Հովհաննես Քոչարյանը մեծ ներդրում է ունեցել ոլորտի օրենսդրության բարելավման գործում․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի գրառման միջոցով անդրադարձել է փոխոստաիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականին։

«Պարզապես արձանագրեմ, որ թե նախկին և թե նոր իշխանությունների օրոք Հովհաննես Քոչարյանը մեծագույն ներդրում է ունեցել ոլորտի օրենսդրության բարելավման գործում։

Անցյալ տարի ընտրակաշառքի ամբողջական քրեականացման հիմնական հեղինակն էր գնդապետ Քոչարյանը: Իսկ նախքան հեղափոխությունը նա մարդու իրավունքների առաջմղման հարցում մեր գլխավոր դաշնակիցն էր Ոստիկանությունում:

Եվ իհարկե, բոլորդ գիտեք, որ հենց Հովհաննես Քոչարյանն էր համակարգում ՃԵԿ խախտումների տուգանքների տրամաբանական փոփոխության (իմիջայլոց, տրամաբանությունը շատ խորն է) և բալային համակարգի ներդրման աշխատանքները»,- գրել է Իոաննիսյանը: