաքակիրթ երկիր, և իր իրավունքներն ու ազատությունները հարգված կլինեն։

Ի՞նչ է նշանակում՝ պետք է վերահսկել մարդկանց անձնական գրառումները Ֆեյսբուքում։ Եթե ինքը չի կարողանում Ֆեյսբուքում աշխատել, թող մյուսների վրա արգելանք չդնի։

Եթե հեղափոխություն է, թող սկսեն պատերազմի ժամանակ հարստացած գեներալներին ունեզրկելուց։ Այ դրան ժողովուրդը կհավատա։

Թող ունեզրկեն ու ստեղծեն Արցախի վերածննդի տնտեսական հիմնադրամ, ոչ թե մարդկանց հետապնդեն, մի բաժակ գինի խմելու համար մեղադրեն, ասեն՝ ալկոհոլիկներին արտաքսում են Արցախից։

– Նաև Հայաստանի մասին գնահատականներ հնչեցին ԱԽ քարտուղարի հարցազրույցի ժամանակ։ Շատերը դրանք անջատողական գնահատեցին։ Դա ի՞նչ կարող է նշանակել ըստ ձեզ, պարո՛ն Աթանեսյան։

– Դա նշանակում է այն, որ պարզ ասվում է՝ Հայաստանը այսուհետև չի կարող լինել Արցախի անվտանգության երաշխավոր, և հիմա անվտանգության այլ երաշխիքներ են պետք։ Ես չգիտեմ՝ այդ մեխանիզմը որքանո՛վ կաշխատի։ 

– Ընդհանուր առմամբ, քաղաքական ի՞նչ կանխատեսումներ ունեք, ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները։

– Ես չեմ սիրում կանխատեսումներ անել, ես ուղղակի գտնում եմ, որ Արցախում պետական և հանրային կյանքը պետք է վերադառնա սահմանադրական հուն։

Էլի եմ ասում՝ եթե Սահմանադրությունը չի գործում, թող հայտարարեն, պառլամենտը լուծարեն, եթե նախագահի ինստիտուտը չի գործում, ապա ո՞ւմ է պետք Արցախի խորհրդարանը, ի՞նչ է անելու, 33 հոգի ամիսը 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ահագին գումար կտնտեսեն, մի գյուղ կվերականգնեն այդ միջոցների հաշվին։

Եթե մարդը ազատություններ չունի, ո՞ւմ է պետք Մարդու իրավունքների պաշտպանը, ո՞ւմ է պետք Վերահսկիչ պալատը, եթե բոլոր որոշումները մի մարդ է ընդունելու, ո՞ւմ են պետք շրջանային վարչակազմերի ղեկավարները, ահռելի միջոցներ են ծախսվում, թող ամեն տեղ նշանակեն զինվորական պարետ, որը կկարգավորի բոլոր հարցերը։

– Ըստ ձեզ՝ Արցախը վերակողմնորոշվում է դեպի Ռուսաստա՞ն։

– Գիտեք, այդ հարցը ուղղեք Հայաստանի վարչապետին։ Նորից եմ ասում՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ունի՞ հավելված, որում նշվում է, որ Արցախի պետականությունը պետք է քանդվի, ինքը նման պարտավորություն ստանձնե՞լ է Ադրբեջանի և Ռուսաստանի առջև, եթե այո, թող հայտարարի։ Եթե ոչ, ապա Արցախում սահմանադրական կարգը պետք է լիովին գործի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am