Հայկական կողմը շատ լավ գիտի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան, նաև՝ որ այդ կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար Թուրքիայի F-16-երն են այնտեղ: Փաստը հերքողներին անակնկալներ են սպասվում՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով թուրքական կործանիչների ներգրավմանը:
Հովհաննիսյանը նախ նշեց, որ դեռ օգոստոսի 13-14-ին, երբ Թուրքիայի և Ադրբեջանի զորավարժություններն ավարտվել էին, F-16 կործանիչները չհանվեցին Ադրբեջանից՝ մնալով ադրբեջանական օդանավակայաններում: Այս մասով հարցը ՊՆ-ն բարձրացրել է համապատասխան մարմիններին:
Անդրադառնալով Ադրբեջանի ծիծաղելի հայտարարությանը, թե իբր իրենց ռազմաօդային ուժերի կազմում չկա F-16՝ Հովհաննիսյանն ասաց. «Մենք շատ լավ գիտենք, թե իրենց ռազմաօդային ուժերում ինչ կործանիչներ կան: Եվ լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել՝ ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են: Լավ գիտենք, որ F-16-երի հետ վաղուց իրենք աշխատում էին զորավարժություններով: ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների՝ այդ թվում ռադիոտեխնիկական հետախուզական միջոցների»,-ասաց նա:
ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բոլոր նրանց, ովքեր փորձում են լուրջ չվերաբերվել հայկական կողմի պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ռադիոտեխնիկական հետախուզական ապացույցներով:
Նա շեշտեց, որ F-16-երը տարվել էին Ադրբեջան և աշխատում էին: Օրեր առաջ կատարվում էին հետախուզական թռիչքներ, մարտավարական լուծումներ: «Բերվել էին, որովհետև ադրբեջանական օդուժը չէր կարող այդ խնդիրը լուծել, այդ մակարդակը, այդ փորձը չունի, երկրորդը՝ Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր, օրինակ Բայրաքթար և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն ՄԻԳ-29-ի կամ ՍՈՒ-25-ի հետ: Այսինքն՝ օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Եվ հետևաբար պետք էր F-16-ը, որ կարողանար այս համադրումն իրականացնել: Մենք շատ լավ հասկանում ենք, փորձ ունենք, որ F-16-ը օդում է, աշխատում է, Բայրաքթարին է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում: Բորտերով, համարներով շատ լավ գիտենք այդ ամենը, գիտենք, թե ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Մենք շատ լավ գիտենք, որ F-16-ը միայն կարող էր, այդ ժամանակ գտնվելով թեկուզ 60 կմ հեռավորության վրա, համապատասխան բարձրությունից տեսնել ՍՈՒ-25-ին, որովհետև օդաչուներն այդքան փորձ ունեին, գիտեին՝ մարտավարապես ինչպես գային: Ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց այդ պահին այդ տեղում հայտնաբերել, իսկ F-16-ը կարող էր: Եվ շատ լավ գիտենք, որ իր սպառազինության մեջ եղած AIM-120, AMRAAM հրթիռները ի վիճակի են խոցել մինչև 90-100 կմ հեռավորության թիրախ, միայն իրենք են (F-16-երը-խմբ.) ի վիճակի խոցել, ՄԻԳ-29-ի վրա տեղակայված հրթիռներն ի վիճակի չէին այդ տեղանքում այդ պայմաններում այդ հեռավորության վրա խոցել ՍՈՒ-25-ին»,-ասաց Հովհաննիսյանը:
Հայկական կողմը պատրաստ է միջազգային փորձագետներին տրամադրել ապացույցները: Նա չհրապարակեց թիվ, թե քանի հատ F-16 կա Ադրբեջանում, սակայն նշեց, որ դրանք զույգերով կատարում են համապատասխան խնդիրներ: