Սերժ Սարգսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների քրեական գործով մեղադրական եզրակացությունը. այն քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ըստ մեղադրանքի Սերգո Կարապետյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սերժ Սարգսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Բարսեղ Բեգլարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սամվել Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Գևորգ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությունը քրեական գործի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ իրենց վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: